«Եվ այսպես, ամիսներ շարունակ բարձրաձայնած միավորման առաջարկը տեղ հասավ ընդդիմությանը։ Գոնե մի մասը հասկացել է դրա կարեւորության մասին։ Առաջարկ է հնչել Սամվել Կարապետյանի կողմից բոլոր թեւերին, բոլոր ընդդիմադիրներին՝ միավորում կազմակերպել»,- ուղիղ եթերում հայտարարել է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորության թեկնածու Նինա Կարապետյանցը։
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ սա չի դառնա հերթական, նեղ շրջանի, յուրայինների խումբ, թիմ, որտեղ մարդիկ նույնանման ցանկություններ ունեն՝ կապված վեկտորի հետ։ Հույս ունեմ, որ մարդիկ զուտ դրա համար չեն հավաքվի, որովհետեւ մենք հիմա իսկապես կարիք ունենք մեծ փոփոխությունների։ Եվ ես կարծում եմ, որ հնարավորության դուռը դեռ փակված չի, Նիկոլ Փաշինյանը դեռ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծելու, որպեսզի մեր հասարակությունը հասկանա, թե ինչ դժոխքի առաջ ենք մենք կանգնելու։ Եվ հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի գործողությունները, գործունեությունը կանխարգելելու համար, մենք իսկապես միասնական ճակատով հանդես գալու կարիք ունենք, ինչի մասին մենք երկար ժամանակ ոչ միայն հանրայնորեն խոսում էինք, այլեւ տարբեր ուժերի հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնում էինք անկախ նրանից՝ մենք կիսո՞ւմ էինք այդ քաղաքական ուժերի, լայն իմաստով պատկերացումները, թե չէինք կիսում։
Հիմա՝ ամենակարեւորը, որպեսզի հավաքվեն շատ տարբեր ուժեր։ Եվ ամենակարեւոր հարցը՝ որպեսզի դրված հիմնական նպատակը չլինի՝ մեկին հեռացնել, մեկ ուրիշ անձի բերել, կարգել մեզ թագավոր։ Դա չի աշխատելու։ Մեծ իմաստով, նպատակը պետք է դրված լինի՝ այնպիսի փոփոխություններ առաջարկել մեր հանրությանը, որի պայմաններում այլեւս երբեք «Նիկոլ Փաշինյան» չի վերարտադրվելու։
Ինչպե՞ս է դա կարելի անել։ Բացառապես մի ձեւով։ Սահմանադրական փոփոխություններ։ Ուրիշ տարբերակ, ցավոք, ուղղակի չկա։ Եթե այս առաջարկի հիմքում դրված է, որ եկեք բոլորդ հավաքվեք, որ Սամվել Կարապետյանին կամ իր թիմից որեւէ մեկին դարձնենք թագավոր, դա չի աշխատելու։
Կարդացեք նաև
Եթե տրամաբանությունը նրա մեջ է լինելու, որ եկեք բոլորս հավաքվենք, ստեղծենք ժամանակավոր կոալիցիոն կառավարություն եւ բերենք այնպիսի սահմանադրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան կանխելու ամբողջական իշխանության ուզուրպացիան, ստեղծենք հակակշիռներ, սա իսկապես կաշխատի։
Ձեզ, նաեւ մեզ բազմաթիվ մարդիկ խորհուրդներ են տվել այս ամբողջ ընթացքում, թե մեր ժողովուրդը ուզում է լսել միայն իր թոշակի վրա 10 հազար դրամի ավելացում։ Ոչ, դա այդպես չէ, ամենեւին էլ այդպես չէ։ Այդ խորհուրդ տվողներն իրականում կյանքից կտրված են ապրում, որովհետեւ մեր հասարակությունը, ինչ անուն ուզում են դնեն այդ պրոցեսին, 2018-ին դուրս էր եկել փողոց, որովհետեւ դժգոհ էր այն համակարգից, այն իրավիճակից, որ գոյություն ուներ։
Հիմա, ես վստահ եմ, նույն հասարակությանը կարելի է մոբիլիզացնել միայն մի բանի շուրջ։ Դա առաջարկն է մեր սեփական ժողովրդին, որը թույլ կտա կանխել այս պրոցեսները։ Եվ դա կարելի է անել բացառապես միասնական ուժերով, որտեղ կմիանան իրար թե արեւմտամետ, թե ազգային, թե ռուսամետ, թե չինամետ՝ բոլոր ուժերը։ Բայց մի կողմ կդնեն իրենց նախասիրությունները, համակրանքներն ու հակակրանքները եւ առաջ կտանեն բացառապես միայն մի խնդիր՝ սահմանադրական բովանդակային փոփոխությունները»,-ասել է Նինա Կարապետյանցը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































