Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով մեր տարածաշրջանի խնդիրներին, մասնավորապես՝ Իրան-ԱՄՆ բանակցություններին, ասաց. «Նախ, Իրանի թեման շատ կարեւոր է մեր ներքին քաղաքական զարգացումների համար։ Աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ Հայաստանում կատարվող իրադարձությունների այս կապը ցավոք շատ քիչ է քննարկվում։ Մինչդեռ, այդ կապը շատ անմիջական է։
Մենք պետք է հասկանանք մի շատ կարեւոր բան։ Այսօր աշխարհաքաղաքական շահերի, աշխարհում լիդերության համար համաշխարհային պայքար է գնում երկու կարեւորագույն բեւեռների միջեւ՝ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցներով եւ Չինաստանը։ Այդ պայքարն այս պահին կենտրոնացել է նավթային, էներգետիկ ռեսուրսների վրա։ Չինաստանի գլխավոր խոցելիությունն այն է, որ ինքը չունի սեփական նավթային ռեսուրսներ։ Այս պարագայում շատ կարեւոր դեր են խաղում Վենեսուելան, որը նավթ էր վաճառում Չինաստանին, Իրանը, բնականաբար, Ռուսաստանը եւ TRIPP-ի նախագիծը։
TRIPP-ի գլխավոր նպատակը, ինչպես շատ բաց ասաց Դոնալդ Թրամփը, այն է, որ ապահովվի ամերիկյան նավթային ընկերությունների հասանելիությունը Կենտրոնական Ասիայի՝ Ղազախստանի եւ այլն, նավթի հետ։
Բնական է, ընթանում է աշխարհաքաղաքական պայքար։ Մենք էլ պիտի հասկանանք, որ ամեն ինչ պետք է դիտարկել այդ կոնտեքստի մեջ։ Ի՞նչ արեցին ամերիկացիք։ Առաջինը, կայծակնային օպերացիայով Մադուրոյին ձերբակալեցին եւ մեծ հաշվով Վենեսուելային հանեցին Չինաստանի ազդեցության գոտուց։ Եվ հիմա, կարելի է ասել Վենեսուելան ամբողջովին գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության ներքո։
Կարդացեք նաև
Այդ օպերացիայի երկրորդ օղակը պետք է լիներ Իրանը։ Իսրայելի հետ միասին մշակված էր կայծակնային օպերացիա, որի արդյունքը պետք է լիներ Իրանի ղեկավարության «գլխատումը», ապստամբություն Իրանում։ Եվ պլանավորված էր, որ Իրանը նույնպես մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում պետք է մտներ ԱՄՆ ազդեցության տակ։ Դա չեղավ, որովհետեւ իրականում մի բան հաշվի չէին առել։ Իրանը 2003 թվականից սկսած, երբ եղավ Իրաքի պատերազմը, միշտ իմացել է, որ պատրաստվում է պատերազմ Իրանի դեմ։ Եվ խոշորածավալ աշխատանք է կատարել տեխնոլոգիական առաջընթացի, ստորգետնյա տարածքների ստեղծման, դրոնային տեխնոլոգիաների, գերհնչյունային հրթիռային համակարգերի ստեղծման ու զարգացման համար։ Եվ տասնյակ տարիներ պլանավորել է ռազմական դիմակայության համակարգը։
Սա ըստ էության նավթային պատերազմ է եւ այստեղ շատ կարեւոր դեր է վերապահված TRIPP-ին, ինչը իրականում նավթային միջանցք է։
Եվ այստեղ խնդիրն այն է, որ իրականացվում է միակողմանի նավթային պրոյեկտ, որտեղ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ակնհայտորեն կանգնել է հակամարտող կողմերից մեկի՝ Արեւմուտքի, կողմը, որն իմ կարծիքով շատ վտանգավոր է մեր նման փոքր, խոցելի երկրի համար։ Դա նշանակում է, որ Հայաստանն ինքն իր ձեռքով իրեն դարձրել է գործիք՝ երկրների բավականին լուրջ միավորումների դեմ։ Այսինքն, Չինաստան-Իրան-Ռուսաստան, նաեւ՝ Հնդկաստան եւ Արեւմուտք-Արեւելք, որի անունը ինչ ասես կարելի է դնել՝ Թուրանական միջանցք, Զանգեզուրի միջանցք, TRIPP, որից բովանդակությունը չի փոխվում»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































