Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբան Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ իրավական ի՞նչ մեխանիզմով է հնարավոր Գյումրիում այս պահին իշխանափոխություն իրականացնել, երբ ավագանու նիստերն անխափան տեղի են ունենում․ կառավարման ճգնաժամ, որպես այդպիսին, գոյություն չունի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է ԱԺ ընտրություններից հետո Գյումրիում հնարավորինս շուտ նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։
Վերջին շրջանում էլ անասելի ակտիվացել են շարքային ՔՊ-ականները, որոնք ֆեյսբուքյան հարթակում վստահորեն խոսում են շատ շուտով Գյումրիում «արժանավայել քաղաքապետ» ունենալու մասին։ Որոշներ էլ, ժամանակից առաջ ընկնելով, լուսանկարներ են տարածում՝ «մեր ապագա քաղաքապետը» կամ «մեր սրտի քաղաքապետը» գրառումներով։
«Որպեսզի որևէ արտառոց գործընթաց նախաձեռնվի, դրա համար պետք է լինեն հստակ, հիմնավոր պայմաններ, նաև հիմքեր։ Տվյալ պարագայում այդ պայմանները և հիմքերը բացակայում են, և առկա է միայն ցանկություն։
Կարդացեք նաև
Այսինքն՝ «Գյումրի 2» հայտարարությունը, որ արվեց ընդդիմության կողմից, մենք հիմա փաստացի տեսնում ենք, որ ընդդիմությունը հաղթել է, կեղծիք է տեղի ունեցել, որն այս պահին վիճարկվում է։ Շարունակություն է ունենալու այդ վիճարկումը, որովհետև իրավական ընթացակարգերով է վիճարկվում, այլ բողոքի տեսքերով են պատրաստվում վիճարկել, հետևաբար այդ հասկացությունը՝ «Գյումրի 1-ը», իրենց ցանկությունների մեջ է չեղարկել։
Այդ հայտարարողները ցանկություն ունեն չեղարկելու, և դրան են ուղղված իրենց հայտարարությունները։ Բայց ես կարծում եմ, համոզված եմ՝ լոկ հայտարարությունից այն կողմ չեն կարող անցնել», – ասաց Զարուհի Փոստանջյանը։
Ըստ նրա՝ հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել ընտրակեղծիք, որից զերծ չի եղել Գյումրին։
«Այն, ինչ եղել է հունիսի 7-ին, դա ոչինչ չի նշանակում․ 80 հազար մատնահետք չի արձանագրվել, այսինքն՝ մենք կարող ենք ունենալ կասկածներ, որ այդ 80 հազարը չի քվեարկել, կամ չգիտեմ ինչ կերպ է քվեարկել։ Բացի այդ, մենք ունենք վարչական դատարանի դատական ակտը, որով պահանջվում է իրականացնել նորից վերաքվեարկություն, որը տեղի չունեցավ, և «Բարգավաճ Հայաստանի» ձայները վերագրվեցին ՔՊ-ին, հետևաբար մենք հասկանում ենք, որ ընտրակեղծարարության խնդիրն է, որ ամսի 7-ին Գյումրիում ինչ-որ բաներ են արձանագրվել՝ ի օգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։
Մենք տեսնում ենք, թե ինչպես է բանակը քվեարկել, ինչպես է սահմանված ժամկետից հետո քվեարկել, հասկանում ենք, թե ինչ համատարած, մասշտաբային կեղծիքների հետ մենք գործ ունենք։
Գյումրիի ընտրությունները տեղի են ունեցել մեկ տարի առաջ, այդ լեգիտիմությունը գործող իշխանությունները չեն վիճարկել, որևէ տեղ չի վիճարկվել, վիճարկումը միայն տեղի է ունենում հայտարարությունների, ապօրինի ոտնձգությունների մակարդակով, որը, իհարկե, չի ունենա հաջողություն, ես համոզված եմ», – ասաց Զարուհի Փոստանջյանը։
Մեր դիտարկմանը, որ ՔՊ-ին հաջողվեց Գյումրու ղեկից հեռացնել օրինական ճանապարհով ընտրված «Բալասանյան դաշինքին»՝ վախի մթնոլորտ ստեղծելով, Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց․ «Այս պահի դրությամբ շուրջ ութ ամիս է՝ Վարդան Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ՝ հանիրավի, բայց քաղաքը չի ընկել, քաղաքը գտնվում է օրինական ձևավորված ավագանու ձեռքում։
Ավագանին անխափան աշխատում է, դե, իհարկե, եթե մենք վերածվում ենք ֆաշիստական կամ այլ տոտալիտար ռեժիմի, չեմ կարող դա բացառել, բայց այնուամենայնիվ առկա է դիմադրություն ընդդիմության կողմից, դա չմոռանանք։ Եվ ընդդիմության այդ դիմադրությունն այսօր ցուցադրվեց Երևանի ավագանիում, հետևաբար այդպես հեշտ չէ վերցնել, այսինքն՝ չեղարկել օրինական ավագանին Գյումրի քաղաքում, և, իհարկե, նաև գյումրեցիներն իրենց հայտարարությամբ, ինչու չէ, ավագանին իր հայտարարությամբ պետք է պատասխան տրամադրի այդ բոլոր ոտնձգություններին, մասնավորապես՝ միջազգային համապատասխան կառույցներին պիտի տեղեկացնեն, որ ցանկություն կա նորից հարձակում գործել Գյումրու ավագանու նկատմամբ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































