Գյումրու ավագանու այսօրվա նիստի տապալումից հետո, ընդդիմադիր երկրորդ խոշոր ուժի՝ Մարտուն Գրիգորյանի հիմնած «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս ամենը սպասելի էր։
Նա հիշեցրեց, որ Գյումրու դրամատիկական թատրոնում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած քարոզարշավի հենց երկրորդ օրը խուզարկություններ անցկացվեցին Մարտուն Գրիգորյանի տանն ու գրասենյակում, երկու թիմակցի էլ, որոնցից մեկը Գյումրու ավագանու անդամ Արտակ Հովսեփյանն էր, ձերբակալեցին։ Նա այժմ տնային կալանքի տակ է, մյուս թիմակիցը՝ բանտային։ Այնպես որ, ըստ Լիզա Գասպարյանի, սա ծանոթ ձեռագիր է։
Նա տեղեկացրեց, որ Արտակ Հովսեփյանին կփոխարինի Արա Պետրոսյանը, այնպես որ իրենք թույլ չեն տա իրենց պատճառով տապալվեն ավագանու նիստերը։
«Սցենարը շատ ծանոթ է, սպասում էինք մյուս խմբակցությունների հետ ինչ կարող է տեղի ունենալ, տեղեկատվությունը եկավ, որ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում են սկսել խուզարկություններ անցկացնել։
Կարդացեք նաև
Այսպես ամեն խմբակցությունից մեկ-մեկ հոգի պակասելով՝ փորձում են հասնել իրենց սցենարին, այսինքն՝ ամեն ձևով փորձում են ապացուցել, որ չի հարգվելու գյումրեցու ընտրությունը», -ասաց Լիզա Գասպարյանը։
Նա նշում է՝ իրենք իշխանագողության բոլոր սցենարները քննարկում ու դիտարկում են, քանի որ այս իշխանությունը ապացուցում է, որ իր համար կարևոր և թանկ է Գյումրու քաղաքապետի աթոռը, որ այնտեղ իրենք նստեն։
«Այդ նպատակով սկսեցին քաղաքի բոլոր երիտասարդներին ձերբակալել, Ղուկասյանների գերդաստանից պրծել են, անցել են Գրիգորյանների գերդաստանին։ Տեսնում եք՝ Գրիգորյանին որդին կալանավորվեց, թիմակիցները՝ ևս», -ասաց Լիզա Գասպարյանը։
Նա ասում է՝ մանդատագողությունը չի ստացվի Գյումրիում, մեկ տարի է՝ ՔՊ-ն փորձում է դա իրագործել, սակայն ջանքերն ապարդյուն են անցնում, հիմա փորձում է պատմամշակութային ու զբոսաշրջային բացառիկ արժեք ունեցող Գյումրին դարձնել գյուղ՝ միավորելով գյուղերը Գյումրիին, ու այս ձևով իշխանափոխություն իրականացնել այստեղ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































