Զբոսաշրջիկների երազանքն ու իրականությունը
Հայաստանում վիզաների ազատականացման թեման գտնվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ հասարակական, մշակութային եւ այլ հետաքրքրությունների հատման կետում։ Վիզաների ազատականացմանը հատկապես սպասում են ՀՀ ճամփորդող քաղաքացիները, քանի որ այն անմիջականորեն կապված է նրանց շարժունակության, անելիքները եւ կյանքը նախապես պլանավորելու հետ։ Արտագնա զբոսաշրջությունը միայն կարճատեւ հանգիստ չէ, ճամփորդելով՝ մարդիկ հնարավորություն են ստանում ծանոթանալու այլ ժողովուրդների մշակույթին, պատմությանը, սովորում են լեզուներ, զարգացնում են միջմշակութային հաղորդակցման հմտությունները, արժեքավոր կապեր են ստեղծում, որոնք կիրառվում են հետագա համագործակցությունների համար: Տարբեր երկրներ այցելող մարդիկ լայնախոհ են, հանդուրժող են, բացի դրանից՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի արտասահման մեկնելիս ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Վերջերս վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում կայացած ասուլիսի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները նշել է, որ Եվրոպական միության և Հայաստանի միջեւ հարաբերություններն ավելի մոտ են, քան երբեւէ, ինչի վառ ապացույցն է նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում։ Նաեւ ընդգծել էր, որ կենսաչափական անձնագրերի, բնակչության միասնական ռեգիստրի ներդնումը եւ մի շարք այլ բարեփոխումներ կարևոր քայլեր են ընդհանուր գործընթացի շրջանակում։
Ինչ է փոխվելու առանց վիզայի մուտքի ռեժիմի դեպքում
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը ներկայացնելով վիզաների ազատականացման գործընթացը՝ նշում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են առանց նախապես վիզա ստանալու մուտք գործել Շենգենյան գոտի կարճատև կեցության նպատակով՝ ցանկացած 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով։ Նրա ձեւակերպմամբ, վիզաների ազատականացումից հետո կարճատև այցերի համար Շենգենյան վիզա ստանալու ողջ վարչարարական գործընթացը պարզապես կվերանա, եւ ՀՀ քաղաքացուն անհրաժեշտ կլինի ընդամենը վավերական կենսաչափական անձնագիր եւ, ամենայն հավանականությամբ, ETIAS (Եվրոպական ճամփորդական տեղեկատվության և թույլտվության համակարգ) էլեկտրոնային մուտքի թույլտվություն՝ ինքնաթիռ նստելու ու Շենգենյան տարածք մուտք գործելու համար։ Ու թեեւ Շենգենյան տարածքում կեցության ժամկետը սահմանափակ կլինի՝ 180 օրվա ընթացքում 90 օրվա սկզբունքով, սակայն չի լինի ոչ մի հերթագրում դեսպանատանը, ոչ մի թղթաբանություն, ոչ մի սպասում, ոչ մի վճար եւ ոչ մի անորոշություն։
Ինչ վերաբերում է ԵՄ հիմնական մտահոգություններին եւ վիզաների ազատականացման վերաբերյալ Հայաստանում տարածված թյուր պատկերացումներին, այս մասին էլ Պետր Պիրունչիկը հետեւյալն է նշում. «Հայաստանի հետ ազատականացման երկխոսության մեջ ԵՄ-ի համար հիմնական խնդիրները կապված են մի քանի կառուցվածքային ոլորտների հետ։ Դրանք են՝ կենսաչափական անձնագրերի համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը (կեղծ փաստաթղթերի թողարկումը կանխելու համար), սահմանների արդյունավետ կառավարումը, պայքարը կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ, ԵՄ չափանիշներին համապատասխանող տվյալների պաշտպանությունը և, որ ամենակարևորն է, միգրացիայի կառավարումը։ Վերջինս ենթադրում է, որ Հայաստանը պետք է գործնականում ապացուցի իր ունակությունը՝ թույլ չտալու, որ իր տարածքն օգտագործվի դեպի ԵՄ անօրինական միգրացիայի համար, ինչպես նաև պատրաստ լինի հետ ընդունելու ԵՄ տարածք անօրինական մուտք գործած իր քաղաքացիներին:
Հայաստանում ամենատարածված թյուրըմբռնումն այն է, որ առանց վիզայի ճամփորդելը մարդիկ երբեմն շփոթում են Եվրոպայում աշխատելու կամ բնակություն հաստատելու իրավունքի հետ, ինչն իրականում այդպես չէ: Շենգենյան վիզան թույլ է տալիս մինչև 90 օր կեցություն, իսկ ազատականացումն ընդամենը վերացնում է այդ թույլտվությունը նախապես ստանալու բյուրոկրատական քաշքշուկը։ Իրավական հիմքը մնում է նույնը՝ առանց վիզայի մուտք գործող անձը չի կարող օրինական աշխատանքի անցնել, չի կարող երկարաձգել իր կեցությունը 90 օրից ավելի եւ չի կարող ռեզիդենտության իրավունք պահանջել»։
Հիմնական չափանիշները, իրատեսական ժամկետները եւ «ճանապարհային քարտեզի» հարցը
«Հայաստանի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ներառում է չորս թեմատիկ ուղղություն՝ փաստաթղթերի անվտանգություն և կենսաչափական անձնագրեր, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ ու անվտանգություն (ներառյալ սահմանների կառավարումն ու հակակոռուպցիոն միջոցառումները) և տեղաշարժի ազատությանը վերաբերող հիմնարար իրավունքներ։ Առաջընթացը գնահատվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ պարբերական զեկույցների միջոցով, իսկ մի փուլից մյուսին անցնելու համար անհրաժեշտ է ցույց տալ բարեփոխումների գործնական և կայուն կիրառում, այլ ոչ թե միայն օրենքների ընդունում թղթի վրա։
Հստակ ժամկետներ չկան։ ԵՄ ստանդարտ ձևակերպումն այն է, որ գործընթացի տեմպը բացառապես կախված է բարեփոխումների արագությունից, և ոչ թե հակառակը։ Պարզապես ի տեղեկություն՝ Վրաստանի պարագայում շարժունակության շուրջ գործընկերության ստորագրումից մինչև 2017 թվականին առանց վիզայի ռեժիմի փաստացի ներդրումը տևեց մոտ ութ տարի, և նույնիսկ այդ ժամանակ պահանջվեցին ինտենսիվ քաղաքական ճնշումներ ու վերջինրոպեական բանակցություններ Բրյուսելում։ Հայաստանի իրավիճակը բարդանում է 2 լրացուցիչ գործոնով. առաջինը՝ այն աշխարհաքաղաքական անցումն է, որով այժմ անցնում է երկիրը, եւ երկրորդ՝ 2015-2016 թվականների ճգնաժամից հետո անօրինական միգրացիայի ու ապաստան հայցողների թվերի նկատմամբ ԵՄ-ի սեփական զգայունության մեծացումը։ Այժմ ազատականացման թեկնածու ցանկացած երկրի այս հարթություններում խոշորացույցով են նայում։
Գործընթացը կարող է արագացնել առաջին հերթին երկու կողմերի քաղաքական կամքը, ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրի կիրառման հստակ արդյունքները, կոռուպցիայի դեմ պայքարի շոշափելի ցուցանիշները և, անկեղծ ասած, Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակական վեկտորը դեպի Արևմուտք։ Սա ԵՄ-ի համար քաղաքական խթան է հանդիսանում՝ արձանագրված առաջընթացը տեսանելիորեն խրախուսելու համար։ Այդուհանդերձ, ես զերծ կմայի հանրության շրջանում անիրատեսական սպասումներ ձևավորելուց. հայաստանցիների համար առանց վիզայի տեղաշարժը միջնաժամկետ հեռանկար է, ոչ թե վաղվա հարց»։
Դեսպանը թեեւ ձեռնպահ մնաց ռիսկերի մասին խոսելուց, բայց այնուամենայնիվ ընդգծեց, որ Հայաստանը զգոն լինի հետեւյալ առումներով՝ օրենքների ընդունումը նույնացնելուց դրանց կիրառման հետ (Բրյուսելը հստակ տարբերակում է թղթի վրա գրված օրենքը գործող օրենքից)։ Երկրորդ՝ թույլ չտալ, որ ԵՄ անդամ երկրներում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ անօրինական միգրացիայի ցուցանիշները կտրուկ աճեն, քանի որ հենց միայն այդ գործոնը կարող է տապալել կամ հետ շրջել ողջ գործընթացը՝ անկախ մյուս բոլոր ձեռքբերումներից։
«2017 թվականին Ուկրաինայի և Մոլդովայի փորձից սկսած՝ ԵՄ-ն ազատականացման յուրաքանչյուր շրջանակում ներառել է պաշտպանական մեխանիզմ։ Եթե առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո տվյալ երկրից անօրինական մուտքերի, անհիմն ապաստանի հայցերի կամ ռեադմիսիայի մերժումների թիվը զգալիորեն աճի, Հանձնաժողովը կարող է առաջարկել ժամանակավորապես կասեցնել անվիզա ռեժիմը։ Եվրոպական խորհրդարանն ու Խորհուրդը կարող են ակտիվացնել այս մեխանիզմը հստակ սահմանված ժամկետում… Հայաստանի պարագայում, կարծում եմ, ռիսկերն իրական են, բայց կառավարելի… Ազատականացումը կարող է սկզբնական շրջանում ճամփորդությունների կտրուկ աճ առաջացնել, սակայն նմանատիպ երկրների փորձը ցույց է տալիս, որ իրավիճակը արագորեն կայունանում է, երբ հիմնական սոցիալ-տնտեսական պայմանները կայուն են լինում», – հավելեց դեսպանը։
Պետր Պիրունչիկի խոսքով, հաճախ որոշ զբոսաշրջային գործակալություններ սեփական ծառայությունները վաճառելու համար չափազանցված խոստումներ են տալիս՝ ազատ տեղաշարժի վերաբերյալ, մինչդեռ ոչ մի միջնորդ՝ լինի զբոսաշրջային գործակալ, վիզայի խորհրդատու կամ «մասնագետ», չի կարող ազդել հյուպատոսական որոշման վրա։ Որոշումը կայացնում է բացառապես դեսպանատունը կամ հյուպատոսությունը։ Միջնորդները լավագույն դեպքում կարող են օգնել կազմակերպչական հարցերում։ Իսկ վատ միջնորդները կեղծում կամ մանիպուլյացիայի են ենթարկում փաստաթղթերը, դրդում են «վիզա շոփինգի» (այլ երկրի դեսպանատան միջոցով վիզա ստանալուն) և գումար են գանձում այնպիսի ծառայությունների համար, որոնք կա՛մ չեն գործում, կա՛մ ուղղակի վնասում են դիմորդին։
Գործնական խորհուրդը պարզ է՝ վիզայի համար դիմողները պետք է հիմնվեն բացառապես հյուպատոսական պաշտոնական կայքերի պահանջների վրա (ուղղակի փնտրեք Google-ում): Երբեք չպետք է ներկայացնել փաստաթղթեր, որոնց իսկությունը անձամբ չեն ստուգել։ Պետք է հասկանալ, որ գործակալի կողմից ներկայացված կեղծված կամ ձևափոխված փաստաթղթերի պատճառով ստացված մերժումը, միևնույն է, համարվում է հենց դիմորդի մերժումը և մնում է նրա վիզային պատմության մեջ։ Չեխիայի դեսպանը կոչ է անում խիստ կասկածամտորեն վերաբերվել բոլոր նրանց, ովքեր վիզայի երաշխիք են տալիս, խոստանում են «դասավորել» հաստատումը կամ առաջարկում են «բարելավել» փաստաթղթերն այնպիսի ճանապարհներով, որոնք թափանցիկ ու հստակ չեն բացատրվում: Ինչ վերաբերում է բարեխիղճ ճամփորդներին, նրանք աստիճանաբար ստանում են ավելի երկար ժամկետով բազմակի մուտքի վիզաներ:
Չեխիան կողմ է եվրոպական հեռանկարը՝ Արեւելյան գործընկերության երկրներին հասանելի դարձնելուն
«Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացումը (և այդ համատեքստում՝ չեխ-հայկական հարաբերությունները) շատ ավելին են, քան պարզապես լոգիստիկ հարմարավետությունը։ Սա առաջնակարգ քաղաքական ազդակ է, հաստատումն այն բանի, որ Հայաստանը ինստիտուցիոնալ և արժեքային առումով պատկանում է Եվրոպային։ Սա շոշափելի ապացույց կլինի հայ հանրության համար, որ դեպի Արևմուտք արտաքին քաղաքական կողմնորոշումը տալիս է կոնկրետ, առօրյա օգուտներ, այլ ոչ թե վերացական հայտարարություններ։
Չեխիան ԵՄ-ում հետևողականորեն եղել է այն ակտիվ ջատագովներից, որոնք կողմ են եվրոպական հեռանկարը Արևելյան գործընկերության երկրներին հասանելի դարձնելուն։ Մենք ուղղակիորեն շահագրգռված ենք կայուն, բարեփոխումներին միտված Հայաստանով, որն ինտեգրված է եվրոպական կառույցներին, այլ ոչ թե մեկուսացված է մեծ տերությունների միջև։ Վիզաների ազատականացումը, երբ այն տեղի ունենա, պատմական հանգրվան կլինի ոչ թե այն պատճառով, որ սահման է բացում, այլ որովհետև փակում է մի ամբողջ պարբերություն, որտեղ Հայաստանը կառուցվածքային առումով գտնվում էր Եվրոպայի ծայրամասում, այլ ոչ թե մոտ։
Շարքային քաղաքացիների համար գործնական նշանակությունը կլինի արժանապատիվ, անխոչընդոտ ճամփորդությունը՝ Պրահայում ապրող հարազատին այցելելու կամ Վիեննայում համաժողովի մասնակցելու հնարավորությունը՝ առանց շաբաթներ կամ ամիսներ տևող նախապատրաստությունների։ Դա, իմ կարծիքով, այստեղ հսկայական նշանակություն ունի այն գիտակցումը, թե ինչպես են մարդիկ ընկալում իրենց կապը Եվրոպայի հետ», – ընդգծում է դեսպանը։
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վերջերս կայացած ասուլիսում փաստել է, որ եթե 2016 թվականին ԵՄ երկրներում ապաստանի դիմում էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության 7795 քաղաքացի, ապա 2024 թվականին այդ թիվը նվազել է՝ կազմելով 5130։ Իսկ 2025 թ. արդեն իսկ արձանագրվել է էական նվազում․ ապաստանի դիմում է ներկայացրել ընդամենը 3535 ՀՀ քաղաքացի։ Նախարարի գնահատմամբ, այս ցուցանիշները փաստում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ԵՄ տարածքում հավելյալ միգրացիոն ռիսկեր չեն ստեղծում եւ կարող են ազատ ու պատասխանատու կերպով այցելել Եվրոպա՝ զբոսաշրջային, կրթական, գործնական կամ այլ նպատակներով։
Զբոսաշրջային ոլորտի խնդիրները
Station Tour ընկերության հիմնադիր տնօրեն, տուրիզմի փորձագետ Նաիրա Գրիգորյանը կարծում է, որ վիզաների ազատականացման մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ դա տեւական գործընթաց է. «Իհարկե շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացում լինի, որովհետեւ տարեցտարի մեծանում է Ճամփորդողների թիվը, ինչին նպաստում են նաեւ չարթերային չվերթները: Բայց մի կողմից խոսում ենք վիզաների ազատականացումից, մյուս կողմից՝ վիզաների ստացման ընթացակարգը գնալով ավելի բարդանում է, ու անհավատալի է թվում ազատականացումը»:
Նաիրա Գրիգորյանի փաստմամբ, որոշ դեսպանատների պարագայում հերթագրումները պրակտիկորեն անհնար են, նրանց հետ աշխատող միջնորդ կազմակերպությունները խոչընդոտներ են առաջացնում, տեղերը վերցվում են բոտերով, եւ զբոսաշրջային ընկերությունների ու ճամփորդող քաղաքացիների համար գրեթե անհնար է դառնում օրվա եւ ժամի ամրագրումը: «Հաճախորդը չի կարող 24 ժամ նստել TLS համակարգի առաջ, անընդհատ թարմացնել կայքը, որպեսզի ազատ ժամ վերցնի: Փաստաթղթերի հարցով եւս կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում հաճախորդների համար, որոշ դեսպանատներ 2 եւ ավելի անձանց համար տեղեր գրեթե չեն բացում, եւ հնարավոր չի լինում նույն ընտանիքի մի քանի անդամների համար միաժամանակ տեղեր վերցնելը: Տուրիստականներով, ֆեդերացիայով քանիցս փորձել ենք այս հարցերը բարձրացնել, բայց խնդիրը մնացել է առկախ: Հատկապես ամառվա ամիսներին գրեթե անհնար է ժամադրությունները վերցնելը, խոսակցություններ կան, որ տեղերը բարձր գներով վաճառվում են «սեւ շուկայում», ինչը խնդիր է առաջացնում ոչ միայն տուրիստականների, զբոսաշրջիկների, այլեւ չարթերային չվերթներ բացողների համար, ուղղություններ կան, որ 40-50 տոկոս չլրացված ինքնաթիռներով են թռչում», – ասում է Station Tour-ի հիմնադիր տնօրենը:
Նաիրա Գրիգորյանը նաեւ նշում է, որ չի կարծում, թե մերժումներն ավելացել են, նույնիսկ անհիմն մերժումների քանակն է կրճատվել: Ասում է, եթե, օրինակ, ամսվա ընթացքում ավելի քան 20 ժամադրություն են վերցնում, դրանցից 1-2-ը կարող է մերժում ստանալ, այն էլ հիմնավորված պատճառով:
Նրա կարծիքով, վիզաների ազատականացման պարագայում, երբ ՀՀ քաղաքացին հնարավորություն ունենա 90 օր լինել Շենգեն տարածքում, պահանջարկի կտրուկ աճը կարո՞ղ է հանգեցնել ավիատոմսերի եւ տուրիստական փաթեթների թանկացմանը, մեր զրուցակիցն ասաց, որ չի կարող հստակ պատասխան տալ, նաեւ փաստեց, որ չարտերային թռիչքների պարագայում, երբ ինքնաթիռը 70 տոկոսով լցվում է, մնացած 30 տոկոսը սկսում են ավելի բարձր գներով վաճառել: Նրա ձեւակերպմամբ, դա, թերեւս, ամենափոքր խնդիրը կլինի, որովհետեւ եթե մարդը վիզայի խնդիր չունենա, տրանզիտ գոտիներով կարող է ավելի մատչելի ճամփորդել դեպի իր ցանկացած երկիրը:
«Հայաստանում գրանցված է ավելի քան 1000 զբոսաշրջային կազմակերպություն, որոնց շուրջ 80 տոկոսը զբաղվում է արտագնա տուրիզմով, դրանց 50 տոկոսն էլ մեկնում է եվրոպական երկրներ: Այդ 50 տոկոսը խնդիր ունի ժամադրությունների օր վերցնելու, փաթեթները կազմելու եւ մարդկանց ուղղորդելու վիզաների վարչություն կամ դեսպանատուն», – ասում է նա: Նաիրա Գրիգորյանը նշում է, որ երբեմն մարդիկ չկարողանալով օր եւ ժամ գրանցել, ուղղակի գնում են TLS, տեղեր են վերցնում՝ առանց օնլայն համակարգով ժամադրություն ամրագրելու, այսինքն, ստացվում է՝ բյուրոկրատական քաշքշուկը արհեստական է, ու իրենց սպասարկում են այլ պայմաններով:
ԵՄ-ի գնահատականը եւ հաջորդ քայլերը
Aravot.am-ի հարցին՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցի ընդունումից հետո գործնական առումով որքանո՞վ է Հայաստանը մոտեցել վիզաների ազատականացման հաջորդ փուլին, որո՞նք են հաջորդ ընթացակարգային քայլերը և ե՞րբ կարող են Հայաստանի քաղաքացիները սպասել երկրորդ գնահատմանը, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) խոսնակ Գիյոմ Մերսիեն պատասխանում է․ «Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որի հետ ԵՄ-ն ներկայումս վարում է վիզաների ազատականացման ակտիվ երկխոսություն։ Վիզաների ազատականացումը կատարողականի և արդյունքների վրա հիմնված գործընթաց է։ Այն ուղեկցվում է հստակ չափանիշներով, որոնք սահմանվել են Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, որը 2025 թվականի նոյեմբերին ԵՀ-ն փոխանցվել ՀՀ իշխանություններին։ Միայն այն դեպքում, երբ Հայաստանը կատարի այդ ծրագրում նշված բոլոր չափանիշները, ԵՀ-ն կարող է օրենսդրական առաջարկ ներկայացնել՝ Հայաստանը ներառելու Վիզաների կանոնակարգի առանց վիզայի երկրների ցանկում։ Հայաստանի կողմից Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջին առաջընթացի զեկույցը ընդունվել է ապրիլի 30-ին և 2026-ի մայիսի 4-5-ին Երևանում անցկացված ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկն է։ 2026 թվականի մայիսի 20-ին Երևանում անցկացվել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը»։
ԵՀ խոսնակը նաև հայտնեց, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը հետագայում գնահատելու նպատակով ԵՄ հաջորդ գնահատման առաքելությունները կանցկացվեն 2026-ի աշնանը։
Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի՝ առաջին առաջընթացի զեկույցում նշված բացթողումներից և խնդիրներից որո՞նք են ներկայումս վիզաների ազատականացման ուղղությամբ առաջ շարժվելու հիմնական խոչընդոտները, Գիյոմ Մերսիեն հետեւյալ կերպ արձագանքեց. «Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ներառում է 4 հիմնական ուղղություն՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների և միգրացիայի կառավարում (ներառյալ ապաստանի ոլորտը), հասարակական կարգ ու անվտանգություն, ինչպես նաև արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։ Զեկույցում արձանագրվում է Հայաստանի իշխանությունների՝ վիզաների ազատականացման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ ցուցաբերած ամուր քաղաքական հանձնառությունը։ Զեկույցն ընդգծում է, որ զգալի առաջընթաց է գրանցվել հատկապես փաստաթղթերի անվտանգության ոլորտում, ինչպես նաև միգրացիայի կառավարման ռազմավարական, քաղաքական և օրենսդրական շրջանակների բարելավման հարցում։ Անհրաժեշտ են հետագա ջանքեր մի շարք ոլորտներում, այդ թվում՝ սահմանների ինտեգրված կառավարման առումով, ապահովելու, որ Հայաստանի քաղաքացիության մասին օրենքը նախատեսի չարաշահումները կանխող երաշխիքներ, ինչպես նաև տվյալների պաշտպանության իրավական շրջանակի վերանայման ուղղությամբ, ինչը վերջիվերջո կաջակցի նաև ԵՄ-ի հետ իրավապահ մարմինների համագործակցությանը»։
Խնդրեցինք անդրադառնալ այն դժգոհություններին, որ թեեւ ԵՄ-ն խոսում է Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերության մասին, սակայն ՀՀ քաղաքացիները Եվրոպա մեկնելու դժվարություններ են ունենում, հարցրինք՝ արդյոք առաջընթացի զեկույցը կօգնի՞ կարճաժամկետ հեռանկարում բարելավել հայ քաղաքացիների վիզային իրավիճակը, եւ արդյոք ԵՀ-ն քննարկե՞լ է անդամ պետությունների հետ հայ դիմորդների վրա ազդող սահմանափակ հյուպատոսական կարողությունների և ժամադրությունների պակասի հարցը։ Նաեւ հետաքրքրվեցինք՝ իր տպավորությամբ արդյոք ներկայիս վիզային համակարգը վտանգո՞ւմ է ԵՄ-ի հեղինակությունը ՀՀ քաղաքացիների շրջանում, ԵՀ խոսնակը հետեւյալ կերպ պատասխանեց. «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քաղաքացիների՝ դեպի ԵՄ ճանապարհորդելու նկատմամբ կայուն աճող հետաքրքրությունը։ Դա ակնհայտ է վիզա ստանալու դիմումների աճից։ 2024-ին 2023-ի համեմատ վիզայի դիմումների թիվն աճել է 20%-ով (2024-ին մոտ 100,000 դիմում՝ 2023-ի 85․000 դիմումների համեմատ): Շենգեն վիզաների տրամադրումը դյուրացնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանն ունեն Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին գործող համաձայնագիրը։ ԵՄ-ն հանձնառու է դրա շարունակական իրականացմանը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների խթանման՝ իր նպատակի իրագործմանը։ Այս աճող հետաքրքրությունն ազդեցություն է ունեցել անդամ պետությունների հյուպատոսությունների կարողությունների վրա՝ վիզայի դիմումները մշակելու առումով։ Հանձնաժողովը սերտորեն համագործակցում է ԵՄ անդամ պետությունների հետ՝ Շենգեն վիզաների տրամադրման գործընթացը բարելավելու նպատակով։ Մի շարք հյուպատոսություններ արդեն քայլեր են ձեռնարկել այս մարտահրավերները լուծելու համար, օրինակ՝ ավելացնելով աշխատակազմը, գործընթացի որոշ հատվածներ արտապատվիրակելով արտաքին ծառայություններ մատուցողներին կամ առանձնացված ժամային հատվածներ տրամադրելով բիզնես և ուսանողական վիզաների համար՝ սպասման ժամանակը կրճատելու նպատակով։
Հայ դիմորդների կողմից ներկայացվող վիզայի դիմումների որակի բարելավումը կօգնի գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմանը։ Օրինակ՝ դիմորդները պետք է պահպանեն վիզայի դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետները և ապահովեն, որ դիմումը ներկայացվի այն անդամ պետության հյուպատոսություն, որը հիմնական նպատակակետ երկիրն է։ Խորհուրդ է տրվում նաև, որ դիմորդները խուսափել դիմումները ներկայացնել միջնորդների միջոցով։ ԵՄ-ն իրականացնում է վիզայի հետ կապված տեղեկատվական արշավներ՝ իրազեկվածությունը բարձրացնելու և վիզայի դիմումների որակը բարելավելու նպատակով: Շենգեն վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիների համար դյուրացնելու նման միջոցառումները շարունակվելու են»:
Գիյոմ Մերսիեն նաեւ հավելեց․ «ՀՀ ուղին դեպի ԵՄ առանց վիզայի ռեժիմի ընթանում է նույն քայլերով, ինչ վիզաների ազատականացման երկխոսությունները մյուս գործընկերների հետ։ Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել, ինչպես նշվում է ԵՀ առաջին առաջընթացի զեկույցում։ Կարևոր է, որ Հայաստանը պահպանի այդ արագ տեմպը՝ կատարելով գործողությունների ծրագրում ներառված բոլոր չափանիշները։
Հանձնաժողովի առաջին զեկույցը ներառում է նաև առաջարկություններ, որոնք լրացուցիչ ուղեցույց են տրամադրում գործողությունների ծրագրի իրականացման համար։ ԵՄ-ն նաև տրամադրում է զգալի տեխնիկական և ֆինանսական աջակցություն՝ Հայաստանի ջանքերին աջակցելու նպատակով»։
ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ նաեւ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳ նախարարություն: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեզ հետեւյալն է փոխանցել. «Վիզաների ազատականացման գործընթացը ենթադրում է հետևողական աշխատանք, և յուրաքանչյուր բարեփոխում մեզ ավելի է մոտեցնում դրա վերջնականացմանը: Մինչ այդ, վիզաների դյուրացման ընթացակարգերում առաջացող խնդիրները ՀՀ ԱԳ նախարարությունը տարբեր մակարդակներով գործընկերների հետ քննարկումներում բարձրացնում է՝ հատկապես ժամադրության օր ամրագրելու խնդիրը լուծելու, սահմանված կարգով ՀՀ քաղաքացիների կողմից ճամփորդական այցելությունների համար վիզա ստանալը դյուրացնելու և ընդհանուր առմամբ իրավիճակն առավելագույնս բարելավելու նպատակով։ Ժամադրություններ ամրագրելու դժվարության հիմնական պատճառն այն է, որ հանրության շրջանում դեպի եվրոպական երկրներ ճամփորդելու պահանջարկը շատ ավելի մեծ է և դինամիկ աճում է, քան այդ երկրների դեսպանությունների կարողությունները՝ սպասարկել օրական ստացվող դիմումները։ Պահանջարկի մեծացումն էլ իր հերթին պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից էական է եվրոպական նոր ուղղությունների և մատչելի թռիչքների հասանելիությունը։ Այս մասին խոսել է նաև ՀՀ վարչապետն իր մի շարք հանրային անդրադարձերում»։
Հարցին՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը որքանո՞վ է նպաստում վիզաների ազատականացման օրակարգին, եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները կարո՞ղ են ազդել գործընթացի տեմպերի վրա, Անի Բադալյանն այսպես պատասխանեց․ «Այսօր Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ: 2025թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, մայիսի սկզբին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովները դրա վառ ապացույցն են: Որպես ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի կարևոր բաղադրիչ՝ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը ներկայումս գտնվում է դինամիկ և գործնականում շատ ակտիվ փուլում: Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկը, որը տեղի ունեցավ 2024 թվականի երկրորդ կեսին և որով ազդարարվեց գործընթացի իրավական և քաղաքական մեկնարկը, տարիների հետևողական դիվանագիտական աշխատանքի և ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների կողմից կոնսենսուսով ընդունված, նաև վստահություն արտահայտող արդյունք էր: Այս պահին Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզաների ազատականացման շուրջ»։
Հարցին՝ ո՞րն է լինելու գործընթացի հաջորդ փուլը, ի՞նչ ժամկետներ կան առկա խնդիրները լուծելու համար, ԱԳՆ խոսնակն այսպես պատասխանեց. «Այս տարվա մայիսի սկզբին Հայաստանին ներկայացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման մասին Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը, որն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից գործողությունների ծրագրի 4 ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը: ԵՀ-ն եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման առաջանցիկ փուլում է, իսկ հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում «լավ առաջընթաց է արձանագրել»։ ԵՀ-ն շեշտել է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշների արդյունավետ և հետևողական իրականացմամբ։ Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ, որոնք կոչված են օժանդակելու Հայաստանին՝ արձանագրված բացերը լրացնելու հարցում։ Առաջիկայում կազմակերպվելու են լրացուցիչ գնահատման առաքելություններ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
























































