ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջաբերական է ուղարկել Երեւանի քաղաքապետի տեղակալին, մարզերի աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին՝ մասնավորապես, հայտնելով. «Տեղեկացնում եմ, որ 2026 թվականին հանրակրթության պետական չափորոշչում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխվել են նաեւ «Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» բնագավառում ընդգրկված առարկաների դասավանդման մոտեցումները, համաձայն որոնց՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան փոխարինվել է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով, իսկ «Առողջ ապրելակերպ» խմբակը ներառվել է պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարինումը «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով եւ դրա բովանդակային վերանայումը միտված են առարկայական ոլորտն ավելի ընդգրկուն դարձնելուն, ինչպես նաեւ՝ սովորողների գործնական կարողությունների եւ հմտությունների զարգացմանը։ Փոփոխությունների արդյունքում «Անվտանգ կենսագործունեություն» եւ «Առողջ ապրելակերպ» առարկաները ուսումնական հաստատություններում կներդրվեն փուլային եղանակով՝ 5-րդից մինչեւ 11-րդ դասարաններում։ Նշված առարկաների ներդրումը կմեկնարկի 2026 թ. սեպտեմբերից՝ առաջին փուլում ընդգրկելով միայն 5-րդ եւ 10-րդ դասարանները։ Մյուս դասարաններում մինչեւ փուլային ներդրման ամբողջական ավարտը կշարունակվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը, իսկ «Առողջ ապրելակերպ» խմբակը կդասավանդվի որպես պարտադիր խմբակ: Տեղեկացնում եմ նաեւ, որ «Անվտանգ կենսագործունեություն» առարկան դասավանդելու են ուսումնական հաստատությունների զինղեկները, որոնց պաշտոնեական պարտականությունները եւ նկարագրերը համապատասխան փոփոխությունների են ենթարկվել՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի N 216 Ն որոշման»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Երեւանի փոխքաղաքապետին ու մարզպետների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին խնդրել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին, որ 1-օրյա ժամկետում ուսումնական հաստատություններին, իսկ այդ հաստատությունները զինղեկներին 1-օրյա ժամկետում սույն շրջաբերականը տրամադրեն:
Այս շրջաբերականը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների զինղեկների մոտ անհանգստություն է առաջացրել։ Սկսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դուրսբերումը դասավանդվող առարկաների ցանկից, ինչն աստիճանաբար են անում։ Իսկ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի դասագիրք գոյություն չունի: Այս առարկան անվտանգության կանոնների պահպանման մասին է` էլեկտրական հոսանքի, բնական գազի հետ առնչվելիս, ինչպես նաեւ աղետների ժամանակ անձի գործելակերպին է առնչվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































