«ՀՀ-ն ցանկանում է իր քաղաքացու հետ քաղաքական, իրավական հարաբերությունների մեջ դիտարկել ընտրական այս կարեւոր իրավունքը, եւ շատ հաճախ, երբ մենք քննարկում ենք իրավունքների ծավալը, հնարավոր սահմանափակումները, ՀՀ-ում իշխանության կրողը ժողովուրդն է, բայց պարտադիր չէ, որ նույն ընտրության շրջանակներում ժողովուրդն իր ծավալով համընկնի ընտրական կորպուսի հետ։ Օրինակ, դու կարող ես լինել ՀՀ քաղաքացի, տվյալ տարածքում, օրինակ, մասնակցես ՏԻՄ ընտրություններին, քանի որ ունես վեց ամսվա հաշվառում, բայց մեկ այլ ժամանակահատվածում՝ չմասնակցես ընտրություններին, որովհետեւ չես բավարարում վեց ամսվա հաշվառման կանոնին»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ելույթը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին։ Նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար բնակության ցենզ սահմանել։ Նախագծին դրական եզրակացություն տրվեց։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում նիստին։
Նախարարն ասաց՝ կառավարությունը սկզբունքորեն դրական դիրքորոշում ունի նախագծի մասով։ Տարակուսեց՝ երբ որոշ օրենսդրական նախաձեռնությունների մասով միջազգային փորձ են մատնանշում, իրենց քննադատում են, թե ինչու չեն տեղայնացվում խնդիրները, երբ փորձում են տեղայնացնել՝ քննադատվում են, թե միջազգային փորձ չկա։
«Մեր օրենսդրությունն արդեն իսկ գնացել է այն ճանապարհով, որ նախատեսում է որոշակի պայմաններ՝ տվյալ իրավունքի ներսում, որոնք թույլ են տալիս որոշակի առումներով սահմաններ գծել՝ իրավունքի տեսանկյունից։ Եվ նաեւ պիտի նկատի ունենանք, որ ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ, պետություններն ունեն հայեցողություն՝ պայմաններ առաջադրելու։ ՏԻՄ մարմինների մասով արդեն իսկ առաջադրված մեր ներպետական հայտնի փորձը դրա վառ օրինակներից մեկն է։ Ավելին, 2007 թվականից սկսած, մենք պարտադրել ենք, որ ընտրությունները տեղի ունենան միայն ՀՀ տարածքում, եւ դրանից հետո ընդունված ԸՕ-ները որեւէ ձեւով չեն վիճարկել այս կարգավորումը, եւ սա շարունակել է պահպանվել»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե նման, թեկուզ, սահմանափակումները համաչափ են, կամայական չեն, կարող են ԸՕ-ում տեղ գտնել։
Կարդացեք նաև
Պնդեց՝ այս կարգավորումներով որեւէ ոչ իրավաչափ քայլ չի կատարվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































