Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը նեղսրտում է այս փոփոխություններից, թող վերադառնան Հայաստան, ապրեն ու պատրաստվեն մյուս ընտրություններին»․ Գեղամ Նազարյան

Հուլիս 01,2026 16:37 Share

«Գնում ենք այս քայլին, որովհետեւ մեր ժողովուրդը հանգամանքների եւ դժբախտությունների բերումով սփռված է աշխարհով մեկ եւ որոշ երկրներում ունի շատ մեծ բնակչություն։ Ունենալով շատ մեծ բնակչություն՝ բնականաբար, այդ մարդիկ գտնվում են այս կամ այն խոշոր բիզնեսի եւ այլ շահերի ազդեցության տակ։ Եվ ես, որպես ՀՀ քաղաքացի, այստեղ ծնված, այստեղ մեծացած մարդ, ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր իր ելույթում հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Ելույթը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին։ Նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար բնակության ցենզ սահմանել։ Նախագծին դրական եզրակացություն տրվեց։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չէին մասնակցում։

«Նախագծերով առաջարկվում է համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարեւորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաեւ՝ բովանդակային կողմը։ Ըստ այդմ, առաջարկվում է ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաեւ քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր գտնվելու պահանջ՝ ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ տեղական հանրաքվեների համար ներկայումս սահմանված կարգավորումների հետ համակարգային միասնականությունը»,- ասված է նախագծում։

«Ես որեւէ մեկին չեմ ուզում նեղացնել, բայց եթե ինչ-որ մեկը նեղսրտում է այս փոփոխություններից, թող վերադառնան Հայաստան, ապրեն ու պատրաստվեն մյուս ընտրություններին»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ նկատի ունենալով, օրինակ, նրանց, ովքեր 1990-ականների կեսերին՝ չցանկանալով դժվարություններ կրել, հեռացել են Հայաստանից, հիմա եկել եւ ցանկանում են մասնակցել ընտրություններին։

Գեղամ Նազարյանն ասաց՝ չի ցանկանում, որ X մարդը, որն ունի ՀՀ քաղաքացիություն, անձնագիր, որոշի, թե ինքը, իր երեխաներն ու թոռներն ինչպես պետք է ապրեն։ Հիշեցրեց, որ պատգամավորության թեկնածուի համար ցենզ կա, ու չի հասկանում, թե ընտրելու դեպքում ինչո՞ւ ենք այսքան ազատ։

Կարծում է՝ ավելի խիստ պետք է լինենք, եւ այդ մարդկանց ընդհանրապես պետք է հանենք ընտրացուցակներից. «Եթե ուզում ենք պետություն դառնանք, այս հարցերը պետք է արմատապես լուծենք՝ անկախ ՄԱԿ-ի կոնվենցիաներից։ Երկրներ կան, իրենց անվտանգությանն են նայում, հետո՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներին։ Մենք պետք է առաջնային համարենք միշտ ՀՀ անվտանգությունը, ՀՀ քաղաքացու անվտանգությունը։ Բայց վերջին ընտրություններին մեր անվտանգությունը խաթարվեց»։

Պատմեց՝ «մի տաջիկ լավ ընկեր կա», չիմանալով իրողությունները՝ իրեն պատմել է, թե «մի լավ հայ գործարար կա, որը հայերի համար ինքնաթիռն անվճար էր սարքել, բայց, դե, մենք, որ տաջիկ էինք, վճարեցինք»։ Գեղամ Նազարյանը տարակուսած է. «Սրանից հետո մենք ոնց պիտի թողնենք, որ անլուրջ վերաբերմունք լինի մեր երկրի նկատմամբ։ Սիրում եք այս երկիրը՝ ձեր երեխաներին նախեւառաջ հայերեն գրել-կարդալ սովորեցրեք, ուղարկեք՝ գոնե ԶՈւ-ում ծառայեն, հետո նոր խոսենք։ Թե չէ էդպես չի լինի՝ գաք ու ասեք՝ մենք թքած ունենք, թե այս երկրի պաշտպանության համար քանի հերոս զոհվեց, քանի հոգի վիրավորվեց, կարեւորը մեր գործն է։ Բա լավ, մենք անհատական ինքնասիրություն, արժանապատվություն ունենք, բա ազգային ինչո՞ւ չունենանք։ Շատ էլ մեղմ կարգավորումներ են»։

Վահագն Ալեքսանյանը Գեղամ Նազարյանին շնորհակալություն հայտնեց նման ելույթի համար։

Գեղամ Նազարյանն առաջարկեց դիվանագիտական եւ հյուպատոսական աշխատանքի մեկնածների, արտերկրում սովորողների, նաեւ օրինական պայմաններով՝ պայմանագրերով արտերկիր աշխատանքի մեկնածների համար էլ բացառություններ արվեն։

Լիլիթ Մինասյան

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկեց առողջապահական խնդիրներով արտերկրում գտնվողների մասով էլ բացառություններ արվեն։ ՆԳՆ նախարարին էլ հորդորեց՝ հատուկ ուշադրության տակ պահել գործընթացը, որ ՀՀ քաղաքացիները թե կրթական, թե առողջապահական պատճառաբանություններով կեղծ անձնագրեր չկարողանան ներկայացնել։ Դրան կօգնի կենսաչափական անձնագրերի արագ շրջանառության մեջ դնելը։

Ալխաս Ղազարյան

Նախագիծը ներկայացնող իշխանական պատգամավոր Ալխաս Ղազարյանը հակասահմանադրական չի համարում այս նախաձեռնությունը։ Պարզաբանում է՝ քանի որ նման բացառություն ունենք ՏԻՄ մասին օրենքում, այդ սկզբունքով են առաջնորդվել։ Միջազգային նման փորձ էլ կա։

«Աշխարհասփյուռ հայությունը սրտով կարող է կապված լինել Հայաստանի հետ, ամառները գալ ՀՀ-ում անցկացնել, բայց տեղում գտնվելու պարագայում կարող ես միայն ներքաղաքական իրավիճակին շատ լավ ծանոթ լինել։ Դրսում ազդեցություն ունի մեդիան, ազդեցություն ունեն որոշակի կազմակերպություններ, որոնք հիմնականում միտված են ապապետական գործունեությանը, դրսում ապրող քաղաքացին էապես տարբերվող կարծիք կարող է ունենալ Հայաստանի ներսում զարգացումների վերաբերյալ»,- ասաց Լիլիթ Մինասյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիներն ավելի հստակ գիտեն, թե ինչպես որոշել ՀՀ ճակատագիրը՝ իրենց ընտրությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031