«Չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումատուների մատնանշած խախտումներն իրականում տեղի են ունեցել կամ տեղի են ունեցել այն ծավալով ու բնույթով, ինչպես ներկայացվում էին և կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա»,-ՍԴ նիստի ընթացքում իր ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հիշեցնենք՝ 6 օր շարունակ Սահմանադրական դատարանը քննեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումները։
Սրբուհի Գալյանն ասաց՝ դիմող կողմը պարտավոր էր ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլ դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա․ «Դիմողներին սա չի հաջողվել։ Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա։ Դիմողները պնդում են, որ չարաշահվել է վարչական ռեսուրսը, բայց, երբ փորձում ենք հասկանալ այդ պնդման բովանդակությունը, պարզվում է, որ դրա տակ հիմնականում դրվում է կառավարության բնականոն գործունեությունը։ Ի՞նչ պետք է աներ կառավարությունը՝ դադարեցնե՞ր իր գործունեությունը, չիրականացնե՞ր կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները, օրինակ՝ չշարունակե՞ր իրականացնել համընդհանուր ապահովագրության՝ տարիներ տևած ռեֆորմը, սոցիալական միջոցառումներ չիրականացնե՞ր, չիրականացնե՞ր կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները։ Երևի դիմումատուները ցանկանում էին՝ այդպես լիներ, որ իրենցից շատերի՝ ենթադրյալ բաժանված ընտրակաշառքներն իրոք ի զորու լինեին փոխել ընտրությունների իրական արդյունքը։ Եթե վարչական ռեսուրսով էր ապահովվում ընտրությունների արդյունքը, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ծավալուն քարոզարշավ, որի ականատեսը եղավ հանրությունը։ Դատարանին այդպես էլ չներկայացվեց գեթ մեկ կոնկրետ դեպք, որն իր բոլոր տարրերով կհաստատեր վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը և դրա ազդեցությունը ընտրողի ազատ կամարտահայտման վրա»։
Կարդացեք նաև
Սրբուհի Գալյանը նաև կարծում է, որ անհիմն են դիմողները այն պնդումները, թե իրավապահները թիրախավորել են իրենց․ «Ի՞ նչ աներ իրավապահը, չարձագանքե՞ր, ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման դեպքերի վերաբերյալ վարույթ չնախաձեռնե՞ր, չասե՞ր՝ որ ուժին են վերագրվում արարքները»։
ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































