Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի երդման տեքստում փոփոխությունների նախագիծը ստացել է ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը

Հուլիս 01,2026 17:42 Share

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Հասմիկ Հակոբյանը հեղինակել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում: Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով փոփոխությունները միտված են ընդգծելու պետականության ամրապնդումը, ինքնիշխանությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը:

Զեկուցողը նշել է, որ ժամանակակից պետական համակարգում ազգային իղձերը վերափոխվել են պետական շահերի, եւ անհրաժեշտ է երդման սկզբնաղբյուրում «համազգային նպատակներ» ձեւակերպումը փոխարինել Հայաստանի Հանրապետության հարատեւության եւ զարգացման հանձնառությամբ:

Առաջարկվող նոր երդման տեքստն ունի հետեւյալ բովանդակությունը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը եւ շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ըդգծվել է, որ փոփոխությունների հիմքում ընկած է պետականակենտրոն մոտեցումը, որտեղ պատգամավորի գործունեության առանցքը պետության պաշտպանությունն է: Տեքստում հատուկ տեղ է հատկացվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, իսկ եզրափակիչ մասում «Փառք նահատակներին» ձեւակերպման ավելացումը պետականության համար կյանքը զոհաբերած անձանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակ ունի: Արուսյակ Ջուլհակյանի համոզմամբ փոփոխությունները կոչված են ընդգծելու պատգամավորի բարձր պատասխանատվությունը պետության առջեւ եւ նրան տալու հստակ ուղենիշներ հետագա գործունեության համար:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարակից զեկույցում կարեւորել է օրենքի նախագիծը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ համահունչ փոփոխություն է նաեւ նախատեսվել կատարել Կառավարության անդամի երդման տեքստում:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031