Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Միշուստինը Փաշինյանին՝ ֆոն դեր Լայենից առաջ

Հուլիս 02,2026 10:00 Share

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին ժամանել է Բաքու: Նույն օրը, երբ ֆոն Դեր Լայենը ժամանել է Բաքու, որտեղից՝ ի դեպ, այցելելու է Երեւան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնությամբ կապվել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ:

Կառավարության հաղորդագրությունը չի մանրամասնում, թե հատկապես ինչ հարցեր են քննարկել Միշուստինն ու Փաշինյանը: Նշվում է, որ քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային կապերը: Բայց այն, որ Փաշինյանը Միշուստինին զանգահարում է ֆոն դեր Լայենի՝ Բաքու ժամանման օրն ու այնտեղից Երեւան ժամանելու նախօրեին, իրապես ուշագրավ ու հատկանշական է:

Դա թերեւս արտացոլում է այն բավականին բարդ ու բազմաշերտ եռանկյունին, որ ձեւավորված է Ռուսաստան-Հայաստան-ԵՄ տիրույթում: Ի դեպ, հատկանշական է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը կապվում է Միշուստինի, այլ ոչ թե Պուտինի հետ, թեեւ նախընտրական շրջանում հայտարարում էր, որ ունի հունիսի երկրորդ կեսին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպելու պայմանավորվածություն: Ընդ որում, Կրեմլը չէր էլ հերքում Փաշինյանի այդ հայտարարությունները: Սակայն հանդիպում չեղավ, իսկ Փաշինյանն էլ կապվում է Միշուստինի հետ: Պուտինը մերժե՞լ է: Եթե լիներ Մոսկվայի, այսպես ասած, տոտալ մերժում, ապա հազիվ թե Միշուստինը վերցներ լսափողը՝ եթե դրան դեմ լիներ Պուտինը:

Այնպես որ, ավելի հավանական է, որ ՌԴ նախագահի օրակարգում ներկայումս բոլորովին այլ առաջնահերթություններ են ու չկա Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի ժամանակ: Խոսքն այն մասին է, որ վերջին երկու-երեք շաբաթներին աննախադեպ ուժգնացել են Ուկրաինայից Ղրիմին եւ ընդհուպ Մոսկվային հասցվող հարվածները, Ռուսաստանին պատճառելով լուրջ անհարմարություններ ու խնդիրներ: Իսկ դա թերեւս վկայում է ուկրաինական ուղղությամբ էսկալացիայի նոր աստիճանի մասին:

Իսկ հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի հարվածները ուղղակի անհնարին կլինեին առանց եվրոպացիների թե ֆինանսական, թե տեխնոլոգիական, թե ինֆորմացիոն-հետախուզական համապարփակ աջակցության, առավել ուշագրավ է դառնում նաեւ այդ ֆոնին ֆոն դեր Լայենի այցը Բաքու, հետո՝ Երեւան:

Եվրահանձնաժողովի նախագահը թերեւս կփորձի դիվանագիտական-քաղաքական մակարդակում զարգացնել այն, ինչ ռազմական մակարդակում ավելացրել են ուկրաինական ուղղությամբ: Փաշինյանը թերեւս փորձել է Միշուստինի հետ կապով հասկանալ, թե հակազդեցության ի՞նչ պոտենցիալ կամ տրամադրվածություն ունի Մոսկվան:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել