Գլենդելի պատմութեան մէջ առաջին անգամ՝ քաղաքի ոստիկանապետի պաշտօնը զբաղեցնում է հայազգի գործիչ Ռոբերտ Ուիլեամը:
Ուիլեամն իր անցած ուղու, ներդրումների, նոր պաշտօնում ծրագրային առաջնահերթութիւնների մասին կիսուեց «Ասպարէզ»ի հետ հետեւեալ զրոյցում.
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գլենդելի ոստիկանապետի պաշտօնում դուք առաջին հայն էք: Մեր համայնքի համար սա մեծ առաջընթաց է՝ հաշուի առնելով, որ տարիներ առաջ Գլենդելի ոստիկանական վարչութիւնում քիչ քանակով հայ աշխատակիցներ կային, ինչը չէր արտացոլում քաղաքի հայ բնակչութեան թիւը: Ի՞նչ ուղերձ է սա հայ երիտասարդներին, ովքեր մտածում են ոստիկանի մասնագիտութեան մասին:
ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Տարիներ առաջ, ես այն եզակի հայ երիտասարդներից էի, ով ցանկանում էր ոստիկան դառնալ, ընկերներիս մեծամասնութիւնը նախընտրում էին բժշկի ու փաստաբանի մասնագիտութիւնները: Երբ աշխատանքի անցայ, Գլենդելի ոստիկանական վարչութիւնում ընդամէնը հինգ հայ սպայ էր աշխատում, ովքեր վաղուց էին բնակւում Ամերիկայում: Ես միակ նոր ներգաղթեալն էի, սակայն զգում էի, որ շուտով ունենալու ենք աւելի շատ հայ ոստիկաններ, քանի որ ծանօթանալով մշակոյթին, հայ ծնողները սկսում էին ընդունել, որ Միացեալ Նահանգների իրաւապահ համակարգը տարբեր է իրենց երկրներում ունեցած փորձառութիւնից: Ոստիկանի, որպէս հանրային ծառայողի մասնագիտութիւնը ազնիւ եւ յարգուած մասնագիտութիւն է այս երկրում եւ կարող է բաւարար եկամուտ ապահովել բարեկեցիկ կեանքի համար:
Կարդացեք նաև
Որոշ ժամանակ պահանջուեց, եւ այսօր շատ երիտասարդներ նախընտրում են ոստիկան դառնալ: Գլենդելի Ոստիկանութիւնում ներկայում հայ ոստիկանների թիւը 35 է, որոնցից ութը կանայք են: Մենք ունենք ծրագրեր, որտեղ հնարաւոր է ներգրաւուել 14 տարեկանից սկսած: Կարծում եմ, հայ պատանիների համար իմ ոստիկանապետ լինելը դռներ է բացում, եւ յուսով եմ շատերը կը հետեւն իմ օրինակին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են, ըստ ձեզ, Գլենդելի Ոստիկանական վարչութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները: Որպէս ոստիկանապետ ծրագրային ի՞նչ առաջնահերթութիւններ ունէք:
ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Մեր բաժանմունքի համար ամենամեծ մարտահրաւէրը միշտ էլ լինելու է ստեղծելը միջավայր, որտեղ ոստիկանները ցանկանան աշխատել: Վերջին շրջանում խոշոր ձեռքբերումներ ենք ունեցել՝ աշխատանքի ենք ընդունել նոր ոստիկանների, ստեղծել ենք հետախուզական նոր կենտրոն՝ յագեցած նորագոյն տեխնոլոգիաներով (արհեստագիտութիւնով), գնել ենք նոր ուղղաթիռ, շարժական հրամանատարական նոր կէտ: Իմ ծրագրային առաջնահերթութիւններից է այժմ ապահովել, որ աշխատակիցները գոհ լինեն աշխատավայրից ու նուիրուած աշխատեն, քանզի երբ նրանք ուրախ են պայմաններից՝ համայնքին էլ լաւագոյնս կը ծառայէն: Գլենդելի ոստիկանական համակարգում մեր առաքելութիւնը ամփոփուած է երեք դրոյթներում՝ պաշտպանել Գլենդելը, պահպանել վստահութիւնն ու մեծացնել մեր ներուժը:
Գլենդելի բնակիչների համար քաղաքի հիմնական խնդիրը անվտանգ երթեւեկութեան հարցն է, ինչի մասին լսում եմ տարբեր կողմերից: Այս հարցն էլ իմ առաջնահերթութիւնների շարքում է, քանզի իւրաքանչիւրս ամէն օր բախւում ենք այս խնդրին, ականատես ենք լինում անբարեխիղճ վարորդների կողմից կոպիտ խախտումների: Ես ծրագիր ունեմ խստացնելու երթեւեկութեան կանոններն ու վերահսկողութիւնը, որը յստակ ուղերձ կը լինի, որ անխոհեմ վարորդների նման վարքագիծը չի հանդուրժուելու: Ընդլայնելու եմ ճանապարհային երթեւեկութեան կանոնների կարգաւորմամբ զբաղուող գրասենեակը եւ կենտրոնացնելու ենք մեր ոստիկանների ջանքերն այս ուղղութեամբ:
Անդրադառնալով լուրջ յանցագործութիւններին, գործնականում, Գլենդելում թէեւ հազուադէպ, բայց տեղի են ունենում նման յանցանքներ, սակայն մենք հիմնովին բացայայտում ենք՝ լինի սպանութիւն, գողութիւն, թէ կողոպուտ: Մեր խուզարկուները, տեխնոլոգիաները, հետաքննութեան մակարդակը շատ բարձր է եւ յանցագործները միշտ բացայայտւում են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Հանրային վստահութիւնը ոստիկանութեան արդիւնաւէտ աշխատանքի հիմքերից է: Որպէս ոստիկանապետ՝ ինչպէ՞ս էք պատրաստւում ամրապնդել այդ վստահութիւնը, եւ ինչպիսի՞ համագործակցութիւն էք պատկերացնում ոստիկանութեան եւ համայնքի միջեւ:
ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Ես հաւատում եմ, որ ոստիկանութեան աշխատանքը երկկողմանի ճանապարհ է՝ կողմերը երկուստեք կրում են պատասխանատուութիւն: Մարդիկ ասում են, որ Գլենդելը շատ ապահով ու անվտանգ է, քանի որ ունենք լաւագոյն ոստիկանական բաժանմունքը: Ես էլ կ՛ասեմ, որ դա արդիւնք է նաեւ նրա, որ մենք ունենք օրինապահ հասարակութիւն, բնակիչներ, ովքեր աջակցում են ոստիկանական բաժանմունքին: Եւ այն ինչ ունենք՝ հնարաւոր է դարձել համատեղ աշխատանքով:
Իմ աշխատանքային փիլիսոփայութեան հիմքում հասարակութեան հետ համագործակցութիւնն է, վստահութեան եւ յարաբերութիւնների ստեղծումը: Մենք հանրութեան մի մասն ենք, եւ ձեռքբերումների համար մեզ անհրաժեշտ է համայնքի ներգրաւուածութիւնն ու մասնակցութիւնը:
Մենք փորձում ենք բաց եւ թափանցիկ լինել մեր աշխատանքի եւ ծրագրերի մասին, մեր կայքի միջոցով մշտապէս ներկայացնում ենք մեր գործունէութիւնը, խօսում ենք մեր բնակիչների հետ, ունենք կրթական, տեղեկատուական ծրագրեր: Մեր ցանկութիւնն է, որ քաղաքի իւրաքանչիւր բնակիչ հանգիստ զգայ դիմելու ոստիկանութեանը, երբ օգնութեան կարիք ունենայ կամ ցանկանայ տեղեկութիւն հաղորդել յանցագործութիւն մասին՝ առանց մտահոգուելու, որ կարող է խնդիրներ ունենալ: Մեր վարչութեան իւրաքանչիւր ոստիկան, պատրաստ է զրուցել եւ համագործակցել մեր բնակիչների հետ, ինչպէս այս պահին ես զրուցում եմ ձեզ հետ: Իմ եւ մեր փիլիսոփայութիւնն է՝ լինել բաց եւ հասանելի, եւ նոյնն էլ ակնկալում ենք մեր համայնքից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:


















































