Լրահոս
Օրվա լրահոսը

Ես համաձայն չեմ՝ քննչական կոմիտեի նախագահը կոնդիցիոների զովի տակ սուրճ խմի, աշխատավարձ ստանա, իսկ ես այս ձևով պայքարեմ. իրավապաշտպան

Հուլիս 03,2026 13:24 Share

Կիբերխարդախությունների հետևանքով իրենց խնայողությունները կորցրած քաղաքացիներն այսօր Քննչական կոմիտեի շենքի առաջ պահանջել են կոմիտեի ղեկավարի հրաժարականը։

«Այլևս արժանահավատ չեն նրանց խոսքերը մեզ համար։ Պատճառաբանում են, իբր այդ հանցագործները, գտնվելով Հայաստանում, թալանի են ենթարկել արևմտյան երկրների քաղաքացիներին, ու օտարերկրյա քաղաքացիներին մեզ հետ նույնականացնելը մեզ համար դժվար է։ Իրական գումարները պետք է տրամադրենք իրական տուժողներին։ Այդպես էլ շատ դժվար է լինում, այդպես էլ անկարողների համար ամեն ինչ դժվար է։ Գործի մասնագետի համար դժվարություններ չկան։ Սրանց համար դժվար է, թող հրաժարական տան, դուրս գան։ Ինչո՞ւ են վեր ընկել այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։

Նրա խոսքով՝ տապալել ու ձախողել են կիբերհանցագործությունների և ներդրումային խարդախությունների դեմ պետական պայքարը։

«Պետք է քաղաքական կամք ու պետական որոշում։ Դա պետք է անի կոմիտեի նախագահը, ոչ թե ես։ Ես համաձայն չեմ, որ ինքը նստի կոնդիցիոների զովի տակ, սուրճ խմի, աշխատավարձ ստանա, իսկ ես այս ձևով պայքարեմ, որ կառավարությունը նման որոշում կայացնի։ Իյա, բարև ձեզ, տանը մարդ կա՞»։

Կարագյոզյանի խոսքով՝ տոտալ անգործություն է։ Իրենց առաջին պահանջն է բացահայտել իրական հանցագործներին, որոնք պետք է իրական ու խիստ պատիժ կրեն։

«Սկսում եմ տարակուսել՝ արդյոք արժե իրավապաշտպանությամբ զբաղվել։ Գուցե ավելի նպատակահարմար է զբաղվել կիբերհանցագործությամբ։ Գուցե մի քանիսից կգողանամ տասնյակ միլիոնավոր դրամներ։ Կգողանամ, հետո կբռնեն։ Կբռնեն՝ 90 տոկոս հավանականությամբ դժվար էլ բռնեն։ Եթե բռնեն, այս փողը կամ կտամ, իրենց հետ կգնա պետբյուջե, չնստեմ, կամ չտամ, իրենցից կգնամ մի երեք տարի բանտ կնստեմ, հետո դուրս կգամ ու իմ միլիոնավոր դրամները կծախսեմ։ Ստեղծել են մի միջավայր, որտեղ ծաղկում է կիբերհանցագործությունը, որտեղ մեղադրում են զոհին»։

Իրավապաշտպանն ասաց, որ առաջարկել են խարդախության բացահայտված դեպքերից պետբյուջե վերադարձված գումարների հաշվին ստեղծել պետական ֆոնդ։ Եթե քաղաքացիներին տուժող են ճանաչել, ապա տուժողների իրավունքները պետք է վերականգնվեն այդ ֆոնդի հաշվին։ Ըստ Կարագյոզյանի՝ այդ առաջարկը եղել է միջազգային փորձի հիման վրա ու այնքան լավ առաջարկ էր, որ «չեն մարսել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել