Արցախի Ազգային ժողովում դեռ հստակություն չկա, թե Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո ինչ զարգացումներ են սպասվում։ Պատգամավորներն անորոշության մեջ են, խուսափում են պատասխանել լրագրողների հարցերին, «Առավոտի» հետ զրույցում ոմանք նաեւ ասացին, որ հրաժարականից առաջ Աշոտ Դանիելյանն իրենց հետ քննարկում չի կազմակերպել։
Հուլիսի 2-ին Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում է կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Ըստ Արցախի Սահմանադրության՝ Դանիելյանը նաեւ Արցախի նախագահի պարտականություններն էր կատարում, քանի որ Արցախի ԱԺ խմբակցությունները Արցախի նախագահի թեկնածու չէին առաջադրել 2025 թվականին։
«Վերջին ժամանակահատվածում իմ անձի շուրջ ձևավորված կեղծ եւ արհեստական խոսակցությունները, շրջանառվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները եւս ազդել են այս որոշման կայացման վրա։ Չեմ ցանկանում, որ իմ անձի դեմ ուղղված նպատակային արշավը որեւէ կերպ ստվեր նետի Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների եւ Ազգային ժողովի հեղինակության վրա։ Երբ անհրաժեշտ միասնականությունն ու ընդհանուր պատասխանատվությունը բացակայում են, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Ուստի այս որոշումը նաեւ պետական կառույցը անձնական շահարկումներից եւ արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ է։ Հետեւաբար, ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,- իր հրաժարականի տեքստում գրել է Աշոտ Դանիելյանը։
Ենթադրվում է, որ նրա հրաժարականի պատճառը «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին առնչվող դրամական միջոցների վերաբերյալ վերջին շրջանի տեղեկություններն էին։ Աշոտ Դանիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են իրեն՝ որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, բացառապես պաշտոնական գործունեության ապահովման եւ դրանից բխող ծախսերի իրականացման նպատակով։ Նա տեղեկացրել էր, որ այդ միջոցները չեն հանդիսացել անձնական եկամուտ եւ տնօրինվել են Արցախի Հանրապետության պետական ու հանրային շահերից բխող խնդիրների լուծման համար։ «Անընդունելի է, երբ առանձին անձինք, առանց փաստերին տիրապետելու եւ որեւէ հիմնավոր ապացույց ներկայացնելու, սոցհարթակներում փորձում են հանրային զգայուն թեմաները վերածել քաղաքական հաշվեհարդարի, վարկաբեկման և կեղծ օրակարգերի ձևավորման։ Հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը հաշվի առնելով՝ առաջիկա օրերին կձեւավորվի հատուկ հանձնաժողով, որի առջեւ խնդիր կդրվի բազմակողմանիորեն ուսումնասիրել Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը, ինչպես նաեւ նշված դրամական միջոցների նպատակային օգտագործման հետ կապված բոլոր հանգամանքները»,- տեղելացրել էր Աշոտ Դանիելյանը։ Հանձնաժողով ձեւավորելու մասին հայտարարել էր նաեւ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Կարդացեք նաև
«Առավոտը» Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցից փորձեց ճշտել՝ նախքան հրաժարականը Աշոտ Դանիելյանը քննարկում կազմակերպել է իրենց հետ, պարզաբանվա՞ծ է՝ ո՞րն է հրաժարականի պատճառը, արդյոք պառակտում կա՞ Արցախի խորհրդարանում։ «Իմ մասնակցությամբ ոչ մի քննարկում չի եղել, եւ դժվարանում եմ որեւէ ինֆորմացիա տալ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով կփոխարինի Աշոտ Դանիելյանին, Բաղունցն ասաց․ «Դեռ հստակ բան չկա»։
Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը նույնպես ասաց, որ իր մասնակցությամբ որեւէ քննարկում տեղի չի ունեցել։ «Ոչ որեւէ մեկի հետ քննարկվել է, ոչ էլ տեղյակ եմ։ Ինձ որ հաստատ ոչ մեկը ոչինչ չի տեղեկացրել, էլի մարդիկ գիտեմ, որ իրենց հետ քննարկում չի եղել։ Միգուցե ինչ-որ մարդկանց հետ քննարկում եղել է, բայց ընդհանուր քննարկում չի եղել»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Հարությունյանը։
Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Քաղաքից դուրս եմ, այս պահին գալիս եմ քաղաք, որ մի հատ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Ինքն իր տեքստում նշել է, թե ինչու է հրաժարական տվել, բայց պիտի հանդիպենք ու հասկանանք մանրամասները»։ Նա նշեց, որ նախկինում տարբեր քննարկումներ եղել են, բայց այս պահին իրենք էլ Աշոտ Դանիելյանի հայտարարությունից են տեղեկացել հրաժարականի մասին։ «Քննարկում կանենք, կհասկանանք մեր հետագա քայլերը եւ տեղյակ կպահենք հանրությանը։ Քանի որ Աշոտ Դանիելյանը նաեւ կատարել է Արցախի նախագահի պարտականությունները, հիմա պետք է քննարկում անենք, այն, ինչ պետք է հանրայնացվի, կհանրայնացվի»,- ասաց Սեյրան Հայրապետյանը։
Պատգամավորները խուսափեցին խոսել «Արցախֆրուտ» ՓԲԸ դրամական միջոցների հարցի մասին։ Իսկ անձամբ Աշոտ Դանիելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի նրա հեռախոսահամարն անհասանելի է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.07.2026


















































