Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչականին ասում ենք՝ ապօրինի է, մի՛ արա, ասում է՝ ես իմ գործը կանեմ, բողոք ունես՝ գնա ուրիշ տեղ բողոքի. «Արարատցեմենտի» աշխատակիցները ցույց են անում

Հուլիս 09,2026 11:38 Share

«Արարատցեմենտի» աշխատակիցները գործարանի կապարակնքված դարպասների մոտ բողոքի ցույց են իրականացնում: Նրանք արդեն 4-րդ օրն է՝ չեն աշխատում և ցանկանում են իմանալ՝ ի վերջո, երբ են կարողանալու վերադառնալ աշխատանքի:

Գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանն ասաց, որ դիմել են իրավապահներին, հարցնում են՝ ինչ է լինելու, սակայն նրանք էլ չգիտեն պատասխանը: «Քննչական կոմիտե ենք դիմել, խնդրել ենք, որ գան, կապարակնիքները հանեն, մարդիկ կարողանան աշխատել, ժողովուրդն էլ կարողանա օրվա հացի հարցը լուծել, բայց մինչև օրս ոչ մի պատասխան չունենք»,- նշեց նա։

«Ինչ գործողություն արել են, իրենց հանձնարարականի հետ չի խոսում։ Պարզ է, որ այդ մարդիկ, երևի, կոնկրետ պատվեր են իրականացրել, եկել, փակել, գնացել են։ Հարց եմ տալիս՝ բա ի՞նչ ենք անելու, ասում է՝ չգիտեմ, կասենք։ Մինչև այսօր այդ հարցին մեզ ոչ ոք չի պատասխանել»,- ասաց Արտյոմ Պողոսյանը։

Լրագրողի հարցին՝ ինչ-որ իրավական հիմք կա՞ կամ հստակ պատճառ կա՞, «Արարատցեմենտի» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հետևյալ կերպ արձագանքեց. «Այն հիմքերով, ինչով իրենք եկել էին, ինչ փաստաթուղթ ունեին, դրանով իրենք որևէ գործողություն անելու, այն, ինչ որ արել են, դրա իրավունքը չունեն։ Մի քանի օր փորձում ենք, քննչականին ասում ենք՝ ինչ, որ դու անում ես, ապօրինի է, մի՛ արա, չի կարելի։ Ասում է՝ ես իմ գործը կանեմ, բողոք ունես՝ գնա ուրիշ տեղ բողոքի»։

Աշխատակիցներից մեկը նեղսրտեց. «Էսքան ժողովուրդով գնանք ո՞ւր բողոքենք… էդ մարդը մեզ հաց ու ջուր ու ապրելու իրավունք է տալիս երկրի մեջ։ Մի սահմանափակ մարդ եկել է՝ էսքան ժողովրդին ուզում է փակի… Հիմա որտե՞ղ մեր իրավունքը պահենք…»։ Մարդիկ դժգոհեցին, որ ապառիկ և վարկեր ունեն, եթե չաշխատեն, ինչպե՞ս են փակելու իրենց պարտքերը»:

Արտյոմ Պողոսյանը դիմեց լրատվամիջոցներին՝ խնդրելով հարցին հանրայնություն տալ. «Այսքան ժողովրդի ճակատագիրը ո՞վ է լուծելու… ի՞նչ է լինելու այս ամենի վերջը»։

Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» գործարանը պատկանում է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի «բիզնես ողնաշարը»՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։

Ի դեպ, 2018-2021 թվականներին Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Այո՛, Արարատի բնակչության աշխատատեղերի տնտեսական հսկան «Արարատցեմենտ» գործարանն է, որտեղ աշխատում է շուրջ 1500 մարդ, որոնք ունեն ընտանիքներ և իրենց հանապազօրյա հացը վաստակում են հենց այս գործարանում աշխատելով։

Հլը մտեք ԿԸՀ-ի հունիսի 7-ի ընտրությունների արձանագրությունները ստուգեք, հլը տեսեք՝ Արարատի մարզում քանի՞ մարդ է ձայն տվել ԲՀԿ-ին…

Հիմա ինչի՞ մասին է խոսքը։ Նիկոլն ասել էր, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու է, ունեզրկելու է, բայց դուք գնացիք ու էլի Նիկոլին ընտրեցիք….

Ասենք նորմալ չի՞ էս վիճակը, հը՞…»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031