Մինչ հոդվածիս բուն բովանդակությանն անցնելը, իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին ու քաղհալածյալներին։
Նախորդ անգամ գրում էի, որ Փաշինյանը միայն առաջին հայացքից է «քաոտիկ» հռետոր։ Իրականում նրա հանրային խոսքը բրոունյան շարժում չէ, այլ հստակ հռետորաբանություն՝ կատարելագործված սոփեստություն։
Հին հույները, որոնք իրենց մաշկի վրա են զգացել սոփեստների ողջ քայքայիչ ազդեցությունը, մշակել էին որոշակի մեթոդաբանություն, թե ինչպես պետք է պայքարել հանրային խոսքի նման դրսևորումների դեմ։
Դասական հռետորաբանությունը փաստում է, որ գործչի խոսքի ազդեցությունը 3 հիմնական աղբյուր ունի՝ լոգոս (խոսքի տրամաբանականությունը), էթոս (ելույթ ունեցողի հեղինակությունը) և պաթոս (հղում՝ էմոցիաներին)։
Կարդացեք նաև
Եթե վերլուծենք Փաշինյանի խոսքն այս կտրվածքով, ապա կունենանք հետևյալ պատկերը՝ Նիկոլի խոսքի լոգոսը խոցելի է և թույլ (սա գիտակցված ընտրություն է սոփեստների համար,- Ա.Ա.), իր էթոսը՝ հեղինակությունը, սահմանափակվում է իր աջակիցների շրջանակով՝ գումարած ի պաշտոնե վարչապետական բոնուսը։ Այնինչ պաթոսի՝ զգացմունքների առումով, նա իր ոճի վարպետն է։
Առհասարակ սոփեստները խելացի և գրավիչ կերպարներ էին։ Նրանցից վճարովի դասեր են վերցրել, օրինակ՝ Պերիկլեսը և Սոկրատեսը։ Իսկ վերջինիս բրենդային՝ հարցուպատասխանային ոճը նա ամբողջությամբ ընդօրինակել է Աթենքի հռչակավոր սոփեստներից։
Փաշինյանի ուժեղ կողմերից մեկը նաև բացասական էմոցիաների ստեղծումն ու շահարկումն է քաղաքական նպատակներով։ Եվ սա նույնպես գիտահեն է. պարզվում է, որ գլխուղեղում հաճույքի կենտրոններն ակտիվանում են բացասական էմոցիաներից, ինչպես պնդում են որոշ գիտնականներ. նման մարդիկ նեգատիվ սպառող «թմրամոլներ» են։
Երկրի ներսում վախի մթնոլորտը, պատերազմով սպառնալը որոշակի արդյունավետությամբ օգտագործվող հնարքներ են։
Հարկ է շեշտել մեկ այլ փիլիսոփայական եզրահանգում ևս։ Ըստ Պլատոնի՝ մարդիկ հիմնականում գտնվում են անգիտության քարանձավի մեջ, որը նրանց հասանելի և ծանոթ միակ իրականությունն է։ Սովորական դարձած այս «բանտարկությունը» մեծամասնության համար գերադասելի է ազատության վախեցնող անհայտությունից։ Նման դեպքերում շատերը գերադասում են ծանոթ սուտն անծանոթ ճշմարտությունից՝ նախընտրելով հարմարավետությունն ու կաղապարը, անգամ եթե դա մահացու է (Պլատոն)։
Ամփոփելով այս ամենը՝ ի՞նչ խորհուրդ կտային հին հույները մեզ։
1. Չպարտվել Նիկոլին պաթոսով և հաղթել լոգոսով ու էթոսով։
2. Չընկնել նրա սոփեստական թակարդները, չխաղալ նրա կանոններով։
3. Նիկոլն ատում է փաստերը, որոնք փորձում է ոչնչացնել հերքումներով։ Ուստի պարտադիր կանոն է՝ հերքել նրա պնդումները (!):
4. Հանրային խոսքում չմոռանալ մեծամասնությանը սոսնձող արժեքների մասին։
5. Տալ տեսլականներ, խոշոր վրձնահարվածներով պատկերել այլընտրանքային ապագան։
6. Երբեք չլինել անազնիվ հասարակության հանդեպ։ Անազնվությունը գոլային փոխանցում է սոփեստներին (!):
7. Ամեն անգամ ընտրել ճիշտ պահը և ձևը Փաշինյանին հակադարձելու համար (հույները դա կոչում էին «կայրոս»,- Ա.Ա.)։
8. Հիշել, որ «էքսպրոմտ» խոսքը շատ ավելի ազդեցիկ է և թիրախային, քան «օֆիցիոզը»։
Անշուշտ, այս ցանկն ավարտուն չէ, իսկ շատ բան կախված է նաև ընդդիմությունը ներկայացնող անձերից։ Սակայն, հաշվի առնելով, որ ընդդիմությունը մանդատները վերցնելու և Խորհրդարան գնալու կանխատեսելի որոշում է կայացրել, հուսամ, որ իմ մտորումները կարող են օգտակար լինել ընդդիմադիր պատգամավորներին։
(Շարունակելի…)
Հ.Գ. Եթե մոտ օրերս Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին։ Ասե՛ք, թող չիր սարքի. ավելի սազական է ներկայիս «հայկական ժողովրդավարությանը»։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
08.07.2026 թ.


















































