Ինչպես է փոխվել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն դրամական միջոցներ, վարկ և աշխատավարձ՝ առանց անշարժ գույքի կամ ավտոմեքենայի, ապա հաջորդ տարիներին նրա հայտարարագրում հայտնվեց նախ Lexus մակնիշի ավտոմեքենան, 2020 թվականից՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, իսկ 2023 թվականին Lexus-ը փոխարինվեց 2020 թվականի արտադրության Toyota-ով։
Միաժամանակ տարեցտարի աճել են նաև նրա եկամուտները. եթե 2018 թվականին աշխատանքի վարձատրությունը կազմել էր 14 մլն 105 հազար դրամ, ապա 2025 թվականին միայն աշխատավարձը հասել է 31 մլն 22 հազար դրամի, իսկ ընդհանուր տարեկան եկամուտը՝ 36 մլն 542 հազար դրամի։ Այդ ընթացքում շարունակել է նվազել բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարը, իսկ բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի վերջին հասել է գրեթե 7.8 մլն դրամի։
2019 թվականին նրա հայտարարագրում առաջին անգամ հայտնվեց տրանսպորտային միջոց. հունվարի 22-ին նա գնման եղանակով ձեռք բերեց 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։
2020 թվականին Գրիգորյանը ձեռք բերեց նաև իր առաջին անշարժ գույքը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, որը 2020 թվականի հուլիսի 29-ին գնվել է համատեղ սեփականության իրավունքով։ Այսպիսով, եթե 2018 թվականին նա պաշտոնը ստանձնելիս գույք և ավտոմեքենա չուներ, ապա արդեն 2020 թվականի ավարտին նրա հայտարարագրում առկա էին թե՛ բնակարանը, թե՛ Lexus ավտոմեքենան, որոնք հետագայում դարձան նրա հայտարարագրերի հիմնական ակտիվները։
Կարդացեք նաև
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 36 մլն 542 հազար 342 դրամ, որից՝
31 մլն 22 հազար 387 դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ,
5 մլն 519 հազար 955 դրամ՝ այլ եկամուտ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 8 մլն 604 հազար 871 դրամ 90 լումա։
Շահերի հայտարարագրում նա նշել է, որ առևտրային կազմակերպություններում մասնակցություն չունի, սակայն հանդիսանում է «Հանրային օրակարգ» լրագրողների կազմակերպության նախագահ, «Անմիջական ժողովրդաիշխանության զարգացման» և «Ժողովրդավարություն հանուն զարգացման» կազմակերպությունների համահիմնադիր, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Այսպիսով, 2025 թվականին Արմեն Գրիգորյանի և նրա կնոջ՝ Մանե Մինասյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 44 մլն 892 հազար 263 դրամ։
Գրիգորյանի հայտարարագրում զգալի փոփոխություններ են արձանագրվել. 2018 թվականին նա պաշտոնը ստանձնելիս չուներ ո՛չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, իսկ այսօր արդեն տարեկան եկամուտը 14.4 մլն դրամից աճել է մինչև 36.5 մլն դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում


















































