Անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի առաջ ցույց են անում: «Օգոստոսի 4-ին կլինի 6 տարի, որ իմ երեխուն չեմ գտել, դիմանալու չի: Մեղք ենք մայրերս, հիվանդանոցներից տուն չենք գալիս»,- արցունքն աչքերին ասում էր անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:
Մեկ այլ ծնող նշում էր, որ իր տղային 2020 թ. ադրբեջանական ալիքներով տեսել է, սակայն մինչ այժմ տեղեկություններ չունի. «Վիդեոն կա, ամեն տեսակ դռներ ծեծել ենք, հոգնել ենք, մենք էլ ենք մարդ, ծնող ենք… Երբեք չեմ անիծել, բայց ով մեզ այս դատին արժանացրեց, թող իրենց երեխեքն էլ արժանանան»:
Անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը, որը 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն ու զոհված Արմեն Ղուկասյանի եղբայրն է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավաքվել են զգուշացնելու իշխանություններին, որ, եթե իրենց մեկ շաբաթվա ընթացքում պատասխան չտան անհետ կորած զինծառայողների ճակատագրի վերաբերյալ, սկսելու են իրենց նախաձեռնությամբ գործողություններ իրականացնել:
«Ընդհուպ գնալու ենք մինչև Հակարի կամուրջ: Այնտեղ այն մարդիկ, որոնք մեր նման կարգավիճակ ունեն, իրենց հետ ենք ուզում կոնտակտի դուրս գալ, իրենք փորձեն մեզ օգնել, մենք էլ իրենց՝ անհետ կորածների հարցում, որ իրենք իրենցից խաբարություն ունենան, մենք՝ մեր հարազատներից: Արդեն հույս չունենք ոչ իշխանություններից, ոչ Եվրոպայից, ոչ ԱՄՆ-ից, ոչ էլ Ռուսաստանից… Ոչ մեկից ոչ մի ակնկալիք չունենք: Մենք մեր հույսը պետք է մեր վրա դնենք, մեր կարգավիճակ ունեցող Ադրբեջանի քաղաքացիների հետ կոնտակտի դուրս գանք, մենք մեզ համար խողովակ ստեղծենք»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ոչ մի նամակ չեն փոխանցել ՀՀ կառավարությանը, քանի որ նախորդ նամակներն անպատասխան են մնացել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































