Երևանում առաջին անգամ անցկացվում է ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը՝ NEXA-ն, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 3-ին Հայրենիք կինոթատրոնի շենքում:
Aravot.am-ը զրուցել է փառատոնի համադրող և հիմնադիր Լիլիթ Ստեփանյանի հետ:
-Ո՞րն է փառատոնի առանձնահատկությունը, ինչո՞վ է այն տարբերվում ժամանակակից արվեստի այլ փառատոներից:
Կարդացեք նաև
-NEXA-ն ժամանակակից արվեստի միջազգային փառատոն է։ Այն ստեղծվել է այս տարի և լինելու է շարժական հարթակ։ Լատիներեն nexus բառից է, որը նշանակում է կապ, հանգույց, խաչմերուկ, հատման կետ։ Եվ հենց այս գաղափարն է ընկած փառատոնի հիմքում․ այն լինելու է հանդիպումների վայր, հատման կետ՝ տարբեր արվեստային պրակտիկաների, մարդկանց, համայնքների ու գաղափարների միջև: Նախատեսվում ենք յուրաքանչյուր տարի այն անցկացնել տարբեր քաղաքներում և երկրներում։ Նաև մեծ մտադրություն ունենք այն իրականացնել տարբեր երկրների գյուղական համայնքներում։
NEXA-ի առանձնահատկությունն այն է, որ այն տեղի և համայնքի հետ աշխատող փառատոն է: Այսինքն՝ մենք չենք ցանկանում պարզապես պատրաստի ցուցահանդես տեղափոխել մի քաղաքից մյուսը։ Յուրաքանչյուր վայր մեզ համար ունի իր պատմությունը, սոցիալական և բնապահպանական առանձնահատկությունները, ճարտարապետությունը, ենթակառուցվածքները, հիշողությունները և այնտեղ ապրող մարդկանց փորձառությունը, որոնք կարող են դառնալ փառատոնի բովանդակության մաս։
2026-ի առաջին թողարկումը որոշեցինք իրականացնել Երևանում, և թեման օդի աղտոտվածությունն է։ Բայց մեզ համար կարևոր էր օդի աղտոտվածությունը դիտարկել ոչ միայն որպես բնապահպանական խնդիր, այլ հասկանալ՝ ինչպե՞ս է այն դրսևորվում հենց Երևանի պայմաններում, ինչպե՞ս է կապված քաղաքի պատմության, արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության, կանաչ տարածքների և, ի վերջո, մարդու մարմնի ու առօրյա կյանքի հետ։
Այս մոտեցումը հետագայում ուզում ենք զարգացնել նաև Երևանից դուրս՝ աշխատելով Հայաստանի մարզերի և գյուղական համայնքների հետ, ինչպես նաև այլ երկրների քաղաքներում ու համայնքներում։ Որովհետև նույն գլոբալ խնդիրը տարբեր վայրերում կարող է ունենալ բոլորովին տարբեր դրսևորումներ։ Այդ դեպքում արդեն տեղանքի առանձնահատկությունը դառնում է հետազոտության և արվեստի նյութ:
-Փառատոնն ընդգրկում է բավականին սպեցիֆիկ ուղղություններ (Բիո-արվեստ, Ձայնային արվեստ)։ Որքանո՞վ է հայաստանյան հանրությունն ու արվեստասեր հասարակությունը պատրաստ ընկալելու նմանատիպ փորձարարական ձևաչափերը։
-Հայաստանում արդեն իրականացվել են մի շարք ցուցադրություններ, որտեղ ներկայացվել են նոր մեդիայի, տեխնոլոգիաների և այլ սպեցիֆիկ ուղղությունների միջոցով ստեղծված մուլտիմեդիա աշխատանքներ։ Բայց ինձ համար կարևոր էր փառատոնի միջոցով ստեղծել հնարավորություն հայ հասարակությանը ներկայացնելու նորարար, հետաքրքիր և երկարատև հետազոտության վրա հիմնված աշխատանքներ, որոնք ոչ միայն տեխնոլոգիական կամ մեդիա առումով հետաքրքիր են, այլ նաև բովանդակային և խոսում են կոնկրետ խնդիրների մասին։
Միևնույն ժամանակ, ինձ համար շատ կարևոր էր ժամանակակից արվեստը որոշակիորեն ապակենտրոնացնել Երևանում՝ կենտրոնից դուրս բերել և հասցնել այլ թաղամասեր։ Շենգավիթը հենց այդպիսի օրինակ է․ նախկինում արդյունաբերական, գործարանային թաղամաս է, և հետաքրքիր էր ժամանակակից արվեստը բերել հենց այդ միջավայր։ Կարևոր էր ոչ միայն արվեստասեր մարդուն բերել ցուցասրահ, այլ նաև հնարավորություն ստեղծել, որ, օրինակ, Շենգավիթում բնակվող մարդը մտնի ցուցասրահ և հանդիպի ժամանակակից արվեստի հետ։
Ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեցանք հյուրընկալելու և ցուցադրելու միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների աշխատանքներ՝ Ֆլորիամա Կանդեայի, MAOTIK-ի, Guillaumit-ի, Մարկո Յակշեի և այլ հեղինակների։ Այսինքն՝ մեզ համար միայն մեդիան կամ տեխնոլոգիաները չէին կարևոր։ Կարևոր էր ստեղծել այդ խաչմերուկը, որտեղ հայ և միջազգային արվեստագետները, տարբեր արվեստային պրակտիկաները և տարբեր լսարաններ կարող են հանդիպել, հիմա Հայաստանում, իսկ մյուս Նեքսաներում՝ աշխարհի մեկ այլ կետում:Եվ կարծում եմ՝ հենց այդ հանդիպումն է NEXA-ի կարևոր առանձնահատկություններից մեկը։
-Ինչո՞ւ է NEXA-ն սահմանվում որպես շարժական հարթակ, և ինչպե՞ս է փառատոնը փոխազդում Երևանի կոնկրետ քաղաքային տարածքների հետ։
-NEXA-ն սահմանվում է որպես շարժական հարթակ, որովհետև մեզ համար կարևոր է, որ փառատոնը չսահմանափակվի մեկ քաղաքի կամ մեկ տարածքի մեջ։ Մենք ուզում ենք ամեն տարի ընտրել տարբեր քաղաքներ, համայնքներ և միջավայրեր, ուսումնասիրել դրանց առանձնահատկությունները և այդ տեղանքի հետ աշխատել։
Յուրաքանչյուր նոր վայրում մենք կհետազոտենք տվյալ տարածքի խնդիրները, պատմությունն ու առանձնահատկությունները, որոնք էլ կազդեն փառատոնի բովանդակության վրա կամ նախապես համադրողների խմբի հետ կատարված հետազոտությամբ կգտնենք մյուս Նեքսայի վայրը։
Երևանում էլ այս մոտեցումն ենք փորձել կիրառել։ Այս տարվա փառատոնը կենտրոնացել է Շենգավիթի վրա՝ նախկինում արդյունաբերական և գործարանային թաղամասի, որտեղ ժամանակակից արվեստի ներկայությունը մի փոքր այլ համատեքստ է ստեղծում։ Մեզ համար կարևոր էր արվեստը բերել քաղաքի կենտրոնից դուրս և այն հանդիպեցնել մեկ այլ միջավայրի ու նոր լսարանի հետ:
-Ի՞նչ տեսլական ունի փառատոնը և ի՞նչ է նախատեսված այս NEXA-2026-ին:
-NEXA-ի տեսլականը ստեղծել միջազգային, շարժական և հետազոտական հարթակ, որը յուրաքանչյուր նոր վայրում աշխատում է տվյալ քաղաքի, համայնքի կամ տարածաշրջանի առանձնահատկությունների հետ։ Մենք կցանկանանք ներգրավվել Հայաստանի մարզերին ու գյուղական համայնքներին, սակայն պետք է մտածել դրա ձևաչափի մասին։ Ինչպես նաև այլ երկրների քաղաքների միջև և ստեղծել մի խաչմերուկ, որտեղ կհանդիպեն հայ ու միջազգային արվեստագետներն ու լոկալ կոնտեքստը։ NEXA 2026-ը այս գաղափարի առաջին փորձն է։ Առաջին թողարկումը տեղի է ունենում Երևանում՝ սեպտեմբերի 3–8-ը, և կենտրոնանում է օդի աղտոտվածության վրա։ Փառատոնի շրջանակում ներկայացվում են հայ և միջազգային արվեստագետների աշխատանքներ՝ տարբեր մեդիաներով և արվեստային պրակտիկաներով։ Շատ կարևոր էր նաև, որ փառատոնը տեղի ունենար «Հայրենիք» կինոթատրոնի շենքում։ Խորհրդային շրջանի այս շենքը իր պատմությամբ, ճարտարապետությամբ ինքնին հետաքրքիր միջավայր է արվեստի համար։ Այն շնչում է թեմատիկ այս ցուցադրությունում ու բացել է դռները հանրության համար ամեն օր 12:00-20:00։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ






















































