Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ առերեսում չի արվել»․ Դավիթ Ղազինյանն իր գործի մասին

Հուլիս 24,2026 19:45 Share

«Մի գաղտնիք բացեմ․ կալանքի նիստի ժամանակ, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին պայման եմ առաջարկել՝ դուք հակակոռուպցիոն կոմիտեի անունից հայտարարություն եք տարածում, որտեղ ինձանից ներողություն եք խնդրում, ես 2 կամ 4 ամիս նստում եմ։ Չհամաձայնվեցին»,- դատարանի դահլիճում, իր ազատ արձակման որոշումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ իր որոշմամբ դատարանը ցույց տվեց, որ իրենց ուժի պարագայում իշխանությունն իր ծրագրերը չի կարողանալու իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արդեն դատարանի բակում, որտեղ նրան ծափերով դիմավորեցին, Դավիթ Ղազինյանն ասաց՝ ցավում է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գար․ «Չպիտի լիներ դա»։

Թեպետ ընդդիմությանը չհաջողվեց ընտրությունների միջոցով և արագ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, միևնույն է, Դավիթ Ղազինյանը համոզված է՝ «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի գլխավորությամբ մենք ունենալու ենք երկիր, որ «այսպիսի տեսարաններ էլ չտեսնենք»։ Նկատի ունի, որ հանրային մեղադրողը ստիպված չի լինելու քաղաքական դրդապատճառներով մեղադրանք բերել դատարան և պաշտպանել այն, իսկ անմեղ մարդիկ դրա արդյունքում չեն տուժելու՝ նաև ազատազրկվելով։

Ինչ վերաբերում է իրեն մեղսագրվող արարքին՝ ընտրակաշառք բաժանելուն, Դավիթ Ղազինյանն ասաց՝ այս ընթացքում անգամ առերեսում չի արվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դատարանը, հիշեցնենք, քննում է Դավիթ Ղազինյանի և գործով մյուս մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը մեկ միլիարդ դրամ գրավ է առաջարկում Դավիթ Ղազինյանի համար՝ համակցված վարչական հսկողությամբ՝ էլեկտրոնային սարքի կրմամբ և երկրից չբացակայելու արգելքով։ Պաշտպանական կողմը պատրաստ է մինչև 40 միլիոն դրամ վճարել՝ առանց համակցված խափանման միջոցների։

Գործով մեղադրյալ Արման Սարգսյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով։ Լիլիյա Սարգսյանի և Արսեն Մելիքյանի տնային կալանքը երկարացվեց երեքական ամսով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել