Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյանն արձագանքում է Արփինե Հովհաննիսյանի փաստարկներին

Հուլիս 27,2026 13:35 Share

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ!!!

Եկեք ամփոփենք` 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ թվերով.

* 384 բանավոր հարց ու գրեթե նույնքան ելույթ,

* 53 օրենսդրական նախաձեռնություն,

* 4 որոշման նախագիծ,

* 13 հայտարարության նախագիծ,

* 1 ուղերձ,

* 162 գործուղում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների հետ,

* ավելի քան 600 միլիոն դրամ պարգևավճար (աշխատավարձերից բացի այդքան), շուրջ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ)` Հայաստան դաշինք և 107 մլն 440 հազար 920 դրամ` «Պատիվ ունեմ» դաշինք

* յուրաքանչյուր ընդդիմադիր դաշինքից 1-ական պատգամավոր լքեց խմբակցությունը, դարձավ անկախ պատգամավոր և հետագայում դե ֆակտո աջակցեց իշխանությանը

* ընդդիմությունը ստանձնեց օրենքով իրեն վերապահված 4 ղեկավար պաշտոն (1 ԱԺ փոխնախագահ և 3 մշտական հանձնաժողովի նախագահ), որոնցից 1-ին իշխանությունը ինքը հեռացրեց պաշտոնից, երկուսը` իրենք հրաժարվեցին 2022 թվականին, իսկ վերջինը՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իշխանությունը 2024 թվականին օրենսդրական փոփոխությունից հետո վերցրեց ընդդիմության ձեռքից և փոխանցեց իշխող խմբակցությանը։ Արդյունավե՞տ գործիքներ էին: Թերևս` ոչ:

Փաստենք`

Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին։

Այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույց առ այն, թե ինչ չի կարելի անել և ինչ չի կարելի կրկնել։

և ուրեմն`

ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ ԵՆՔ`

Ընդդիմությունը իշխանության գործողությունների և սխալների վիճակագիրը չէ։ Ընդդիմությունը պետք է լինի սեփական քաղաքական օրակարգ ունեցող, քաղաքական արդյունք ստեղծող և այդ արդյունքի համար պատասխանատվություն կրող ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։

ՀԱՄԱՁԱՅՆՎՈւՄ ԵՆՔ`

Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով»։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով։ Քաղաքական թատերաբեմ գուցե կա, բայց այն թատրոն չէ:

Իհարկե բացառությամբ այն դեպքի, երբ «պետական» ու քաղաքական գործիչների աստղաբույլը ինքը հետ է քաշվում իրենց հայտարարած նպատակից ու գնում է «աշխատելու»:

Հետևաբար`

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈւՄ ենք`

2026-2031 թվականների խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր քայլ պետք է գնահատվի մեկ չափանիշով՝ որքանո՞վ այն մոտեցրեց իրենց հայտարարված քաղաքական նպատակին:

Համամի՞տ եք այս մոտեցմանը: Եթե այո` միացեք այս հռչակագրին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Արփինե Հովհաննիսյան, Ձեր հրապարակած տեքստին մի քանի կարևոր դիտարկում։

Քաղաքական գնահատական տալու իրավունքը, իհարկե, ունի յուրաքանչյուր մարդ։ Սակայն քաղաքական գնահատականն արժեք է ստանում միայն այն դեպքում, երբ այն ամբողջական է, հավասարակշռված և արտացոլում է իրականությունը, այլ ոչ թե միայն այն հատվածը, որը ձեռնտու է հեղինակին։

Ձեր ներկայացրած պատկերը հիմնականում կառուցված է թվերի վրա, սակայն քաղաքականությունը միայն թվերի հանրագումար չէ։ Քաղաքականությունը նաև այն միջավայրն է, որի պայմաններում այդ աշխատանքն իրականացվել է՝ քաղաքական ճնշումներ, հետապնդումներ, կալանքներ, սահմանափակումներ, ուժային գործողություններ և այն իրական գինը, որը վճարվել է քաղաքական պայքարի ընթացքում։

Եթե խոսում ենք պարգևավճարների մասին, ապա անհրաժեշտ է նշել նաև այն փաստերը, որոնք չեն տեղավորվում ներկայացված շրջանակում։ Մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարները ուղղվել են բարեգործական նպատակների, և այդ մասին առկա են փաստական ապացույցներ։

Եթե խոսում ենք ընդդիմության աշխատանքի մասին, ապա պետք է խոսել նաև այն մարդկանց մասին, ովքեր այդ տարիներին ենթարկվել են քաղաքական ճնշումների։ Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ կիրառված կալանքը, Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ իրականացված քրեական գործընթացները և բազմաթիվ այլ դեպքեր նույնպես այդ ժամանակաշրջանի քաղաքական իրականության մասն են։

Չի կարելի գնահատել ընդդիմության գործունեությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ տարիներին ընդդիմադիր շատ գործիչներ ոչ միայն աշխատել են խորհրդարանում, այլև պայքարել են փողոցում՝ ենթարկվելով ճնշումների, հետապնդումների և անձնական ծանր հետևանքների։

Քաղաքական քննադատությունը ժողովրդավարության բնական մասն է։ Սակայն երբ մարդիկ, ովքեր ամենադժվար պահերին չեն եղել այդ պայքարի առաջին գծում, տարիներ անց փորձում են գնահատականներ տալ նրանց, ովքեր այդ ճանապարհն անցել են, դա առնվազն հարցեր է առաջացնում։

Քաղաքականությունը միայն ելույթների, հոդվածների կամ վերլուծությունների դաշտ չէ։ Քաղաքականությունը նաև պատասխանատվություն է այն պահին, երբ հեշտ չէ, երբ վտանգավոր է, երբ պետք է ընտրություն կատարել՝ մնալ դիտորդ, թե կանգնել պայքարի առաջնագծում։

Այդ պատճառով յուրաքանչյուր քաղաքական գնահատական պետք է սկսվի ոչ միայն ուրիշների գործողությունների վերլուծությունից, այլ նաև սեփական քաղաքական ճանապարհի և սեփական պատասխանատվության գնահատումից։

Մարդիկ, ովքեր անցել են պայքարի, ճնշումների և դժվարությունների միջով, բնականաբար պետք է պատրաստ լինեն լսելու քննադատություն։ Բայց նրանք նաև իրավունք ունեն հարցնելու՝ այդ քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր, ոչ թե միայն անցյալի մասին խոսելու հնարավորություն։

Հատկանշական է, որ վերը նշված քաղաքական գործընթացների և հետապնդումների ընթացքում մենք Ձեզ չենք տեսել ընդդիմադիրների կողքին՝ ոչ դատարաններում, ոչ բանտերում, ոչ փողոցային պայքարի ընթացքում, ոչ էլ այն օրերին, երբ ուժ կիրառվեց ցուցարարների և ընդդիմադիրների նկատմամբ։

Հետևաբար, տիկին Հովհաննիսյան, քաղաքական գնահատականներ տալու իրավունքը յուրաքանչյուրն ունի, բայց քաղաքական պատասխանատվությունն ու վստահությունը ձևավորվում են ոչ միայն խոսքերով, այլև այն պահերին, երբ անհրաժեշտ է կանգնել կողք կողքի և կրել պայքարի իրական պատասխանատվությունը։

Ես համաձայն չեմ Ձեր ձևակերպումների հետ։ Եվ պատճառը ոչ թե անձնական վերաբերմունքն է, այլ այն, որ ներկայացված պատկերը չի արտացոլում ամբողջական իրականությունը։

Քաղաքական գնահատականները պետք է կառուցվեն ամբողջական փաստերի վրա, ոչ թե ընտրովի հիշողության՝ ներկայացնելով միայն առանձին թվեր, այլ ոչ քաղաքական գործընթացների և իրադարձությունների ամբողջական բովանդակությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031