Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետությունն այդ հարցով չի սիրում զբաղվել, բայց ապագային միտված իրավական գործընթացները պետք է արվեն, որովհետև Ադրբեջանը միշտ այս վիճակում չի մնալու»․ Արա Ղազարյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների վնասվածքների հարցով

Հուլիս 27,2026 20:44 Share

«Ընթացակարգեր շատ կան, մասնավորաբար՝ պաշտպանվածության, դիտորդական ընթացակարգերը, մաքուր դատական գործընթացները, որտեղ կարելի է արագացված վարույթներ կիրառել։

Ընթացակարգերը բազմաթիվ են, բայց Ադրբեջանը փակ պետություն է։ Պատկերացրեք՝ մոտավորապես Հյուսիսային Կորեա․ Ադրբեջանը թույլ չի տալիս ոչ մի փաստահավաքություն երկրի ներսում, հատկապես՝ Ղարաբաղի տարածքում։

Ըստ էության՝ այդպիսի երկրի համար արդյունավետ ընթացակարգեր չեն կարող գոյություն ունենալ։ Բայց ապագային միտված իրավական գործընթացները պետք է արվեն, որովհետև Ադրբեջանը միշտ չէ, որ մնալու է այս վիճակում»,- Aravot.am-ի փաստմանը՝ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Բաքվում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին էր ահազանգել, և հարցին՝ ի՞նչ միջազգային ընթացակարգեր կան, որ կարելի է այս պարագայում կիրառել, այսպես պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Ըստ նրա՝ այս պարագայում ամենաարդյունավետը կարող են լինել քաղաքական բանակցությունները․ «Իսկ ՀՀ-ն քաղաքական բանակցություններ այս հարցով չի վարում, ուրիշ ոչ մի այլ երկիր այդ բանակցությունները չի վարի հայ ռազմագերիների մասով»։

Մեր այն հարցին՝ Ադրբեջանը, ըստ ՄԻԵԴ որոշման, չպե՞տք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնի ԵԽ-ին Բաքվում պահվող հայ ռազմագերիների պահման պայմանների վերաբերյալ, մասնավորապես, այդպիսի հաշվետվության ներկայացում է սպասվում օգոստոսի 31-ին, Արա Ղազարյանն այսպես արձագանքեց․ «Կոնկրետ գործի շրջանակում պարբերաբար պետությունը պիտի ներկայացնի հաշվետվություն։ Ես էլ Ավանեսյանի գործով եմ զբաղվում, բայց Ադրբեջանն ամբողջական տեղեկատվություն չի տալիս։ Մենք գործ ունենք փակ երկրի հետ այն տարբերությամբ, որ այն ԵԽ անդամ է։ Բայց կա ՄԻԵԴ որոշում, որ պետք է ապահովել ռազմագերիների կապը հարազատների հետ։ Ադրբեջանը դա էլ չի անում, չի էլ ասում՝ ինչու չի անում։ Իհարկե, բոլորս հասկանում ենք պատճառը»։

Արա Ղազարյանը նշեց, որ եթե գործողություններ են արվում, ապա դրանք արվում են առանձին մասնագետների կողմից․ «Մեր պետությունը, գիտեք, այդ հարցով չի էլ սիրում զբաղվել․ մասնավոր անձանց վրա է»։

Միևնույն ժամանակ նկատեց․ «Մեր իրավապաշտպաններն ընդհանրապես այս գործերին թույլ են արձագանքում, չեմ հասկանում՝ ինչու։ Ժամանակին իրավապաշտպանները միահամուռ հայտարարություններ էին անում, եթե երկրի ներսում ինչ-որ բան էր կատարվում, հիմա վերջին անգամ ե՞րբ եք նման հայտարարություն լսել։ Այնպես որ, որևէ արդյունավետ ընթացակարգ, որ կարող է օգնել, ավտորիտար երկրի վերաբերյալ չես կարող ասել։ Բայց իրավական գործընթաց պետք է տարվի»։

Արա Ղազարյանի փաստմամբ՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է պատերազմական հանցագործությունները թաքցնելու համար, անգամ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի այցելությունների ժամանակ իմիտացիաներ կարող է անել, որ ներկայացնի՝ մարդիկ առողջ վիճակում են, ասում են՝ իբր բողոքներ չունեն։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031