Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ի մասով ապասում ենք օգոստոսի 31-ին, որպեսզի ստանանք թարմացված տեղեկություն հայ ռազմագերիների պայմանների և դատավճիռների վերաբերյալ»

Հուլիս 06,2026 13:30 Share

«Առավոտի» զրուցակիցն է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ 

-Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից որոշ ակնկալիքներ կային Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով, սակայն հայտարարություններից պարզ դարձավ, որ կարծես թե այդ հարցը չի քննարկվել։ Ի՞նչ տեղեկություններ ունեք, այդ հարցը քննարկվե՞լ է, կամ ակնկալիքներ ունենալ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցից հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով այս փուլում արդարացվա՞ծ էր։

-Ես ավել տեղեկություն չունեմ, թերևս պետք է պաշտոնական աղբյուրներից պարզաբանում ստանանք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելությունների ֆոնին կամ նրանց ներգրավվածությամբ բանակցությունների արդյունքում հավանականություններ առաջ գալիս են, նման կանխատեսում ունեինք նաև Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումի համատեքստում, սակայն տեղաշարժ չեղավ։ Դրանից հետո, թերևս, հավանականությունը փոքր էր, որ այս ԵՀ նախագահի բարձրաստիճան այցելության շրջանակում այդ հարցը կարող էր հանգուցալուծվել։ Թերևս, առանցքային է մնում երկկողմ հարաբերություններում խաղաղության օրակարգի առաջ մղումը, որի համատեքստում էլ կարող է վերադարձ տեղի ունենալ։

-ԱՄՆ կոնգրեսականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին օրենսդրական փոփոխության առաջարկություն էին ներկայացրել, որով պաշտոնապես դատապարտվում է Ադրբեջանի շարունակվող անարդարությունը և կոչ արվում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող հայ բանտարկյալներին, ի՞նչ ակնկալել այս բանաձևից։ Ընդհանրապես ԱՄՆ վարչակազմի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, ի վերջո այս բանաձևերն օրենք դառնալու հնարավորություն տեսնո՞ւմ եք առաջիկայում։

-ԱՄՆ-ում նման նախաձեռնություններ եղել են նաև անցյալ տարի։ Շատ սահմանային փոքր ձայներով բանաձևը չի ընդունվել, բայց բարդ օրենսդրական գործընթաց է․ երկպալատ համակարգ պետք է հաղթահարի և ունենա երկու կուսակցությունների աջակցությունը։ Նույնիսկ, եթե չդառնա օրենք, դա քաղաքական դիրքորոշում արտահայտող փաստաթուղթ է, որը դիվանագիտական աշխատանքում իր արժեքն ունի։

-ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկում կազմակերպվեց Ադրբեջանում մարդու իրավունքների թեմայով և արդյունքում բանաձև ընդունվեց։ Արդյոք բավարար ճնշում գործադրվո՞ւմ է Ադրբեջանի վրա միայն հայտարարություններով, թե այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ որոշումները և այլն, թե՝ նաև այլ մեխանիզմներ են պետք, որոնք չեն գործադրվում։

-Ադրբերջան-ԵԽ հարաբերություններն այս պահին լարված են։ Մի կողմից Ադրբեջանը ցանկանում է լինել այդ կառույցի ներսում, բայց հանձնառությունների շարունակական  և պարբերական խախտումներ կան, որոնց առնչությամբ  հայտարարություններ, արձանագրումներ լինում են, թույլ քաղաքական պատժամիջոցներ կիրառվում են, բայց ամբողջ գործիքակազմը գործադրված չէ։ Մյուս կողմից ադրբեջանական կողմը ակնհայտորեն մերժում է այդ բանաձևում արձանագրված խնդիրները՝ ինչպես տեսանք, նաև մերժում ու հակադրվում է դատական ակտերին, ինչը բացասական ընկալում ունի միջազգային հարթությունում։ Առնվազն ՄԻԵԴ-ի վճիռների կատարման մասով բոլոր մեխանիզմները սպառված չեն։ Օրինակ՝ Նախարարների կոմիտեն կարող է խախտման ընթացակարգ բացել, խախտման առնչությամբ գործն ուղարկել Եվրոպական դատարան։ Միտումնավոր ՄԻԵԴ վճռի չկատարումը կարող է հանգեցնել լուրջ պատժամիջոցների՝ ընդհուպ մինչև անդամակցության դադարեցման։ Սակայն պետք է ճիշտ բալանսավորել․ ո՞րն է ձեռնտու՝ կառույցի ներսում ունենալ պետություն և շարունակել  դիվանագիտական, քաղաքական աշխատանքը, թե՝ վտարել այդ պետությանը՝ կորցնելով նաև հնարավոր  ազդեցության լծակները։

-Ի՞նչ թարմացումներ կանեք, այս պահին մեր գործերը միջազգային դատարաններում ի՞նչ փուլում են անհայտ կորածների և հայ ռազմագերիների հետ կապված։ Հավանականություն տեսնո՞ւմ եք ազատ արձակման։

-ՄԻԵԴ-ի մասով ռազմագերիների հետ կապված սպասում ենք վերջնաժամկետին՝ օգոստոսի 31-ին, որպեսզի ստանանք թարմացված տեղեկություն նրանց պայմանների և դատավճիռների վերաբերյալ։ Ընթացող գործեր կան, կան նաև ավարտված գործեր՝ այդ թվում 2016-ի ապրիլյան պատերազմից, և մենք սպասում ենք, որ այդ  դատական ակտերն էլ հաջորդիվ սեղմ ժամկետներում հրապարակվեն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել