Ծանոթանալով Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրություններին, Հայաստանի հանրության մի զգալի մասը համոզված եզրակացրել է, որ Պուտինը վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, խոսելով ԵՄ անդամակցության հարցը հնարավորինս շուտ հանրաքվեի դնելու անհրաժեշտության մասին։
Բայց, ամբողջ հարցն այն է, որ Պուտինը եւ ՌԴ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ այդ հանգամանքը շեշտում են արդեն առնվազն երեք ամիս։ Մի՞թե վերջնագիրը ներկայացնում են երեք ամիս շարունակ։ Եթե մի «վերջնագիր» ներկայացվում է առնվազն երեք ամիս, ապա դա կարող է լինել ամեն ինչ, բայց ոչ իրապես վերջնագիր։ Որովհետեւ վերջնագիրը, այն էլ միջուկային տերությունը, ներկայացնում է թերեւս մեկ կամ առավելագույնը երկու անգամ՝ ու շատ հստակ, ժամկետների եւ հետեւանքների իր պատկերացումով, այլ ոչ թե երեք ամիս շարունակ։
Առավել եւս, որ Փաշինյանն էլ երեք ամիս շարունակ ասում է, որ հանրաքվե կանի, բայց երբ կհամարի, որ հասել է դրա պահը։ Եվ, եթե սա շարունակվում է արդեն ամիսներ, ապա «պինգ–պոնգ» բնորոշումն այստեղ շատ ավելի տեղին է, քան վերջնագրի մասին եզրակացությունը։ Այլ հարց է, թե ինչ է տեղի ունենում «պինգ–պոնգի» սեղանի տակ։ Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին ու բարի մուլտֆիլմը գյուտարար գորտի մասին, երբ ընկերները շաշկի էին խաղում, իսկ այդ ընթացքում խաղատախտակի ներքո կոտրատվում էր պոպոքը։
Հիմա, Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը «պինգ–պոնգ» են խաղում, իսկ թե ինչ է «կոտրատվում» սեղանի տակ՝ դեռեւս պարզ չէ։ Հավանաբար դա է փորձում հասկանալ նաեւ Եվրամիությունը, որի բարձրաստիճան պաշտոնյաները ազատ ու անխնա խոսում են Հայաստանին վերաբերող ինչի մասին ասես, բայց լռում են հանրաքվեի այս թեմայի վերաբերյալ։ Հայաստանում դիրքերի նկատելի առաջընթաց արձանագրող ԵՄ–ն այդուամենայնիվ ունի թերեւս տարակույս ու կասկածներ, թե որտե՞ղ են ուզում իրեն «գցած լինել» Պուտինն ու Փաշինյանը։ ԵՄ-ն ըստ երեւույթին սկսել է կասկածել, որ բավականին հեշտ է տրվում առաջընթացը։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

















































