Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսի մոտ Փաշինյանն ու Պուտինն են, իսկ զոհասեղանին՝ Հայաստանի տնտեսությունը

Հուլիս 31,2026 10:00 Share

Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է՝ խոսում է այն մասին, որ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կազմաքանդված է, չի աշխատում։ Նա ասում է նաեւ, թե հայկական գյուղմթերքի արտահանման հարցը չլուծելու դեպքում կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը։ Բայց, երբ նրան հարցնում են, թե արդյո՞ք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, Փաշինյանը հայտարարում է, որ չունի այդպիսի պլան։

Այդ դեպքում ինչպե՞ս է լինելու «վերջի սկիզբը», եթե Հայաստանը չունի դուրս գալու պլան։ Ի վերջո, Հայաստանի հարցը չլուծելու դեպքում Ղազախստանն ու Ղրղզստանն հո չե՞ն լինելու դուրս եկողները, այդ վերջի սկիզբը դնողները։ Մյուս կողմից, շատ վաղուց կարծես թե պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները լուրջ քննության ենթարկելը անշնորհակալ գործ է։ Բայց, այդուհանդերձ, ԵԱՏՄ այդօրինակ ճակատագրի մասին, կազմաքանդված լինելու մասին հայտարարությունները բավականին լուրջ են, պարզապես հանրությանը զբաղեցնելու համար, ասված լինելու համար։

Ահա այդ հանգամանքը ուշագրավ է դարձնում այն, որ Հայաստանի վարչապետը այդ կատեգորիկ գնահատականները բարձրաձայնում է Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Օրինակ, Եկատերինբուրգում հուլիսի 6–ին Միշուստինի հետ հանդիպմանը կամ դրանից հետո Փաշինյանն այդպես կատեգորիկ չէր։ Եթե նա հույսը դրել էր Պուտինի վրա, բայց Պուտինն էլ լինի հիասթափեցրած, ապա տրամաբանությունը հուշում էր, որ այդ դեպքում գոնե Փաշինյանը կակնարկեր ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն ունենալու մասին, գոնե որպես հուսահատության նշան։ Բայց դա չկա, եւ դա նշանակում է, որ Պուտինի հետ խոսակցությունն ունեցել է թերեւս այլ բնույթ ու տրամաբանություն։

Առհասարակ, Հայաստանի հարցը կարծես թե ունի զգալիորեն այլ տողատակային շրջանակ, քան թվում է առերեւույթ։ Համենայնդեպս, չմոռանանք, որ այդ հարցը հենց Պուտինն է տարել ԵԱՏՄ սեղան, ու հազիվ թե դա արած լիներ Փաշինյանին ուղղված իր խոսքը ավելի ազդեցիկ դարձնելու համար։ Կնշանակի թերեւս, որ Հայաստանի հարցը ՌԴ նախագահի համար առիթ է ԵԱՏՄ շրջանակում առավել խորքային հարցեր «խթանելու» համար, ինչն էլ թերեւս նշմարվում է Նիկոլ Փաշինյանի կատեգորիկ գնահատականներում։

Այդ ամենի ֆոնին, կազմաքանդվա՞ծ է ԵԱՏՄ-ն, թե՞ ոչ, դա մի խնդիր է, բայց այսօր մեծագույն խնդիրն այն է, որ դե ֆակտո կազմաքանդվում է Հայաստանի տնտեսությունը, հայտնվելով լայն քաղաքական օրակարգերի զոհասեղանին։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել