«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը «հաղթող» իշխանության հերթական վախերն է տեսնում այսօր վաղ առավոտյան կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի տանը իրականացված խուզարկության մեջ։
Ըստ նրա՝ արդեն երրորդ խուզարկությունն է Նարեկ Կարապետյանի տանը։
Հարցին՝ ի՞նչ է կարծում, օգոստոսի 2-ից հետո, երբ խորհրդարանը ձևավորվի, գլխավոր դատախազը կգա՞ խորհրդարան Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, Ղազինյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարող ասել, խորհուրդ կտամ չգան, որովհետև այդ բոլոր գործերը, այդ թվում՝ Նարեկ Կարապետյանինը, ուղղակի ծիծաղի առարկա կդառնան։ Խորհրդարանում այդպիսի հարցերը քննարկվում են հարցուպատասխանով, և այդ մարդը, ում նկատմամբ մեղադրանք կա, իրավունք ունի խոսելու։ Հրապարակայնությունը մեծ է»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Կարապետյանի տանն այսօր անցկացված խուզարկությանը՝ Ղազինյանը շարունակեց. «Լավ, այսքանից հետո իշխանությունները չհասկացա՞ն, որ ճնշումները մեր դեպքում չեն աշխատում։ Մեր ուժից ոչ ոք չի վախենում ոչ նստելուց, ոչ խուզարկությունից, ոչ գաղտնալսումից։ Անիմաստ զբաղմունք է։ Պետական ռեսուրսների վատնման դասական ձև է։ Ամբողջ իրավապահ մարմիններին՝ մի հատ այս կողմ, մի հատ այն կողմ»։
Ղազինյանը պնդեց, որ իրենց ուժի անդամների նկատմամբ իրականացվող այս գործընթացները մեկ մարդու հրահանգով իրականացվող քաղաքական հետապնդում են։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































