Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը, բրոնզե մեդալակիրներ Արարատ Ավետիսյանը, Գեւորգ Հարությունյանը եւ ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը «Արմենպրեսում» ամփոփեցին մրցելույթները Բաքվում։
Ջանես Նազարյանը նշեց, որ լարվածություն կար ոչ թե նրա համար, որ թշնամի երկրում ես, այլ պատասխանատվության զգացումն էր բարձր։ «Գոտեմարտերից գոհ եմ։ Մարզիչների հետ լավ աշխատանք էինք տարել։ Որոշ սխալներ կային, բայց փառք Աստծո, դրանք չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա։ Մրցելույթս լավ կգնահատեմ։ Կարծում եմ՝ մարզիչներն էլ են նույն կարծիքին»։
Ըմբիշը խոշոր հաշիվներով իր հաղթանակներում անչափ կարեւորեց մարզիչների աշխատանքը, քանի որ մարզիչներն էին ուղղություն ցույց տալիս, թե ինչ անի մրցագորգում։ «Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը, որտեղ սկզբում ամեն ինչ չգնաց մեր գծած պլանով։ Սխալներ թույլ տվեցի։ Բայց մարզիչների հանգստության եւ հուշումների շնորհիվ կարողացա հետ բերել իմ հաղթանակը»,-ասաց պատանիների արդեն աշխարհի կրկնակի չեմպիոնը։
Կարդացեք նաև
Նա համամիտ է, որ առաջին անգամ հաղթող դառնալին ավելի հեշտ է, քան չեմպիոնի կոչումը պահպանելը, որովհետեւ երկրորդ պարագայում բոլոր մրցակիցներն են հատուկ տրամադրված լինում քո դեմ։
Հարցին, թե վճռորոշ գոտեմարտում հաղթելուց հետո տրիբունաներից հնչող սուլոցների տարափի ներքո Հայոց Եռագույնով մրցագորգի վրա պատվո շրջան կատարելիս ի՞նչ զգացողություն ուներ, Ջանեսը պատասխանեց. «Հավատացեք, այդ պահին սուլոցներն ու ձայները ինձ այնքան էլ չէին հետաքրքրում։ Սուլիչներն ու ձայները ինձ համար այնքան էլ կարեւոր չեն, քան իմ այդ պահը վայելելը, քանի որ ամեն անգամ չի, որ կարող ես այդ պահը վայելել։ Դրոշով շրջան կատարելը ուղղակի հպարտություն եւ հուզմունք էր»։
Գեւորգ Հարությունյանը, որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, ասաց, որ ադրբեջանցու հետ գոտեմարտում ավելին կարող էր անել։ «Բայց ձեռքիս կոտրվածքը թույլ չտվեց անել ինչ կարող եմ եւ մինչեւ վերջ առաջ գնալ։ Դժվար էր նաեւ ղազախ մարզիկի հետ գոտեմարտը։ Մնացածները հեշտ էին։ Երբ պարտվեցի, սրտիս խորքում մեծ ցավ զգացի։ Հետո հասկացա, որ կարող եմ գոնե բրոնզե մեդալ նվաճել ու գնացի մինչեւ վերջ։ Ու այդ ժամանակ ձեռքիս ցավին էլ չեմ նայել»։
Արարատ Ավետիսյանը նշեց. «Ընդհանուր լարվածություն կար, բայց շատ քիչ էր։ Արդյունքից գոհ եմ, որ կարողացա մրցանակային երրորդ տեղը գրավել։ Բայց կցանկանայի, որ առաջին տեղը նվաճեի։ Ինչ վերաբերում է իմ պարգեւատրման ժամանակ Բաքվում առաջին անգամ հայկական դրոշը բարձրանալուն, հպարտություն էի զգում, որ այդ վայրում մեր դրոշը բարձրացավ»։
Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախապատրաստությունը հավաքականն անցկացրել է Դիլիջանում։ Այնտեղ էին նախապատրաստվել նաեւ Եվրոպայի առաջնությանը, որի ժամանակ 10 քաշային կարգերից յոթում պատանի ըմբիշները մեդալ նվաճեցին։ «Այս հավաքականի կազմում արվեց որոշակի փոփոխություն, որովհետև քաշային փոփոխություններ եղան։
2015 թվականից ի վեր ոչ մի մարզական պատվիրակություն չէր գնացել Բաքու։ Մեր մեկնելու հարցն էլ անընդհատ քննարկվում էր՝ գնա՞լ, թե չգնալ։ Լրացուցիչ երաշխիքներ էր պետք, որ մեզ Բաքվում լավ նայեն, ուշադիր լինեն մեր հանդեպ։
Ինչ վերաբերում է մեդալներին, առաջին անգամ այդ մեծ պալատում մեր հիմնը հնչեց, ինչը տպավորիչ էր, հուզիչ էր։ Մտածում էինք անգամ, որ կարող է չթողնեն։ Բայց ստացվեց այնպես, որ պրոբլեմ չեղավ»։
Մարզիչը գոհ է իրենց ընդունելուց, անվտանգության ծառայության վերաբերմունքից, որոնք նույնիսկ խոսում էին իրենց հետ։ Նա գոհ է մնացել նաեւ մրցավարությունից՝ այն գնահատելով մաքուր եւ նշելով, որ Ադրբեջանի թիմը ոչ մի ոսկե մեդալ չունեցավ, ինչի համար իրենք շատ տխրել էին։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


























































