Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի ԲԿ է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով․ նրանք մասնակցել էին մկրտության արարողության

Օգոստոս 02,2026 15:35 Share

2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությանը։

Բոլոր 14 հիվանդներն ունեցել են սրտխառնոց և փսխում, ընդ որում՝ մի մասի մոտ ախտանիշներն ի հայտ են եկել դեռևս ռեստորանում։ Նրանք դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Տասը հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ Չորս երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել է համապատասխան բուժօգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Համաճարակաբանական հետազոտության ընթացքում երեխաների ընդհանուր վիճակի բարելավման կապակցությամբ նրանք ևս դուրս են գրվել՝ ժամը 11:30-ի սահմաններում։

ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։

Դեպքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՍԱՏՄ և ԱԱՏՄ մարզային կառույցների պատասխանատուներին։

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ և ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել