Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է բանակում ոչ մարտական պայմաններում մահացությունների դեպքերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերին, ասել էր. «Գիտե՞ք` ինչո՞ւ են բանակում մեր զինվորներն ինքնասպանություն գործում։ Երեք հիմնական պատճառ կա՝ պատճառներից մեկը՝ խաղադրույքներ կատարել, պարտքերի տակ ընկնել եւ պարտքը չկարողանալ փակել։ Երկրորդը՝ ընտանեկան կամ անձնական պրոբլեմները։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ՝ մարտական դիրքում հերթապահության ընթացքում քնելը։ Եթե դիրքապահը քնել է, նշանակում է՝ վտանգի տակ է դրել մյուսների կյանքը։ Եվ ով դիրքապահության ժամանակ քնել է, նրան զինվորները արհամարհանքի եւ մեկուսացման են ենթարկում։ Դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի մեկուսացում, հոգեբանական ճնշում եւ այլն։ Դա քրեական ենթամշակո՞ւյթ է, թե՞ այս դեպքում անվտանգային գերճնշում»։
«Եթե այդ նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է գործոնների թվարկումը շարունակենք, թե ինչպես են կրթական համակարգում պատրաստվում երեխաները՝ նախքան զորակոչվելը։ Չէ՞ որ այդ կրթական համակարգն էլ է պետության անմիջական գործառույթը։ Այսինքն՝ մինչեւ զորակոչվելը երեխան անցնում է կրթական համակարգով, եւ եթե ինքն այդ կրթական համակարգում ունի քրեական ենթամշակույթին բնորոշ մտածելակեպ կամ վարքագիծ, ապա դա նույնպես պետության անմիջական պատասխանատվության շրջանակում է գտնվում»,- ասաց Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ պետք է անդրադառնալ նաեւ առողջական խնդիրներով զորակոչի հարցերին։ Օրերս ահազանգ եղավ, որ հոգեկան առողջության խնդրով զինծառայողը ծառայության ընթացքում խնդիրների է բախվել, տեղափոխվել է հոսպիտալ։ Իսկ Մարդու իրավունքների պաշտպանը հաստատեց, որ Երեւանի կայազորային հոսպիտալում հանդիպել է առողջական խնդիրներ ունեցող ժամկետային զինծառայողի հետ։ Ըստ ահազանգի՝ զինծառայողը ենթարկվել էր ծեծի ու ճնշումների, ինչից հետո տեղափոխվել էր հոսպիտալ։ Այս զինծառայողը զորակոչվել է կառավարության որոշման «7-ի Գ» կետով եւ ենթակա է ծառայության սահմանափակումներով։
Կարդացեք նաև
«Մենք տարիներ շարունակ պնդել ենք, որ Զինված ուժերում չպետք է հայտնվի առողջական որեւէ խնդիր ունեցող անձ, որովհետեւ դա խոցելի է դարձնում անձին եւ բացասական ազդեցություն է ունենում զինվորական ծառայության որակի, զինվորական ծառայության պահպանման վրա։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ կարգավարումը չեք փոխում այնպես, որ նման առողջական խնդիրներով անձը զորակոչի համար պիտանի չճանաչվի կամ սահմանափակումներով ճանաչվի։ Առավել եւս, որ որեւէ վերահսկողական մեխանիզմ չկա սահմանափակումով շարային ծառայությանը պիտանելիության նկատմամբ։ Հրամանատարն ունի ինչ-որ քանակի զինծառայողներ, որոնց որոշ տոկոսը՝ սահմանափակումով շարային ծառայությանը, բայց ինքն ունի պարտավորություն զինվորական ծառայության կազմակերպման եւ առաջադրանքներ կատարելու համար, որոնց համար այդ անձնակազմը բավարար չէ»,- ասաց նա։
Արթուր Սաքունցը հարցադրում է հնչեցնում՝ իսկ ի՞նչ է անում Զինված ուժերը։ Եթե Զինված ուժերում կան խաղամոլության դրսեւորումներ, իրավապաշտպանի խոսքով, դա նշանակում է, որ զինվորական ծառայության վերահսկողությունը բավարար չէ՝ սկսած անմիջական հրամանատարներից մինչեւ վերադաս հրամանատարական կազմ։
«Մյուս խնդիրը՝ ի՞նչ է նշանակում մարտական դիրքերում քնել։ Դա նշանակում է, որ զինծառայողը կամ պատշաճ չի հանգստանում, կամ պատրաստված չէ նման մարտական հերթապահության կատարմանը, որի համար նա անպայման պետք է անցնի պատրաստվածություն։ Այսինքն՝ ինչ փաստարկներ կամ գործոններ էլ թվարկենք, այնուամենայնիվ, գալիս ենք զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական ծառայությանը նախապատրաստելու, զինծառայողների առողջական, վարքագծային, կրթական խնդիրների լուծմանը, որի համար պետությունն ուղղակի պատասխանատվություն ունի՝ հանձինս իր հաստատությունների։ Զորակոչային հանձնաժողովների կողմից, բացի բժշկական հետազոտություններից, այլ հետազոտություն կամ այլ զննություն կատարվո՞ւմ Է, օրինակ, անձի վարքագծային առանձնահատկությունների հետ կապված։ Եվ կա՞ համապատասխան կարողություն ու գործիքակազմ, որպեսզի իմանանք, թե ի՞նչ հնարավոր խնդիրների հետ կարող է առնչվել զինվորական ծառայության կազմակերպողը, հրամանատարը կամ զինծառայողը զինվորական ծառայության ժամանակահատվածում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Արթուր Սաքունցի խոսքով՝ զուտ թվարկել գործոնները եւ չասել, թե ինչ պետք է անել՝ այդ գործոնները հաղթահարելու համար, դա նշանակում է անընդհատ գործ ունենալ այն խնդիրների հետ, որոնք տարիներ շարունակ կան։
«Ես կարող էի թվարկել նաեւ այն գործոնները, որ, այո, 44-օրյա պատերազմից հետո բավականին շատ խնդիրներ ունենք բանակի թվակազմի լրացման, հրամանատարական կազմի թվի հետ կապված։ Բայց էլի գալիս է հարցը, թե ինչ հայեցակարգ է դրված Զինված ուժերի ձեւավորման, բարեփոխման կամ վերափոխման հիմքում։ Եվ ինչո՞ւ որոշակի մոտեցումներ սկսվել են ոչ թե 2018 թվականից հետո, այլ 2023 թվականից հետո։ Այսինքն՝ խնդիրների մի ամբողջ շարք կա, որոնց լուծման թե բովանդակության, թե գործիքակազմի համար պատասխանատվություն ունի պետությունը՝ իր բոլոր ինստիտուտներով։ Թե չէ հիմա տպավորություն է, որ շարքային զինծառայողն է մեղավոր, իսկ հրամանատարները բացարձակապես որեւէ պատասխանատվություն չունեն։ Իսկ իրականությունն այն է, որ այս բոլոր խնդիրների համար համակարգային մոտեցում չկա, իսկ դրա համար պատասխանատուն իշխանությունն է»,- նշեց նա։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Ըստ ՀՔԱՎ հավաքագրած տվյալների՝ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 6-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են, որից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։
«Մենք այդ հարցն էլ ենք բարձրացրել, որ միայն հղում անելով, որ հրադադարի խախտման հետեւանքով զոհեր չեն եղել, եւ այդ արձանագրման հետ միասին չարձանագրել, որ նման պարագայում ոչ մարտական մահերի թվում սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը շարունակում են մնալ բարձր, ճիշտ չէ, դա խիստ մտահոգիչ է։ Մինչեւ 44-օրյա պատերազմը հրադադարի ռեժիմի խախտման հավանականությունը որոշակի դժվարին իրավիճակ էր ստեղծում մարտական հերթապահության համար։ Եվ մահերի որոշ տոկոսը մարտական հերթապահության հետեւանքով էին լինում, բայց դրանք գերակշիռ մասը չէին։ Հիմա, երբ այդ գործոնը չկա, դրանով հանդերձ ոչ մարտական պայմաններում մահացության այս թիվը մտահոգիչ է»,- ասաց Արթուր Սաքունցը։
Ռոզա Հովհաննիսյան
«Առավոտ» օրաթերթ
1.08.2026


















































