«Այս դատավարությունը մեր ազգային խայտառակությունն ու ամոթն է: Հակաիրավական, հակասահմանադրական քայլ: Սա պատրանք կամ ուղեղի մորմոք չէ, այլ, ցավոք, իրականություն: Երբ առաջին քրիստոնյա երկրում դատում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ընդհանրական հայրապետին և մյուս սրբազաններին, և Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են մի բանում, որը նրա կանոնական իրավունքն է: Իրականում ոչ թե դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ մեզանից յուրաքանչյուրին, որովհետև մենք ուզում ենք հավատարիմ լինել մեր ազգային-քրիստոնեական ինքնությանը, մեր եկեղեցու ավանդներին՝ պահելով կարգն ու կանոնը»,- նշում է Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը:
Սրբազանի ձևակերպմամբ, այս դատավարությունը վերարթնության և սթափության կոչ պիտի լինի յուրաքանչյուր հայի համար՝ համախմբվելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շուրջ, պահպանելու մեր ինքնությունը և ամեն ինչ անելու, որ այլևս մեր նորանկախ երկրում այսպիսի երևույթներ չլինեն:


















































