«Այն, ինչ կատարվում է այս օրերին քրիստոնյա Հայաստանում՝ մեր հայրենիքում, համաշխարհային խայտառակություն է, համաքրիստոնեական խայտառակություն: Ինչն ինչ-որ տեղ նաև հասկանալի է. դա մի ալիք է, որ գալիս է նաև Հայաստան աշխարհ ընդդեմ քրիստոնեության, ընդդեմ քրիստոնեական եկեղեցու:
Սա ոչ միայն հակաբարոյական արարք է, ոչ միայն հակասահմանադրական արարք է, ոչ միայն հակապետական ու հակազգային արարք է, այլև ուղղված է Արարիչ Աստծո դեմ: Որովհետև մարդ արարածը իրեն իրավունք է վերապահում, այն էլ անարդարորեն, անհիմն կերպով մեղադրանք առաջադրել ընդդեմ Հայոց Եկեղեցու Հովվապետի, ընդդեմ Հայոց Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականաց, ովքեր ընդամենը իրենց սուրբ պարտքն են կատարել՝ եկեղեցու կարգավորությունը, եկեղեցու կանոնական դրվածքն ու եկեղեցու ինքնիշխանությունը պահպանելու առումով: Այստեղ անձի խնդիր չէ. այստեղ գաղափարի վարկաբեկման, գաղափարի դեմ ոտնձգության խնդիր է : Եվ այս խնդիրը, եթե չեն տեսնում մեր իշխանավորները, եթե չեն տեսնում դատական համակարգի ծառայողները, գոնե այս խնդիրը պետք է տեսներ մեր հասարակության մտավորական կոչված շերտը, դասակարգը, և պետք է ծառանային այս բացահայտ անարդար, անօրեն գործողությունների դեմ»,-ասում է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Հայր սուրբի ձեւակերպմամբ. «Բայց որովհետև այդ հոգեկան-հոգեբանական էպիդեմիան տարածվել և ընդգրկել է ամբողջ մեր հասարակությունը (ես առողջ բջիջների մասին չեմ խոսում)՝ հիվանդության մեջ է մեր հասարակությունը, ահա այդ իսկ պատճառով գոյություն չունի մտավորականություն, գոյություն չունի ազգային ինքնության զգացում ու գիտակցություն ունեցող զանգված, որ կանգնի և հայրենի իշխանավորներին, հայրենի երկրի դատական համակարգի ծառայողներին ասի․ «Այս ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք դուք ձեր ձեռքով ձեր տունը քանդում, ինչպե՞ս եք դուք ձեզ ողջ աշխարհի առջև խայտառակության սյունին գամում»:
Ի վերջո, մարդկային այս դատաստանները, այս վճիռները ժամանակավոր են: Եկեղեցին հավիտենական է, եկեղեցին անհաղթահարելի կառույց է՝ որպես աստվածային մարմին: Թող այս ամենը խորհողները, այս ամենը կյանքի կոչողները քաջ գիտակցեն, որ իրենք էլ կանգնելու են Աստծո արդար դատաստանի առջև: Իսկ այդ դատաստանի ժամանակ ոչ ոք և ոչինչ նրանց չի փրկելու և չի ազատելու»:


















































