Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք դադարեցնել Եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշումն ու քրեական հետապնդման գործիքավորումը». «Միասնության թևեր»

Օգոստոս 06,2026 23:03 Share

«Միասնության թևեր» կուսակցության հայտարարությունը

Վաղը՝ 2026 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի թիվ 1 դատական դահլիճում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատալսման նիստը։

«Միասնության թևեր» կուսակցությունն արձանագրում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական դատավարության մեկնարկը իշխանություն–Եկեղեցի հարաբերությունները տեղափոխում է վտանգավոր և անթույլատրելի սահմանագիծ։

Գործի ձևական առարկան դատական ակտի կատարմանը ենթադրյալ խոչընդոտելն է։ Սակայն դրա բովանդակային առարկան շատ ավելի լայն է՝ աշխարհիկ դատարանի իրավազորության և Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական ինքնավարության սահմանը։

Քաղաքական իշխանությունն իրավունք չունի քրեական հետապնդման միջոցով միջամտելու Եկեղեցու ներքին կանոնական կյանքին, որոշելու հոգևորականների կարգավիճակը կամ իր քաղաքական նպատակներին համապատասխան վերաձևավորելու Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը։

Առավել մտահոգիչ է, որ այս քրեական վարույթին նախորդել են երկրի վարչապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ բազմակի հրապարակային հայտարարությունները, իսկ այդ նպատակը փաստացի դարձել էր նաև իշխող քաղաքական ուժի քաղաքական օրակարգի և նախընտրական խոսույթի բաղադրիչը։ Այս պայմաններում դատավարությունը չի կարող ընկալվել որպես քաղաքական համատեքստից լիովին զերծ սովորական քրեական գործընթաց։

Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր, պատմական և ազգային ինքնության հիմնասյուներից է։

Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ քաղաքական ճնշումը հարված է ոչ միայն մեր հոգևոր հաստատությանը, այլև ազգային համերաշխությանը, պետականության հիմքերին և սահմանադրական հավասարակշռությանը։

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ զորակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Մենք պահանջում ենք դադարեցնել Եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշումն ու քրեական հետապնդման գործիքավորումը, բացառել գործադիր իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի ազդեցություն դատավարության վրա, հարգել Հայ Առաքելական Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը, ինչպես նաև վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների բնականոն հոգևոր ու հովվապետական գործունեությանը խոչընդոտող սահմանափակումները։

Պետությունը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը, սակայն չի կարող օրենքը վերածել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու գործիքի։ Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը սահմանադրական սկզբունք է, որը պարտադրում է պետական իշխանությանը հարգել նրա ներքին, կանոնական և ինստիտուցիոնալ ինքնավարությունը։

Քաղաքական իշխանության նման միջամտությունը ոտնահարում է ոչ միայն հոգևորականների, այլև քաղաքացիների և կրոնական համայնքների՝ խղճի, կրոնի և դավանանքի ազատության հիմնարար իրավունքը։

«Միասնության թևեր» կուսակցությունը հետևողականորեն պաշտպանելու է Հայ Առաքելական Եկեղեցու սահմանադրական կարգավիճակն ու ինքնավարությունը։

 

«Միասնության թևեր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել