ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը ցավ է ապրում այն ամենի համար, ինչ կատարվում է Հայոց եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ։ Արվեստագետը նաև այդ թեմայով գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Aravot.am-ի հետ զրույցում Արամ Իսաբեկյանն ասաց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց բարձրաստիճան անդամներին դատարանի առաջ կանգնեցնելը խայտառակություն է համարում մեր ողջ ազգի համար։
«Հայրս՝ Էդուարդ Իսաբեկյանը, հավանություն չէր տա այս իրողությանը։ Իմ հորը ես մոտիկից գիտեի, նաև իր ողջ շրջապատին գիտեի։ Մեր տանը միշտ հյուրընկալել ենք մտավորականների, ու գիտեմ, թե իրենք ինչպես էին մտածում կարևոր հարցերի մասին։ Բացառում եմ, որ նրանցից որևէ մեկը հավանություն տար նման գործողություններին։ Կարծում եմ՝ որևէ մեկն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին՝ պետությունն էլ, անհատներն էլ, որովհետև եկեղեցին անջատ է պետությունից»,- ասում է Արամ Իսաբեկյանը։
Կարդացեք նաև
«Այս ամենն ինձ ցավ է պատճառում, ու պարտադիր չէ, որ անպայման գնայի, այնտեղ կանգնեի։ Բայց ցանկացա դա ինչ-որ կերպ արտահայտել և գրառում կատարեցի։ Վեհափառին ես լավ եմ ճանաչում ու շատ գնահատում եմ նրա մեծածավալ շինարարական աշխատանքները։ Նա արել է աննախադեպ մի գործ՝ ոչ միայն եկեղեցաշինության, այլև հոգևոր դասի կրթության և ուսումնառության առումով։ Այսօր էլ շարունակվում է Հայոց եկեղեցու լուսավորչական-կրթական առաքելությունը՝ ի դեմս Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Ցավոք, շատերը չգիտեն այդ ամենը։ Մի բան պարզ է՝ յուրաքանչյուրս, երբ ինչ-որ բան ենք ստեղծում, հո չե՞նք տանելու մեզ հետ այն աշխարհ, դա մնալու է սերունդներին»,- ասում է ժողովրդական նկարիչը։
Մեր զրույցի ժամանակ անդրադարձանք նաև Արամ Իսաբեկյանի հոգևոր թեմաներին։ Նա ասաց, որ Հիսուսին պատկերող մի քանի կտավ ունի, իսկ ընդհանրապես ստեղծել է 2000-ից ավելի յուղաներկ աշխատանք։
Հիշեցնենք, որ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել Վեհափառի գործը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































