ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին։ Նա ցուցադրեց ՊԵԿ վերահսկողության վարչության նախկին պետ, ներկայում ՔՊ-ական Գեւորգ Սաղոյանի լուսանկարները եւ փաստեր ներկայացրեց։
«Երեկ խոսվեց համակարգային կոռուպցիայից, եկել եմ ծանոթացնեմ ձեզ։ Այս ընկերը Գագիկ Խաչատրյանի ժամանակ ՊԵԿ վերահսկողության վարչության պետն էր, համատեղությամբ ՔՊ ցուցակի 122-րդ համարը։ Ես ուսումնասիրել եմ՝ հասկանալու համար՝ Սաղոյան Գեւորգն ի՞նչ ունի, ի՞նչ չունի։ Պարզվում է՝ մի «քյասիբ» անձնավորություն»,- ասաց Մանուկյանը։ Այնուհետեւ նա ներկայացրեց Սաղոյանի դրամական միջոցների մասին տեղեկատվությունը եւ ասաց․ «Ապրում է մի խղճուկ 500 քառակուսիանոց տան մեջ»։
Կարդացեք նաև
«Դուք հա՞շտ եք այս մտքի հետ, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լա՞վ է։ Ու այսքան ունեցվածք ունի 500 հազար դրամ աշխատավարձ ստացող ներկայումս կարկառուն ՔՊ-ականը։ Երբ դեռ ավագանի էի, ինձ հետաքրքիր էր՝ էլիտար շենքերի շինթույլտվությունները, որ տենց ստանում էին ու շենքեր էին կառուցում, ով էր այդ մարդը։ Ինձ ասում էին՝ գործ չունես, ՔՊ-ական է։ Դու մի ասա ձեր պատկերացրած կոռուպցիոն բուրգի ուղիղ հենասյունն է եղել։ Եթե դուք ասում եք, որ կոռումպացված է, թալանչի է, բա թալանչու հետ ինչո՞ւ եք գրկված նկարվում»,- ասաց նա։
«Պարզվում է՝ այս մեր Սաղոյան Գեւորգը կոկորդիլոսների հետ էլ խնդիր ունի, նկարները նայում եմ, տեսնում եմ՝ կոկորդիլոսներին մորթել, կոշիկները հագել, ման է գալիս»,- հավելեց Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մեսրոպ Մանուկյանի ելույթին արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը։ «Եթե պրոբլեմ եք տեսել Սաղոյան Գեւորգի հարցով, մենք պրոբլեմ չունենք, դիմեք դատախազություն, եթե ունեք այդքան խիզախություն»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































