Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի սկզբում Բագրատ սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց թույլատրել Բագրատ սրբազանին օգոստոսի 18-ին Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել իր զարմուհու պսակադրությանը, ինչպես նաեւ՝ կիրակի օրը Գեղարդավանքում, որտեղ Բագրատ սրբազանը մասնակցում է պատարագի, նրան թույլատրել վանքում մնալ մինչև ժամը 16։00, որպեսզի մասնակցի իր հոր մահվան կապակցությամբ հոգեհանգստի կարգին։
Երկու միջնորդություններն էլ նախագահող դատավորը բավարարեց։

Ընդմիջումից հետո նախագահող դատավորը որոշեց նիստը հետաձգել, քանի որ Բագրատ սրբազանը դեռ չէր բերվել դատական նիստերի դահլիճ։ Կարեն Ֆարխոյանը հայտարարեց․ «Մեղադրյալի բացակայության պայմաններում խափանման միջոցի հարց չի քննարկվի։ Դատարանն արդեն իսկ նախորդիվ այդ դիրքորոշումը հայտնել է ոստիկանապետին։ Դատարանի կողմից գրություն կհասցեագրվի ոստիկանապետին, որ համայնքային ոստիկանության աշխատակիցների կողմից նման վերաբերմունք ուղղակի չդրսևորվի՝ դատական նիստերին տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալներին անհարկի կամ ուշացումով ներկայացնելու առումով, որ զերծ մնան նման վարքագիծ դրսևորելուց»։
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 15։00-ին։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































