Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը.
Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքը պետք է պահպանի իր կարգավիճակը
Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքը պարզապես վարչական կամ անշարժ գույքի հերթական միավոր չէ։ Այն Արցախի Հանրապետության պետականության, արցախահայության իրավունքների և ինքնության պահպանման հետ առնչվող կարևոր խորհրդանշական ու պատմաքաղաքական նշանակություն ունեցող կառույց է։
Հաշվի առնելով դրա առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի կարգավիճակը որևէ պարագայում չպետք է փոխվի, վերացվի կամ վերաձևակերպվի այնպես, որը կարող է նսեմացնել կամ վերացնել դրա՝ որպես Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության պատմական և քաղաքական նշանակությունը։
Կարդացեք նաև
Արցախահայության բռնի տեղահանությունը և ստեղծված քաղաքական իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Արցախի պետականության և նրա ինստիտուտների հետ կապված խորհրդանշական ու պատմական արժեքների աստիճանական վերացման համար։ Ընդհակառակը՝ այս պայմաններում առավել կարևոր է պահպանել այն կառույցներն ու հաստատությունները, որոնք ներկայացնում են Արցախի ժողովրդի ինքնության, պատմության և իրավունքների շարունակականությունը։
Հատկապես անընդունելի կլինի որևէ որոշում, որի հետևանքով ներկայացուցչության շենքը կվերածվի սովորական վարչական, կոմերցիոն կամ այլ նշանակության տարածքի։ Նման փոփոխությունը ոչ միայն գույքային կամ վարչական որոշում կլինի, այլև կունենա հստակ քաղաքական և խորհրդանշական հետևանքներ՝ կապված Արցախի Հանրապետության ինստիտուցիոնալ հիշողության պահպանման հետ։
Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը չի սահմանափակվում միայն եկեղեցիների, վանքերի, հուշարձանների կամ պատմական շինությունների ֆիզիկական պահպանությամբ։ Մշակութային ժառանգության անբաժանելի մասն են նաև այն վայրերն ու կառույցները, որոնք կապված են ժողովրդի պետական, հասարակական և ազգային կյանքի պատմության հետ։
Այս համատեքստում Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքը պետք է դիտարկվի որպես Արցախի պատմական և պետական ժառանգության կարևոր բաղադրիչ, որի նշանակությունը պետք է պահպանվի նաև ապագայում։
Ուստի կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և հասարակական ու քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին՝
չկատարել և չնախաձեռնել որևէ գործողություն, որը կարող է փոխել, նվազեցնել կամ վերացնել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի ներկայիս կարգավիճակն ու նշանակությունը։
Անկախ քաղաքական զարգացումներից՝ այդ շենքի կարգավիճակը պետք է պահպանվի։ Որևէ պարագայում այն չպետք է վերածվի այլ նշանակության կառույցի կամ զրկվի Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ իր պատմական և խորհրդանշական կապից։
Արցախի պետական և մշակութային ժառանգության պահպանությունը ոչ միայն անցյալի նկատմամբ պատասխանատվություն է, այլև ապագա սերունդների իրավունքի պաշտպանություն՝ պահպանելու իրենց պատմական հիշողությունը, ինքնությունը և պետականության հետ կապված ժառանգությունը։
Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն


















































