Առողջարար սերմերի մասին խոսելիս սովորաբար առաջինը հիշում ենք չիայի սերմերը։ Սակայն կան այլ սերմեր էլ, որոնք սննդային արժեքով կարող են մրցել չիայի հետ, որոշ հարցերում էլ՝ գերազանցել դրանց։
Պսիլիումը (psyllium), որը ստացվում է Եզան լեզու օվալաձև (plantago ovata) բույսից, լուծվող բջջանյութով ավելի հարուստ է, քան չիայի սերմերը, և, լինելով մանրաթելերի հիանալի աղբյուր, կարող է ունենալ մի շարք առողջարար ազդեցություններ՝ օգնելով նվազեցնել խոլեսթերինի մակարդակը, նպաստել քաշի նվազեցմանը և բարելավել աղիների աշխատանքը։
Պսիլիումը աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց համար բժիշկների կողմից նշանակվող բջջանյութային հավելումների հիմնական բաղադրիչներից է։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) պսիլիումը դասակարգել է որպես «նուտրիցևտիկ» սննդամթերք, ինչը նշանակում է, որ այն հիմնական սննդային արժեքից բացի ունի առողջությանը նպաստող հատկություններ։
Սակայն պսիլիումը պետք է ճիշտ օգտագործել։ Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այս փոքր, բայց օգտակար սերմերի մասին։
Կարդացեք նաև
Պսիլիումի առողջարար հատկությունները
Պսիլիումը գրեթե ամբողջությամբ բաղկացած է լուծվող բջջանյութից, որը ջրում լուծվելիս ձևավորում է դոնդողին նմանվող նյութ։ Այս դոնդողանման նյութը գործում է որպես գլյուկոզի ներծծման «արգելք», երբ այն հասնում է բարակ աղիներ՝ դանդաղեցնելով ածխաջրերի և շաքարների քայքայման ու արյան մեջ ներծծման արագությունը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ պսիլիումի հավելումները կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել, այսպես կոչված, «վատ» խոլեսթերինը։
Պսիլիումը կապվում է լեղաթթուների հետ, որոնք այնուհետև հեռացվում են օրգանիզմից։ Դրանց վերականգնման համար լյարդը պետք է օգտագործի ավելի շատ խոլեսթերին։ Արդյունքում արյան մեջ խոլեսթերինի մակարդակը կարող է նվազել։
Կարո՞ղ է պսիլիումն օգնել նիհարել
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պսիլիումը կարող է օգտակար լինել նաև քաշի նվազեցման գործընթացում։
Ստամոքսում դոնդողանյութի ձևավորումը կարող է երկարձգել հագեցվածության զգացումը, ինչի շնորհիվ մարդը կարող է ավելի քիչ սնունդ օգտագործել։
Երբ լուծվող բջջանյութը հասնում է հաստ աղիք, այն կարող է օգնել ինչպես փորկապության, այնպես էլ փորլուծության դեպքում։
Փորկապության ժամանակ այն մեծացնում է կղանքի ծավալը, իսկ փորլուծության դեպքում՝ կլանում ավելորդ ջուրը։ Այս հավելումը բժիշկներն ըստ անհրաժեշտության խորհուրդ են տալիս Գրգռված աղու համախտանիշ ունեցող մարդկանց։
Ինչպե՞ս ներառել պսիլիումը սննդակարգում
Պսիլիումը վաճառվում է սերմերի, կեղևի կամ պարկուճների տեսքով։
Սերմերը կամ կեղևը կարելի է աղալ։ Դրանք ունեն թեթև ընկուզային համ։ Աղալու դեպքում մեծանում է այն մակերեսը, որը շփվում է ջրի հետ, և դոնդողանյութն ավելի արագ է ձևավորվում։
Սակայն անկախ նրանից՝ պսիլիումը սերմի, կեղևի, թե փոշու տեսքով եք օգտագործում, այն անհրաժեշտ է նախապես խառնել մոտ 240–350 մլ ջրի կամ այլ հեղուկի հետ։
Սա շատ կարևոր է, քանի որ հակառակ դեպքում պսիլիումը կարող է ներծծել հեղուկն աղիներում, ուռչել և առաջացնել խիտ զանգված, որը կարող է դժվարությամբ անցնել մարսողական համակարգով։ Խառնելուց հետո այն պետք է բավական արագ խմել, քանի որ մոտ հինգ րոպեի ընթացքում սկսում է զգալիորեն խտանալ։
Պսիլիումը կարելի է նաև խառնել յոգուրտի, վարսակի շիլայի հետ։
Եթե սննդակարգում բջջանյութը քիչ է
Պսիլիում օգտագործելիս հատկապես զգույշ պետք է լինեն այն մարդիկ, որոնց սննդակարգում սովորաբար բջջանյութը քիչ է։ Եթե ամեն օր գրեթե չեք օգտագործում բջջանյութ, ապա միանգամից մեծ քանակի անցնելը կարող է առաջացնել փքվածություն, որովայնի ցավ կամ կծկումներ։
Խորհուրդ է տրվում սկսել մոտ կես թեյի գդալից և աստիճանաբար ավելացնել քանակը։
Սննդաբանների առաջարկած առավելագույն քանակը օրական մոտ երկու ճաշի գդալն է, որը կարելի է բաժանել երեք սննդի ընդունումների միջև՝ յուրաքանչյուր անգամ մոտ երկու թեյի գդալ օգտագործելով։
Միաժամանակ անհրաժեշտ է ավելացնել հեղուկի օգտագործումը, որպեսզի բավարար քանակությամբ ջուր լինի լուծվող բջջանյութի ճիշտ լուծման և ուռչման համար։
Ե՞րբ է ավելի լավ օգտագործել պսիլիումը
Պսիլիումի օգտագործման ժամանակը կարող է կախված լինել այն նպատակից, որի համար այն օգտագործում եք։
Արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու կամ հագեցվածության զգացումը մեծացնելու, հնարավոր քաշի նվազեցմանը նպաստելու համար խորհուրդ է տրվում ընդունել սնվելուց անմիջապես առաջ։
Իսկ եթե նպատակը աղիների շարժունակության և աշխատանքի բարելավումն է, խորհուրդ է տրվում այն օգտագործել սնվելուց հետո։
Մարսողական համակարգի աշխատանքի կարգավորման համար պսիլիումն առավել արդյունավետ է, երբ օգտագործվում է կանոնավոր՝ ամեն օր։
Միաժամանակ, եթե մարդը չունի գրգռված աղու համախտանիշ և պարզապես երբեմն ունենում է փորկապություն կամ փորլուծություն, պսիլիումը կարելի է օգտագործել անհրաժեշտության դեպքում։
Արդյո՞ք պսիլիում պարունակող բջջանյութային հավելումները նույնքան արդյունավետ են
Պսիլիում պարունակող հաբերը սովորաբար պարունակում են հիմնականում ակտիվ բաղադրիչը։ Իսկ մրգային համով փաթեթավորված փոշիները հաճախ պարունակում են պսիլիումի փոշի՝ համային հավելումների և քաղցրացուցիչների հետ միասին, որպեսզի ջրի հետ խառնելիս ավելի հաճելի լինի օգտագործելը։
Սակայն այդ հավելյալ բաղադրիչների պատճառով որոշ նման արտադրանքներ կարող են դասվել ուլտրավերամշակված սննդամթերքների շարքին և, որոշ դեպքերում, հակասական ազդեցություն ունենալ աղիների առողջության վրա։
Եթե մարդը կարող է օգտագործել պսիլիում առանց արհեստական քաղցրացուցիչների և ներկանյութերի, դա նախընտրելի տարբերակ է։
Կարևոր է հիշել
Պսիլիումը կարող է օգտակար լինել աղիների աշխատանքի կարգավորման, հագեցվածության զգացման, արյան մեջ շաքարի և վատ խոլեսթերինի մակարդակի վերահսկման հարցում։ Սակայն դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն շատ հարուստ է լուծվող մանրաթելերով և պետք է ընդունվի բավարար քանակությամբ հեղուկի հետ։
Նոր սկսողների համար կարևոր է նաև քանակն աստիճանաբար ավելացնելը, քանի որ բջջանյութի կտրուկ ավելացումը կարող է առաջացնել փքվածություն և որովայնում անհարմարության զգացում։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ National Geographic




















































