ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ իրեն հեռու պահեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։ «Ոչ թե ինձ հեռու պահեցին, ես չառաջադրվեցի։ Չառաջադրվելու մասին նախօրոք բոլորիդ տեղյակ եմ պահել, թե որ պարագայում ես կառաջադրվեի։ Բնականաբար, քանի որ առաջադրման մեխանիզմները մի քիչ այլ էին, ես չառաջադրվեցի։ Եթե ես նվիրումով մասնակից դառնամ օրենսդրական դաշտի ստեղծմանը, կարծում եմ՝ շատ օգտակար գործ արած կլինեմ։ Խոսքը վերաբերում է պետաիրավական հանձնաժողովին»,- ասաց նա։
Անդրադառնալով իր մտերիմ Աշոտ Զաքարյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելուն եւ հարցին, որ դա հաջորդեց բանակում ինքնասպանության դեպքերին, Քոչարյանն ասաց․ «Դուք պետք է շատ ինֆորմացված լինեք, որ Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել ինքնասպանության բոլոր դեպքերի համար։ Ռազմական ոստիկանությունն ամեն ինչ արել է, որպեսզի բանակում ներքին կարգ ու կանոնը լինի պատշաճ մակարդակի։ Այդտեղ հաջողել են, հիմա ինքնասպանությունն այս դեպքում առնչվում է ընտանիքից մինչեւ զինվորականանության ամենաբարձր կարգավիճակ։ Քանի որ պարոն Զաքարյանի տարիքը լրանում էր, պետք է ժամկետը երկարացնեին, երեւի Պաշտպանության նախարարը գտավ նպատակահարմար թարմություն մտցնել։ Եթե մարդը տարիներ շարունակ լինում է պաշտոնի, պետք է մի քիչ էլ մեկ-մեկ քաշվի կողմ, որպեսզի նախ իր աշխատանքը գնահատեն, երկրորդը նաեւ ինքը յուրովի նայի՝ իր անցած ուղին ճի՞շտ էր, թե՝ չէ։ Աշոտ Զաքարյանն իմաստուն որոշում է կայացրել նաեւ իր համար, զեկուցագիրն ինքն է գրել»։
Անդարադառնալով ՌՈ նոր պետ Արամ Հովհաննիսյանին՝ Քոչարյանն ասաց․ «Արամ Հովհաննիսյանը՝ որպես ոստիկանապետ, շատ վճռորոշ պահերի կայացրել է շատ մեծ որոշումներ։ Այդ որոշումները թույլ չեն տվել, որպեսզի երկրի ներսում տեղի ունենան ցնցումներ։ Ինքն անցել էր թոշակի, հիմա առաջարկել են, որպեսզի ինքը ղեկավարի Ռազմական ոստիկանությունը»։
Ինչ վերաբերում է բանակում ինքնասպանությունների դեպքերի ավելացմանը՝ նա ասաց․ «Եթե 18 տարեկան զինվորը որոշում է իր կյանքին վերջ տալ, եթե դա կապված է իր ծառայության հետ, ուրեմն ծառայության բնույթը պետք է փոխել, նշանակում է՝ հրամանատարը տեղում չի եղել»։ Քոչարյանը նաեւ նշեց, որ բանակում ներքին օղակում հրամկազմի պակաս կա, այդ պակասն օր առաջ պետք է լրացնել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյությում.
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ բանակում կադրային փոփոխություններ պետք է լինեն, դա զգոն է պահում այն կադրերին, որոնք սկսում են թերանալ։
Քոչարյանը նաեւ ասաց, որ իր դիրքը ՔՊ-ում չի գահավիժել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































