Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Սարգիս Բարսեղյանին պատկանող «Ֆուդ Մաստեր» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան 27/2) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։
Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ֆուդ Մաստեր»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին


















































