ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ երեկվա նիստում ներկայացրեց իր գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը:
Հիմնական պահերից մեկը Հայ առաքելական եկեղեցու դեմ ՔՊ-ի առաջնորդի ոտնձգությունները շարունակելու մղումն ու դրան ինստիտուցիոնալիզացված փաթեթավորում տալն է: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի մղումներն ու դրսևորումները այլևս բարձրացված են «կառավարության ծրագրի» մակարդակ: Մի բան, որ ոչ միայն աբսուրդ է քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ազգի ու հինականում այդ ազգը ներկայացնող պետության պարագայում, այլև տիեզերական մասշտաբի խայտառակություն է և անջնջելի խարան:
Պարզ ասած՝ Փաշինյանը կառավարության ծրագիր է կազմել այն մասին, որ հեռացնի Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա ամենացինիկ և ուղիղ միջամտություն է Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը, Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության ինքնավար գործունեությանը: Հանգամանքներ, որ ուղղակիորեն խախտում են Հայաստանի Սահմանադրությունը: Չունի որևէ աշխարհիկ մարմին, թեկուզ տասնապատիկ վարչապետ կամ սուպերվարչապետ կոչվի, Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք: Անկախ այն բանից՝ նման անիրավության դիմողը քանի՞ սաղմոս անգիր կարտասանի, թե չի արտասանի:
Մի խոսքով, Եկեղեցին խանգարում է, ու այն պետք է քանդել:
Կարդացեք նաև
Այդ խորապատկերում, ի դեպ, «չորրորդ հանրապետության» մասին ազդարարումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «երրորդ հանրապետության» պատմաքաղաքական ժառանգության զրոյացում, ուրացում և թաղում: Այսինքն, ավիրման հետևողական շղթայի ևս մեկ օղակ:
Բայց…
«Երրորդ Հանրապետությունը» հռչակվել ու ազդարարվել է հենց Անկախության հռչակագրով, 1990 թվականի այս օրերին, ի դեպ: Իսկ «չորրո՞րդը»… 49 տոկոս ձայն ստացած Փաշինյանի ելույթով: Դրանք կամընտրական տարբեր երևույթներ են:
Պարզ է մեկ բան. առաջիկա օրերին ու շաբաթներին սպասվում են փաշինյանական իշխանության կողմից նոր հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իսկ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան նաև քաղաքական դաշտում այդ հարձակումներին դիմակայելու ավելի արդյունավետ տարբերակներ գտնել…
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































