Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գործի գոյությանը բացասական եմ վերաբերվում՝ եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, առավել եւս երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մասով. փաստաբան

Օգոստոս 26,2026 20:20 Share

Նախօրեին ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։ Ժամը 20։30-ին կքննվի կալանավորելու միջնորդությունը։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ տպավորություն ունի, թե ցանկանում են նախագահին ամեն գնով տանել կալանքի։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

«Նյութերը նոր ենք ստացել, չենք հասցրել ծանոթանալ»,- ասաց փաստաբանը։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ պաշտպանն ասաց, որ նախագահը շուրջ 2 շաբաթ առաջ վիրահատություն էր տարել, եւ առողջական վիճակի որոշակի սրացում կար, դրա համար էլ հիվանդանոցում էր, իսկ հիվանդանոցից հակակոռուպցիոն դատարան տեղափոխելու պահին Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չունի։ «Միայն կարող եմ ասել, որ դատական նիստը տեղի չի ունեցել, որովհետեւ բժշկական ցուցում է եղել, որ չի կարող տեղափոխվել, քանի որ կարող է վիճակի սրացում լինել։ Վիրահատությունը ենթադրում է, որ մեկ ամիս ռիսկային գոտում է անձը եւ եւս 3 ամիս պետք է հսկողության տակ լինի»,- նշեց Արամ Օրբելյանը։

«Ընդհանրապես այս գործի գոյությանը բացասական եմ վերաբերվում՝ եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, առավել եւս երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մասով»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց նա։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել