Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջակետ՝ «Ֆոտոլուրի» հեղինակային իրավունքների պաշտպանության գործով

Օգոստոս 28,2026 13:18 Share

«Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Վճռաբեկ դատարանը վերջնական որոշում է կայացրել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության օգտին։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը մերժել է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը՝ այդպիսով ուժի մեջ թողնելով «Ֆոտոլուրի» հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը։ Որոշումը կայացվել է 2026 թվականի մարտի 25-ին և վերջնական է՝ ենթակա չէ բողոքարկման։

Այս դատական գործընթացը սկսվել էր այն բանից հետո, երբ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն օգտագործել էր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության հեղինակային իրավունքով պաշտպանված լուսանկարները։ «Ֆոտոլուրը» դատարանից պահանջել էր դադարեցնել լուսանկարների արտատպումը, տարածումն ու ցանկացած այլ օգտագործումը, ինչպես նաև փոխհատուցել հեղինակային իրավունքի խախտման հետևանքով առաջացած վնասը։

2024 թվականի դեկտեմբերի 16-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Ֆոտոլուրի» հիմնական պահանջները՝ պարտավորեցնելով պատասխանողին դադարեցնել լուսանկարների արտատպումը, տարածումն ու օգտագործումը և «Ֆոտոլուրի» օգտին բռնագանձելով 2.4 միլիոն դրամ՝ որպես հոնորարի կրկնապատիկ։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին այդ վճիռը անփոփոխ էր թողել նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանը։

«Սկիզբ մեդիա կենտրոնը» փորձել էր վիճարկել Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում՝ պնդելով, մասնավորապես, որ ստորադաս դատարանը պատշաճ կերպով չի գնահատել ներկայացված ապացույցները և թույլ է տվել նյութական ու դատավարական իրավունքի խախտումներ։ Սակայն Վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված փաստարկները բավարար չեն նման խախտում արձանագրելու համար և մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։

«Ֆոտոլուրի» համար այս որոշումը պարզապես մեկ դատական գործընթացի ավարտ չէ։ Այն ևս մեկ անգամ ընդգծում է, որ լրագրողական լուսանկարը ստեղծագործական աշխատանք է, որի օգտագործումը չի կարող կատարվել հեղինակային իրավունքի նորմերի շրջանցմամբ։

Տարիներ շարունակ «Ֆոտոլուրը» հետևողականորեն պաշտպանում է իր լուսանկարների հեղինակային և գույքային իրավունքները՝ նպատակ ունենալով ձևավորել այնպիսի մեդիա միջավայր, որտեղ ստեղծագործական աշխատանքը հարգվում է, իսկ դրա օգտագործումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով։

Վճռաբեկ դատարանի այս որոշմամբ տվյալ դատական գործընթացում դրվում է վերջակետ։ Իսկ «Ֆոտոլուրը» շարունակելու է պաշտպանել իր հեղինակների և գործակալության իրավունքները՝ օրենքով նախատեսված բոլոր միջոցներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել