«Լավ, ասում եմ՝ սրանց գիտեմ՝ ոնց են աշխատել, ոնց են բարձրաձայնել, Արցախի հարցի ինչպիսի պաշտպաններ են եղել, ցեղասպանության ճանաչումը ոնց են առաջ մղել, որտեղ են եղել, ոնց են պայքարել, ոնց են հայհոյել այսօրվա իշխանություններին: Նրանք այսօր փոխնախարարներ են, դեսպաններ են»,- այսօր «Հայաստան 2026. իրավունքի վախճանը». «Հայկական օրակարգ» նախաձեռնության կազմակերպած պանելային քննարկման ժամանակ իր նախկին գործընկերներին անդրադառնալով՝ ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
«Մենք տեսել ենք ձեր աշխատանքը, ձեր քրտինքը, նվիրումը, բարձր գաղափարներին նվիրումը։ Այդ խղճի հետ խնդիր չունե՞ք։ Բացատրություն, որ տալիս են՝ «դիվանագետ ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում», ղալաթ եք անում․ ուղնուծուծով քաղաքականությամբ եք զբաղվում»,- այս իշխանությունների օրոք էլ պետական համակարգում իրենց աշխատանքը շարունակող իր նախկին գործընկերների մասին շարունակեց այսպես արտահայտվել Մելիքյանը:
Նրա դիտարկմամբ՝ վարչախումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, չի հաղթել հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում․ «Նիկոլը չի հաղթել, ընդդիմությունը չի պարտվել։ Սա է այն, ինչ ունենք։ Ինքը չի հաղթել այդ ընտրություններում: Ինքը նշաձող է սահմանել, ինքը շատ հեռու է կանգնած այդ նշաձողից։ Սա տալիս է հասարակական լայն շերտերի հետ աշխատանքի հնարավորություն: Սա համառ աշխատանք է ուզում»։
Ըստ Մելիքյանի՝ առաջին հայացքից իրենից ոչինչ չներկայացնող ՀՀ-ն դարձել է աշխարհաքաղաքական լրջագույն կենտրոն, իսկ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է որոշակի կարգ: Ըստ նրա, երբ այդ կարգը հարմարեցվում է քեզ, ու դու ընդունում ես ու քեզ հրամցնում որպես գործիք՝ ասելով՝ «Ինձ վերցրեք, աշխատացրեք, ես մեկ պայման ունեմ։ Այդ պայմանը, սակայն, իմ երկրի փրկությունը չէ, այլ իմ փրկությունն ու իմ իշխանության մնալը։ Դա ամենահեշտ բանն է քեզ օգտագործողների ձեռքում։ Բայց երբ դրվում է այն հարցը, որ ունես մեկ պայման՝ իմ երկիրը պետք է փրկվի, և ունես նաև այլ խնդիրներ՝ օրինակ Արցախ, Սփյուռքի հետ կապված հարցեր և այլն, դու բարդացնում ես այդ մարդկանց վիճակը։
Կարդացեք նաև
Իսկ իրենք ժամանակ չունեն․ պետք է արագ քեզ կլանեն որպես գործիք, կետ առ կետ դնեն քո առաջ՝ ինչ պետք է անես, որպեսզի կարողանան քո ցանկությանը հագուրդ տալ։
Այնտեղ, իհարկե, չի ասվում՝ «պիտի գնաս Սամվել Կարապետյանին, Քոչարյանին ձերբակալես»։ Դրվում են կոնկրետ քայլեր, որոնք դու պետք է անես, որպեսզի իրենք կարողանան քո ցանկությանը հագուրդ տալ»։
Ստեղծված իրավիճակի լուծումը ըստ Մելիքյանի՝ չտրվել թակարդային քաղաքականությանը, որի գլխավոր դերակատարը, սցենարիստը, ռեժիսորը, օպերատորը մի մարդ է. «Մի մարդու թատրոն է»։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտին հարկավոր է շատ արագ համակարգման հարթակ, որն անդադար կարողանա սնուցել այն հիմնականն ու կարևորը, որոնք տանելու են գործընթացն առաջ։
«Սնելը նոր օրակարգ է, Նիկոլի օրակարգի հետ որևէ աղերս չունի։ Սլաքը պետք է փոխվի, խոսույթը պետք է փոխվի արմատապես»,- հավելեց Մելիքյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































