Գրեթե մեկ շաբաթ է անցել, ինչ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե Հայաստանը պատրաստվում է մոտ ապագայում ներկայացնել ԵՄ անդամակցության հայտը։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի նշել կոնկրետ ժամկետ, սակայն հայտը ներկայացնելու մոտալուտ հեռանկարը ազդարարել է հստակ։
Իսկ ո՞վ պետք է առաջինը ողջուներ այդ հայտարարությունը։ Տրամաբանությունը հուշում է, որ առաջինը ողջունողների շարքում պետք է լիներ հենց Եվրամիությունը։ Սակայն, ԵՄ-ն տարօրինակ կերպով լուռ է։ Իհարկե, եղել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամերտի արձագանքը, որն ասել է, թե ՀՀ-ն առավել քան երբեւէ մոտ է Եվրամիությանը։ Բայց, Լամերտի արձագանքը ոչ թե «խախտում», այլ թերեւս առավել ընդգծում է ԵՄ լռությունը՝ առնվազն քաղաքական լռությունը։
Որովհետեւ, եթե ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հեռանկարն ազդարարում է Հայաստանի թիվ մեկ քաղաքական պաշտոնյան, իսկ դրան ԵՄ-ն արձագանքում է ընդամենը Եվրահանձնաժողովի խոսնակի կամ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով, ապա դա քաղաքական լռություն է, ոչ թե արձագանք։ Բայց, իրական քաղաքականության տրամաբանության համատեքստում այդ լռությունը զարմանալի չէ ամենեւին։
Չնայած ճառասացության մակարդակում հայ–եվրոպական աննախադեպ ջերմությանը, Եվրամիությունը Հայաստանից ակնկալում է ոչ թե անդամակցության հայտ, այլ հնարավորինս արագ համաձայնություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվրամիությունը հավակնում է լինել ոչ թե Հայաստանի ընտանիք, այլ լինել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի «կովկասյան ընտանիքի» միջնորդ-խնամախոս, դրանից բխող աշխարհաքաղաքական դիվիդենդներով։
Կարդացեք նաև
Այս պարզ բանը պատկերացնելու համար անհրաժեշտ է ընդամենը ուշադիր լսել, թե ինչ հայտարարություններ են անում ԵՄ ոչ թե խոսնակները, այլ արդեն բարձրաստիճան քաղաքական դեմքերը։ Հետեւաբար, անդամակցության հայտի մասին Հայաստանի բարձր մակարդակով հայտարարություններից հետո նրանց դեմքի արտահայտությունը թերեւս այնպիսին է, ինչպիսին կլիներ խնամախոսի դեմքի արտահայտությունը, երբ աղջիկն, օրինակ, ընտրեր ոչ թե փեսային, այլ՝ սեթեւեթեր հենց խնամախոսի հետ։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ


















































