Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

«Վաղն էլ Թուրքիան գալու է ասի՝ խաղաղություն ես ուզում, Բաթումի պայմանագիրը մեջտեղ բերենք․սրան վերջ չկա»

Օգոստոս 31,2026 14:00 Share

«Առավոտի» հարցերին պատասխանել է պատմաբան, Ոսկեպարի բնակիչ Նվեր Բեգլարյանը։

Պարոն Բեգլարյան, Նիկոլ Փաշինյանը նախկինում ասում էր, որ այսպես կոչված՝ «անկալվների» համար իրավական հիմքեր չկան, իսկ այսօր արդեն ասում է, թե «անկլավները ՀՀ տարածք չեն»։ Որպես իրավական հիմք նշում է ԱլմաԱթայի հռչակագիրն ու հղում է անում ԽՍՀՄ 1970-ական թվականների քարտեզներին։ Ի՞նչ իրավական հիմքեր կան այդ տարածքներն անվանելու, այսպես կոչված՝ «ադրբեջանական տարածքներ»։

-Ադրբեջանի համար ի՞նչ իրավական հիմքեր։ Որ տարածքներն իրեն են տվել ԽՍՀՄ տարիներին, դրանք իրենն է համարում, ի՞նչ իրավական հիմքեր։ Բայց Ալմա-Աթայի հռչակագրի հետ դա ոչ մի կապ չունի։ Ալմա-Աթան ընդամենը հռչակագիր է, ոչ քարտեզ է եղել, ոչ բան։ Սա սուտ աչքակապություն է, պատմության ֆրասիֆիկացիա։ Ասում են՝ «անկլավները տալիս է», ո՞նց կարող է չտալ, չէ՞ որ կախում ունի Ադրբեջանի բարեհաճությունից։

Այդ տարածքները բնիկ հայկական տարածքներ են, ինչպե՞ս են ԽՍՀՄ տարիներին տվել Ադրբեջանին։

-Ո՞նց են տվել Ադրբեջանին՝ մերոնք դրանց մի քանի անգամ քշել են մեր տարածքներից, ռուսը եկել է, նրանց հետ է բերել։ Այսինքն՝ ռուսական կայսրություն է եղել, եկել են մեր տարածքներում գյուղ են հիմնել ու շատացել։ Այո, դրանք լրիվ հայկական տարածքներ են եղել։ Հենց կոնկրետ Վերին Ոսկեպար գյուղի մեջտեղում հայկական դիտակետային աշտարակ կա, միջնադարյան հայկական ժառանգություն կա՝ միջնադարյան բաղնիք, կամուրջներ։ Վերեւում բերդագյուղ է եղել՝ իշխանանիստ կենտրոն, ճանապարհն անցնելու համար Ոսկեպար գետի վրա դիտակետային աշտարակ են կառուցել, 7-8 միջնադարյան կամուրջ է եղել Ոսկեպար գետի վրա։ Դա քաղաք է եղել, ես վստահ եմ։ Այսինքն՝ դա թուրքերի հետ կապ չունեցող տարածք է, ուղղակի թուրքերը եկել են, ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ այդտեղ են բույն դրել։

Ներկայացնում է, թե դա «կթուլացնի լարվածությունը, կամրապնդի խաղաղությունը»։ Կա՞ նման հնարավորություն, որ թշնամուն տարածք զիջես, եւ լարվածությունը թուլանա կամ խաղաղություն լինի։

-Ի՞նչ խաղաղություն, ցույց տվեք, տեսնենք՝ այդ որ խաղաղությունն է, որտե՞ղ է, որ չենք տեսնում։ Եթե խաղաղություն է, ինչո՞ւ Ադրբեջանը մեր տարածքները չի վերադարձնում։ Տարածքները վերցրել է, բա մեր տարածքները ինչո՞ւ չի տվել։ Եթե խաղաղություն է, ինչո՞ւ Նախիջեւանով երկաթգիծը չի բացում։ Ի՞նչ խաղաղություն է, «արեւտմյան Ադրբեջան» խոսույթն այդ խաղաղության աղավնի՞ն է։

Տավուշում մարդկանց մոտ ինչ տրամադրություններ են այս հայտարարություններից հետո, եթե «անկլավները» հանձնելու որոշում լինի, դիմադրություն կլինի՞։

-Իհարկե, ժողովուրդը դեմ է, բայց պայքարելու ուժը ջլատված է։ Ինձ թվում է՝ այս պահին ոչ մի կենտրոնի ձեռնտու չէ, որ հայերին այդ հարցով սատարեն։

Ի՞նչ լուծում եք տեսնում այս հարցում։

-Լուծում չկա սրան, պահանջները շարունակական են լինելու։ Վաղն էլ Թուրքիան գալու է ասի՝ խաղաղություն ես ուզում, Բաթումի պայմանագիրը մեջտեղ բերենք, հարցը լուծենք։ Ես դա եմ տեսնում, որովհետեւ իրենք Հայաստանի սահմանները չեն ճանաչել։ Եթե մինչեւ հիմա Հայաստանի տարածքները նրանց կողմից չեն ճանաչվել, մեր տարածքին «միջանցք» են ասում, ի՞նչ խաղաղություն, ի՞նչ ապագա։ Ռուս-թուրքական ծրագիր է սա՝ Լենին-Աթաթուրքից եկած, որն այսօր էլ շարունակվում է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել