Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Էլ տնօրեն չեմ, բայց 5 ժամ դաս ունեմ, դասավանդելու եմ, որովհետև 1997 թվականից աշխատել եմ այդ դպրոցում և այդ դպրոցի արմատում եմ. Ռուզաննա Երեմյան

Օգոստոս 31,2026 17:03 Share

«Սուտ է այդ տեղեկությունը, իմ որդին այստեղ է, սովորում և աշխատում է Հայաստանի Հանրապետությունում»,- Aravot.am-ին փոխանցեց Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի նախկին տնօրեն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը (լուսանկարում)՝ հերքելով տարածված լուրը, թե որդին տեղափոխվել է Թուրքիա, այնտեղ աշխատում է ոսկերչության ոլորտում՝ համագործակցելով թուրք գործարարների և ոսկերիչների հետ։ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ դատական հայց է ներկայացրել իր ընտանիքի վերաբերյալ նման տեղեկություններ տարածած լրատվականներից մեկի դեմ, թե ում՝ չմանրամասնեց:

Ինչ վերաբերում է ամուսնուն՝ Արմեն Սարգսյանին, որն իր ղեկավարած դպրոցում է աշխատում և, ըստ որոշ լուրերի, երեխաների վրա նկարչության թղթեր է վաճառում, ու իր կողմից նշանակված և հովանավորվող փոխտնօրեն Խորենյանին, որին, ըստ ծնողների, «դրամահավաքի թագուհի» են անվանում, այս մասին էլ ասաց. «Այո, ամուսինս աշխատում է 2001 թվականից, եթե ես տնօրեն եմ եղել, չպե՞տք է աշխատի… Ինչ վերաբերում է Խորենյանին, նա մեր երկարամյա դասվարն է, որի հետ կապված սուտ են տարածել, մարդն անբասիր վարք ունի, չի կարելի այդպես վարվել ուսուցչի հետ: Մեր դպրոցում որոշումները կայացվում են կոլեգիալ, կոլեկտիվն է ընտրել, ունեցել ենք մանկավարժական խորհրդի նիստ: Ջերմ մթնոլորտ է տիրում: Այս պահին ես տնօրեն չեմ աշխատում, բայց 5 ժամ դաս ունեմ, դասավանդելու եմ, որովհետև 1997 թվականից աշխատել եմ այդ դպրոցում և այդ դպրոցի արմատում եմ»:

Aravot.am-ի հարցին՝ իշխանական պատգամավոր լինելը արդյոք լծակ չէ՞ դպրոցում աշխատելու ժամանակ որոշումների վրա ազդելու առումով, Ռուզաննա Երեմյանն այսպես արձագանքեց. «Եթե ես աշխատել եմ տնօրեն, երբևէ այդ դպրոցում քաղաքական խոսակցություն չի եղել, հիմա եթե առավոտյան պետք է մտնեմ մեկ ժամ դաս պարապեմ ու գնամ իմ գործով, իսկ ԱԺ-ում իմ զբաղվածությունը շատ ծանր է, ինչպե՞ս եք պատկերացնում, ժամանակ կունենա՞մ ինչ-որ հարցերով զբաղվելու»:

Նա չմեկնաբանեց նաև ուսուցիչներից Բարսեղյանի հեռացումը, ընդամենն ասաց, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն, հետևաբար, նպատակահարմար չի գտնում մարդու անձնական որոշումը մեկնաբանելը:

Մեր հարցին, երբ ՔՊ-ն եկավ իշխանության և կրթության նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը, հայտարարեց, որ կրթության ոլորտում պետք է լինի զրո քաղաքականություն, մինչդեռ պատկերն այլ է, իր կարծիքով՝ այսօր կրթական հաստատություններում իսկապե՞ս զրո քաղաքականությո՞ւն է, Ռուզաննա Երեմյանն այսպես պատասխանեց. «Իմ ղեկավարած դպրոցում երբեք չի եղել քաղաքականություն, ասել եմ, որ այդ դպրոցում կա միայն կրթական քաղաքականություն»:

Եվ սա այն դեպքում, երբ տնօրեն եղած ժամանակ տիկին Երեմյանը քաղաքական թեմաներով գրառումներ էր անում: Նա նաև Վեհափառ հայրապետի վերաբերյալ գրառում էր արել և հարցազրույցում ասել, թե որպես մանկավարժ պարտավոր է ունենալ դիրքորոշում, և այդպիսով վերահաստատել է իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին:

Նաև ասաց, որ տասնյակներով, հարյուրներով, հազարներով հակառակ կարծիքը կա, որ քաղաքականացված չէ կրթական համակարգը. «Դուք քանի տնօրեն եք տեսնում, որ փոխվել է Հայաստանի Հանրապետությունում»: ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ կան բազմաթիվ տնօրեններ, որոնք նախկինում էլ են տնօրեն եղել: Նրա խոսքով, նույնիսկ ժամանակին ընտրակեղծարարության մեջ մեղադրվող տնօրենների մեծ մասը շարունակում է պաշտոնավարել, ով էլ չի պաշտոնավարում, թոշակի է անցել. «Կոլեկտիվներ կան, որտեղ շատ են ընդդիմադիրները, միայն մեկ հոգի է ՔՊ-ից»:

Հետաքրքրվեցինք՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, որը դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, հնարավո՞ր է իբրև փոխնախարար վերադառնա, իրենց կուսակցությունում այդ հարցն արդյոք քննարկվե՞լ է: «Ես տեղեկացված չեմ այդ թեմայով, գիտեմ, որ տիկին Խաչատրյանը, ում շատ սիրում, հարգում եմ, դիմում է ներկայացրել, իսկ իր հետագա աշխատանքի հետ կապված ոչնչից տեղեկացված չեմ: Մեր խմբակցությունն էլ չի քննարկում նման հարցեր, գործադիրի աշխատանքին չենք խառնվում»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31