«Սեպտեմբերի 2-ը պիտի արժեւորենք, որովհետեւ մեր երկարատեւ պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն է՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների եւ արժանապատվության, պետականության գիտակցումի օր էր։ Սեպտեմբերի 2-ին արցախահայությունը որոշեց տեր կանգնել իր իրավունքներին, իր քաղաքական հեռանկարին եւ այդ օրվա ներկային»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ մեր պատմության ամենահիշարժան օրերից մեկը, ցավոք սրտի, այսօր մթագնված է օրվա իշխանության վարած քաղաքականության հետեւանքով։ «Հակառակ օրվա իշխանությունների ուրացման, դավաճանական քաղաքականության, որեւէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել Արցախյան էջը։ Եվ մեր այսօրվա ներկայությունը նաեւ այն մասին է, որ մեր պատմության այդ էջը փակված չենք կարող համարել, մենք չենք կարող ցեղասպանության, ագրեսիայի կամ պատերազմի արդյունքում հաստատված դե ֆակտո իրականության հետ հաշտ լինել, որովհետեւ բոլորս պետք է պայքարենք վերադարձի իրավունքի համար, որը միջազգայնորեն ընդունված եւ ամրագրված իրավունք է։ Ցեղասպանությամբ խաղաղություն չի հաստատվում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լիլիթ Գալստյանն ասաց, որ նախ այսօր Բաքվում գտնվող հայ գերիները պետք է վերադառնան Հայաստան, երբեք չպետք է մոռանանք այդ խնդիրը։ Երկրորդ հարցն արցախահայության իրավունքների եւ իրենց պատմական հայրենիք վերադարձի ապահովման հարցն է։ Նա նշեց, որ պետք է վերագտնել մեր ազգային միասնությունը, որն այսօր դիտավորյալ է ջախջախվում։ Պետք է ունենալ քաղաքական կամք ու հետեւողականություն, տեր կանգնել մեր անանցանելի իրավունքներին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































