«Հրապարակը» զրուցել է Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղբալյանի հետ:
– Հայաստանի իշխանությունները որեւէ խոսք չասացին Անկախության օրվա առիթով` ո՛չ հիշատակի խոսք, ո՛չ շնորհավորանք, ո՛չ ցավակցություն ու ափսոսանք: Անգամ արցախցիների հիմնարար իրավունքների եւ հայ ռազմագերիների մասին են իշխանավորները վախենում խոսել: Ձեր կարծիքով` ո՞րն է սրա պատճառը: Ինչի՞ց են այսքան վախենում նրանք:
– Այս մարդիկ անգամ Արցախի անունն են բացառում եւ ամենուր արգելում են խոսել Արցախի մասին, դասագրքերից են հանում Արցախի պատմությունը, ասում են, որ Արցախը խաղաղության հետ անհամատեղելի է: Նման մարդկանցից ի՞նչ կարող ենք այսօր սպասել: Փաշինյանի իշխանության օրակարգում չկա արցախցիների հարց, չկա Արցախի հարց, եւ, բնականաբար, մեր վերադարձի թեման իշխանության օրակարգում չկա եւ չի կարող լինել: Նրանք քանիցս հայտարարել են, որ իրենց համար Արցախի հարցը փակված է, հետեւաբար՝ իրենց վարքագիծը պետք է բխի իրենց այդ հայտարարություններից:
– Արցախյան առաջին պատերազմի հերոսների մի մասը Բաքվի բանտերում է, մի մասը` Հայաստանի: Սա զուգադիպությո՞ւն է:
Կարդացեք նաև
– Այդ երկուսը փոխկապակցված են: Ազգային ազատագրական պայքարում մեծ վաստակ ունեցած քաղաքական գործիչների ձերբակալությունները, կալանավորումները Ադրբեջանում եւ Հայաստանում փոխկապակցված են: Բոլոր նվիրյալները, ովքեր իրենց ամբողջ գործունեությամբ ծառայել են հայրենիքին, նրանք, ովքեր մեծ ներդրում են ունեցել անկախության ձեռքբերման, հայրենիքի հզորացման գործում, այժմ ճաղերի ետեւում են հայտնվել: Այստեղ արդեն կարեւոր չէ, թե ով է նրանց կալանավորողը, կարեւորն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այդ հարցում ունեն նույն դիրքորոշումն ու նպատակը եւ առաջնորդվում են նույն քայլերով: Սա շատ ցավալի իրողություն է, ես այն համարում եմ մեծագույն հարված մեր արժանապատվությանը: Մեր նվիրյալները բանտերում են եւ չունեն ժողովրդին առաջնորդելու հնարավորություն, հակառակ պարագայում մենք այս վիճակում չէինք հայտնվի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































