Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր ծեծի գործը հետաքննության փուլում է, բայց մեղադրյալներ չկան։
Նա կարծիք հայտնեց, որ գործը ծածկադմփոց կանեն, քանի որ մեղադրյալները լինելու են իշխանական ներկայացուցիչներ։ «Պարզ է, որ ինչ-որ մի ձեւ կհետաձգեն, կձգձգեն ու կփակեն գործը։ Իրենք սադրել էին, շիշ էին շպրտել։ Ի՞նչ ձեւ է դա՝ շիշ շպրտում են, որ հանդարտեցնե՞ն։ Կարող է ձեռքին երկաթյա մեծ դանակ էր, պետք է դա շպրտե՞ր մեր վրա։ Աֆղանստանում չենք, որ ավտոմատներով գան ավագանու նիստին։ Իրենց կողմից դա արդեն իսկ սադրանք է, որ մեզ հանեն հունից, որպեսզի մենք մտնենք իրենց հետ կռվի մեջ»,- ասաց նա։
Սարգիս Տեր-Եսայանը նշեց, որ դատաբժշկական քննություն է անցել, կոտրվածք ունի քթի հատվածում։ «Ինձ տուժող են ճանաչել, բայց մնացածի մասին տեղյակ չեմ»,- հավելեց նա։
Հարցին, թե ո՞ւմ է մեղադրում ստեղծված իրավիճակի համար, նա պատասխանեց․ «Քաղաքային իշխանությանը, այսինքն՝ իշխանությունը պատրաստ է այս սադրանքներին։ Սա կրկնվում է, եւ սա նախադեպային չլինելու համար մեղավորները պետք է պատժվեն։ Բայց մենք տեսանք, որ մեղավորները, նաեւ ծեծկռտուքի մասնակիցները ոչ մեկը չպատժվեցին, անգամ չստացան նկատողություն։ Անգամ իրենց աշխատանքից պետք է հեռացնեին, բայց մի բան էլ խրախուսանք ստացան, ամառային պարգեւավճար՝ բոլոր վարչության պետերից սկսած, այդ մասնակիցներից վերջացրած»։
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելեց․ «Այս ամենը՝ «Մայր Հայաստան»-ի հանդեպ այս ոտնձգությունը կապ ունի նաեւ մեր կուսակցության ղեկավարի՝ Անդրանիկ Թեւանյանի կալանավորման հետ։ Փորձում են մեզ ճնշել»։
Անդրադառնալով ավագանու այսօրվա նիստում Երեւանի երթեւեկության խնդիրների քննարկմանը, որի առանցքում Երեւանի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելն է, Սարգիս Տեր-Եսայանն ասաց․ «Կենտրոն փակելը մի քիչ անհավանական է, քանի որ բոլոր այդ պետական կառույցների աշխատողները ո՞նց են գալու աշխատանքի։ Գալու են Արաբկիրում կանգնեն, այնտեղից ման գալո՞վ գան։ Տրանսպորտով էլ անհնար կլինի, նորից խցանումներ կլինեն։ Իրենք պետք է իրենց կառավարման բոլոր օջախները հանեն Երեւանի կենտրոնից, տեղափոխեն մեկ այլ քաղաք գոնե, որ նոր կարողանան ինչ-որ մի ձեւի լուծում գտնել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































