Ֆրանսիայի Կանն քաղաքում ավարտվեց Խուզարկուների միջազգային ասոցիացիայի 101-րդ կոնֆերանսը։ Սեպտեմբերի 1-6-ը Կանն քաղաքում տեղի ունեցավ խուզարկուական ոլորտի տարվա գլխավոր իրադարձությունը՝ Միջազգային 101-րդ կոնֆերանսը։ Հայաստանը կոնֆերանսում արժանապատվորեն ներկայացնում էր Հայաստանի Մասնավոր Դետեկտիվների Ասոցիացիայի նախագահ, Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի /World association of Detectives/ դեսպան Հայկ Գաբրիելյանը։ Ներկայացնում ենք մեր հեռավար զրույցը։
– Պարոն Գաբրիելյան, ներկայացրեք, ինչ տեղի ունեցավ Կաննում։
– Ամբողջ մեկ շաբաթ Կաննի բոհեմական շունչը, Լազուր ափի ռոմանտիկան ու հարուստ մշակութային առօրյան միահյուսվել էին խուզարկուական աշխարհի յուրահատուկ էներգետիկային։ 6 օր շարունակ աշխարհի լավագույն մասնավոր խուզարկուները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ստեղծելով փորձի փոխանակման, բովանդակալից քննարկումների և նոր գործընկերային հորիզոնների բացահայտման բացառիկ միջավայր: Հայաստանը կոնֆերանսում արժանապատվորեն ներկայացնում էր Հայաստանի Մասնավոր Դետեկտիվների Ասոցիացիան, հանձին ինձ՝ նախագահ, համաշխարհային ասոցիացիայի դեսպան Հայկ Գաբրիելյանի։
Կարդացեք նաև
– Տեղի ունեցան ընտրություններ, ինչ ընտրություններ էին։ Դուք նույնպես նորընտիր նախագահի առաջարկությամբ և խորհրդի որոշմամբ ընտրվեցիք Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար (Regional Governor and Co-Chair of Europe):
– Համաժողովի շրջանակներում կայացան կարևոր կառուցվածքային ու ղեկավար ընտրություններ. ասոցիացիայի նախագահ ընտրվեց առաջին փոխնախագահ Խուան Ջիրալդոն։ Բացի այդ, Հայաստանն ընդգրկվեց ասոցիացիայի 2029 թվականին անցկացվելիք 104-րդ կոնֆերանսի հյուրընկալման թեկնածու երկրների շարքում:
– Ինչպե՞ս կգնահատեք Կաննում կայացած 101-րդ կոնֆերանսի ընդհանուր մթնոլորտն ու արդյունքները։
- Կոնֆերանսն իսկապես աննախադեպ էր թե՛ մասնակիցների աշխարհագրությամբ, թե՛ քննարկումների բովանդակությամբ: Ավելի քան 80 երկրից ժամանած 200 մասնագետների մասնակցությունը ցույց է տալիս, թե որքան արագ է զարգանում մեր ոլորտը և որքան կարևոր է միջազգային համագործակցությունը:
-Ի՞նչ կտա Ձեր նոր կարգավիճակը Հայաստանին, անձամբ Ձեզ։
- Նախ շնորհավորում եմ պարոն Ջիրալդոյին նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նրա առաջարկով և խորհրդի որոշմամբ ինձ վստահված Regional Governor and Co-Chair of Europe պաշտոնը մեծ պատիվ է, բայց միևնույն ժամանակ՝ հսկայական պատասխանատվություն: Սա առաջին հերթին Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի տարիների աշխատանքի միջազգային ճանաչումն է։ Այս դիրքը հնարավորություն է տալու ոչ միայն ամրապնդել եվրոպական տարածաշրջանի երկրների միջև մասնագիտական կապերը, այլև Հայաստանը դարձնել ոլորտային քննարկումների ու նախագծերի կարևոր կենտրոններից մեկը։
– Հայաստանը դիտարկվում է որպես 2029թ. 104-րդ կոնֆերանսի կազմակերպիչ երկրի թեկնածու։ Որքանո՞վ է իրատեսական նման մասշտաբային իրադարձության անցկացումը մեր երկրում։
– Սա մեր թիմի համար հերթական մեծ վստահության գրավականն է։ Այն, որ Հայաստանը ներառվել է 2029թ.104-րդ համաշխարհային կոնֆերանսի թեկնածու երկրների ցանկում, արդեն իսկ լուրջ ազդակ է միջազգային հանրության կողմից։ Եթե վերջնական որոշումը կայացվի Հայաստանի օգտին, սա աննախադեպ իրադարձություն կլինի ողջ տարածաշրջանի համար՝ մեր երկիր բերելով աշխարհի առաջատար դետեկտիվներին, փորձագետներին ու անվտանգության ոլորտի մասնագետներին:
– Որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթ քայլերը նոր պաշտոնում։
- Հիմնական շեշտը դնելու ենք փորձի փոխանակման, թվային դարաշրջանում խուզարկուական նոր տեխնոլոգիաների ներդրման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման վրա։ Մեր նպատակն է ստեղծել էլ ավելի ամուր ցանց, որը թույլ կտա եվրոպական երկրների գործընկերների հետ համատեղ արագ և արդյունավետ լուծումներ տալ ցանկացած բարդության խնդիրների:
Զրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
09.09.2026






















































